Աշոտ Մանուչարյան. Մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, ըստ իրենց փիլիսոփայության, Կոնչիտա են
«Մեր հասարակությունը հիմարացված է, նրա իդեալը արդեն ցույց է տրված Կոնչիտայով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը` ղարաբաղյան հիմնախնդրի և աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում իր կարծիքը հայտնելով նաև համաշխարհային քաղաքակրթության մասին:
Նա, ըստ էության, սլաքներն ուղղեց արևմտյան քաղաքակրթության վրա` կրկնելով «համաշխարհային օլիգարխիայի» և «մեռնող համակարգի» մասին իր տեսությունը, որի մասին խոսել է բազմիցս: Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ այդ համակարգի մեջ է մտնում նաև հայկական օլիգարխիական համակարգը, որը համաշխարհային օլիգարխիայի կցորդն է:
«(Ղարաբաղյան) խնդրի կարգավորումը կատարվում է միայն մեկ դեպքում` երբ տարածաշրջանի ժողովուրդները որոշում են գործել: Օրինակ, ժամանակին այդպիսի մի գործոն կար, անունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր, որը շատ ակտիվ գործոն էր 90-ական թթ., հետո այն սարքեցին հայկական օլիգարխիական համակարգի կցորդ: Իսկ հայկական օլիգարխիական համակարգը համաշխարհային օլիգարխիայի գործիքն է, ոչ մի ինքնուրույն բան: Հիմա Ղարաբաղում կա երիտասարդություն, որը սենց բաներ չի ճանաչում, վաղը կարող է ցանկացած օլիգարխիայի բացատրել, որ այդպես չէ: Ուղղակի նա դեռ չի գիտակցում շատ բաներ, բայց այդ գիտակցումը սկսվել է, խոսակցություները գնալով ավելի ու ավելի թեժ են դառնում…
Հայաստանը շրջապատված է իմ ներկայացրած վտանգներով դրսից, բայց ամենամեծ վտանգը ներսից է, որ հիմարացված է մեր հասարակությունը, իդեալը արդեն ցույց է տրված Կոնչիտայով, որը նշանակում է` մաքսիմալ հաճույք, մարդն աշխարհ է գալիս հաճույքներ ստանալու համար: Եվ եթե դրա համար պետք է մարմնի վրայի բուրգերն ու փոսերն ավելացնել, ուրեմն ավելացնում ես, և ամեն ինչ հոյակապ է: Արդեն ցույց տվեցին իդեալը, դրանից լավը միայն Բաֆոմետն է. միջնադարում այդ իդեալը կար, այնտեղ այծի բուրգեր ու անցքեր էլ կան, որը հնարավորություն է տալիս արդեն կենդանական աշխարհի հաճույքներն էլ ստանալ: Ա´յս է իդեալը, որ մեզ տվել են: Մեր հասարակությունը, մեր քաղաքական գործիչները և այլն, ըստ իրենց փիլիսոփայության, Կոնչիտա են, ուղղակի այդպիսի դրսևորում դեռ չի ստացել: Դուք տեսե՞լ եք քաղաքական գործիչ, որ ասի` եկեք դուրս գանք «հարստություն կուտակել, հաճույք ստանալ» շրջանակից: Եթե տեսել եք, ուրեմն նա Կոնչիտա չէ: Եթե չեք տեսել, նրա իդեալը Կոնչիտան է: Եթե դեռ չի դարձել, ուրեմն ձգտում է: Հարցը զուտ մարմնական կառուցվածքը չէ, այլ մարդու էությունը` ինչո՞ւ է նա այդպիսին դարձել, նա ուզել է ավելի շատ մարմնական հաճույքներ ստանալ, բայց մարդը հաճույքներ ստացող էակ չէ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Հիշեցնենք, «168 Ժամի» հետ հարցազրույցներից մեկում Մանուչարյանը ասել էր, թե այդ «մեռնող համակարգի» էությունը խարսխված է երեք ֆունդամենտալ հենասյուների վրա` պոռնկատուն, խաղատունև ընտրություններ: