Մերկելը «չափավորության» կոչ է արել Գերմանիա այցելել պատրաստվող Էրդողանին

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մայիսի 24-ին մեկնելու է Գերմանիա՝ Քյոլն: Այցից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարցազրույց է տվել Passauer Neue Presse-ին, որում և «չափավորության» կոչ է արել Էրդողանին:

Մերկելը հիշեցրել է, որ Էրդողանը նախորդ տարիներին քանիցս այցելել է Քյոլն ու Բեռլին, և իրեն պահել է հակառակ կերպ: Մերկելը հույս է հայտնել, որ Էրդողանն առաջիկա գերմանական այցի ժամանակ կցուցաբերի պատասխանատու և զուսպ մոտեցում:

Գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ պահանջել են չեղյալ հայտարարել մայիսի 24-ին Քյոլնում կազմակերպվելիք միջոցառումները, որոնցում պետք է ելույթ ունենա Էրդողանը:

Գերմանիայի իշխող ու ընդդիմադիր կուսակցություններն Էրդողանին մեղադրել են Գերմանիայում ընտրողների քվեների համար պայքարելու մտադրություն ունենալու մեջ, որոնք դժգոհ են մնացել մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում գրանցված աղետի հանդեպ Թուրքիայի իշխանությունների արձագանքից:

Նրանք կարծում են, որ կատարելապես սխալ ազդանշան կլինի Գերմանիայում Թուրքիայի վարչապետի ելույթն այն ֆոնին, երբ Թուրքիայում դեռ ընթացքի մեջ է ածխահանքի պայթյունի ու հրդեհի հետաքննությունը: Սոմայի ածխահանքի աղետի հետևանքով զոհվել էր 301 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս