Աշոտ Մանուչարյան. Հավանական է, որ մենք հարձակվենք Ադրբեջանի վրա

ԱՄՆ-ի դիվանագիտական ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում և ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման պատճառը կովկասյան կոմունիկացիոն միջանցքի տարածքում հնարավոր ռուսական հարվածը չեզոքացնելն է: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Քաղաքական գործիչն այս զարգացումները կապում է Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հետ, քանի որ Ուկրաինայի հետ կապված` սպասվում են Ռուսաստանի անհամաչափ հարվածները Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում (պետք է առանձին դիտարկել Լեռնային Ղարաբաղը և ազատագրված տարածքները), Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում:

«Ադրբեջանում հնարավոր հարվածը», ըստ Մանուչարյանի, հավանական է այնքանով, որ Միացյալ Նահանգները փորձում է փակել Ռուսաստանի գազային ուղիները, որոնք անցնում են Ուկրաինայով, և դրանով դժվար իրավիճակ ստեղծել Եվրոպայի համար, որպեսզի Եվրոպան ԱՄՆ-ի հետ միասին գործի ընդդեմ Ռուսաստանի, և հիմա Ռուսաստանը պետք է գտնի արդյունավետ հակահարվածի տեղ:

«Ամենաուժեղ հակահարվածը կովկասյան կոմունիկացիոն միջանցքն է, որտեղ ծախսերը հարվածը հասցնելու համար քիչ են, իսկ էֆեկտը` շատ մեծ: Ադրբեջանում հարվածի համար առավել հարմար առիթը ղարաբաղյան հակամարտությունն է, և այս տեսակետից` ԱՄՆ-ը արդեն մոտ երկու ամիս շարունակ փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել խաղաղությունն ամրապնդելու և լարվածությունը թուլացնելու համար»,- նշեց Մանուչարյանը, ում կարծիքով հենց այս համատեքստում պետք է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտնի հայտարարությունը:

Կարդացեք նաև

«Այս ամենը ներկայացրեցի, որպեսզի ցույց տամ, թե որքան դժվար է գուշակել, թե ինչ կլինի Ղարաբաղում,- ավելացրեց նա: -Եթե հիշում եք, վերջին 3-4 տարիներին երբ ինձ հարցրել են` պատերազմ հնարավո՞ր է, ես պատասխնել եմ` հավանականությունը զրո է: Բայց վերջերս` կապված ուկրաինական իրադարձությունների հետ, ասում եմ` հնարավոր է, բայց հնարավոր է ոչ թե այն իմաստով, որ Ադրբեջանը մեզ վրա հարձակվի (այդպիսի հավանականություն չկա), հավանական է, որ մենք հարձակվենք Ադրբեջանի վրա»:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ մենք պետք է «հարձակվենք Ադրբեջանի վրա», Ա. Մանուչարյանը պատասխանեց. «Լավ հարց էր: Եթե հանկարծ հայ-ադրբեջանական սահմանում լինեն այնպիսի միջադեպեր, որոնք պատահում են, և մի քիչ մենք կրակենք, մի քիչ` Ադրբեջանը, ապա Ռուսաստանը կարող է խաղաղարար գործողություն սկսել տարածաշրջանում: Եթե Ռուսաստանին շատ է պետք այդ խաղաղարար գործողությունը` որպես պատասխան ԱՄՆ-ի քայլերին Ուկրաինայում, ուրեմն այդպես էլ կլինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս