ԱՄՆ-ը հետաձգել է Ուկրաինայի տարածքում հուլիսին պլանավորված համատեղ զորավարժությունները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան բանակը հետաձգել է Ուկրաինայի տարածքում համատեղ զորավարժությունների անցկացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Ուեսթովերը:
Նրա խոսքերով՝ Rapid Trident-14 զորավարժությունները պլանավորված են հուլիսին, սակայն այժմ դրանք հետաձգվել են այս տարի ավելի ուշ ժամկետի: Ուեսթովերն ընդգծել է, որ ամեն տարի անցկացվող այդ զորավարժության մասնակիցներն ու ժամկետը կհստակեցվեն ավելի ուշ:
Սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ զորավարժություններն անցկացվեն Լվովի մոտ: Դրանց պետք է մասնակցեին ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Կանադայի, Վրաստանի, Գերմանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի ու Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանումները:
Փորձագետները կարծում են, որ զորավարժությունները հետաձգելը կապված է Ուկրաինայում տիրող անկայուն իրավիճակի հետ: