«Որտե՞ղ է Առողջապահության նախարարությունը․ ինչո՞ւ է լռում»․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է.
Միջին մասնագիտական մակարդակի առողջապահության նախարարություն՝ բուժակի մակարդակի պատասխանատվությամբ։
Արդեն երկու օր է՝ քննարկվում է Արսեն Գևորգյանի մահը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ բժշկական օգնություն ցուցաբերել է բուժակը։ Բայց մի հարց կա՝ իսկ որտե՞ղ է Առողջապահության նախարարությունը։ Ինչո՞ւ է լռում։
Հիշեցնեմ, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է ՀՀ կառավարության 2018 թվականի N 204-Ն որոշմամբ, գործում է Առողջապահության նախարարության համակարգում և կազմակերպում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բժշկական օգնությունը։
Իսկ վերահսկողական գործառույթներ ունի նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Հարց է առաջանում՝ այս կառույցներն ի՞նչ են արել և ի՞նչ պետք է անեին։
- Ապահովեին ՔԿՀ-ներում բժիշկների և բուժքույրերի բավարար թվով հաստիքներ։
- Հետևեին, որ բժշկական անձնակազմն ունենա համապատասխան մասնագիտական պատրաստվածություն։
- Վերահսկեին հերթապահության կազմակերպումը։
- Ստուգեին բժշկական ստորաբաժանումների գործունեության իրավական հիմքերն ու լիցենզավորման պահանջները։
- Ապահովեին շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիությունը՝ շուրջօրյա։
- Վերահսկեին բժշկական օգնության որակն ու ժամանակին տրամադրումը։
- Ապահովեին անհրաժեշտ սարքավորումների և դեղորայքի առկայությունը։
- Կազմակերպեին անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու գործընթացը։
- Ուսումնասիրեին մահվան դեպքերը և բժշկական օգնության հնարավոր ուշացման կամ ոչ պատշաճ կազմակերպման հանգամանքները։
- Ապահովեին բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը։
- Երաշխավորեին ազատությունից զրկված անձանց անկախ բժշկական փորձաքննություն անցնելու հնարավորությունը։
Եվ այս ամենի ֆոնին Առողջապահության նախարարությունը լռում է։
Չենք տեսել, չենք լսել, չգիտենք…»։

