
Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում, հնչած կրակոցների առիթով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ըստ Ոստիկանության՝Գոռ Առաքելյանը, բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Նա ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Հիշեցնենք, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժել էր հինգ անձ, որոնք դեռևս գտնվում են հիվանդանոցում: