Թուրքիան ու Ադրբեջանը «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման հարցում շտապեցնում են Վրաստանին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը պլանավորված է ավարտել մինչև 2015 թվականի ավարտը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Լյութֆի Էլվանը:
Նա հիշեցրել է, որ ԲԹԿ-ի թեման վերջին անգամ քննարկվել է Թբիլիսիում՝ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: Նախարարն ընդգծել է, որ չնայած նրան, որ Թուրքիայի տարածքով անցնող երկաթուղու հատվածը պատրաստ է ավելի քան 80 տոկոսով, այնուամենայնիվ, Վրաստանի տարածքում ձգձգվում են շինարարական աշխատանքները:
Էլվանը մանրամասնել է, որ ձգձգումը հատկապես վերաբերում է Վրաստանի տարածքում 2700-2800 մետր երկարությամբ թունելի կառուցմանը: Էլվանի խոսքերով՝ ԲԹԿ-ը շահագործման հանձնելուց հետո կստեղծվի Լոնդոնից մինչև Պեկին երկաթուղային ուղիղ ճանապարհ՝ հաշվի առնելով Բոսֆորի նեղուցի հատակով «Մարմարա» երկաթուղային թունելի առկայությունը:
Նախարարը հավելել է, որ ԲԹԿ-ը կամրապնդի ոչ միայն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև կապերը, այլև նրանց կկապի Կենտրոնական Ասիայից մինչև Չինաստան ընկած բոլոր երկրների հետ: