
Լեյլա Յունուսը չի հավատում, որ Ռաուֆ Միրկադիրովին թույլատրվել է մասնակցել հոր հուղարկավորությանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը կեղծիք է համարում Գլխավոր դատախազության տարածած այն տեղեկատվությունը, որ կալանքի տակ գտնվող լրագրող ու քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովին թույլատրվել է մասնակցել հոր հուղարկավորությանը:
Յունուսը կարծում է, որ դրանով իսկ Գլխավոր դատախազությունը ձգտում է կանխել Միրկադիրովին ազատ արձակելու հասարակական նախաձեռնությունը: Յունուսի խոսքերով` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբն այսօր պլանավորել է դիմել գլխավոր դատախազին` կոչ անելով ապահովել Ռաուֆ Միրկադիրովի մասնակցությունը հոր հուղարկավորությանը:
Սրանից առաջ Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաևը գործակալությանը հայտնել էր, որ Գլխավոր դատախազությունը Ռաուֆ Միրկադիրովին թույլատրել է մասնակցել հոր հուղարկավորությանը: Հուղարկավորության ժամկետը դեռ հայտնի չէ: