Սոս Գիմիշյան. «Մենք իրավունք չունենք մեր երկիրը դնել երկու հսկաների մեջտեղը»

«Հետաքրքրությունը մեծացել է ամերիկացիների մոտ, ուրիշ ոչ մեկի մոտ առանձնակի հետաքրքրությունը չի մեծացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով ԼՂՀ-ի նկատմամբ վերջերս հետաքրքրության մեծացման հանգամանքների մասին:

«Սա ակնհայտ կապված է այն խոշոր համաշխարհային պրոցեսի հետ, որ աշխարհակարգ է փոխվում մեր աչքի առջև: Սովետ միության փլուզումից հետո, այսպես ասած, մեկ «լավ տղա» կար աշխարհում, դա Միացյալ նահանգներն էր, որոնք սահմանում էին բոլոր խաղի կանոնները: Այսօր գնում է աշխարհակարգի փոփոխություն` երկբևեռ, եռաբևեռ: Այսինքն՝ միաբևեռից աշխարհը տեղափոխվում է մեկ այլ համակարգի, որտեղ տարբեր ուժային կենտրոններ պետք է լինեն»:

Ս.Գիմիշյանը նշեց, որ Արևմուտքն, իհարկե, չէր կարող թույլ տալ, որ Ուկրաինան աշխարհի աչքի առջև ասի` «ես հրաժարվում եմ Արևմուտքից». «Պատիժը հետևեց: Հայաստանը հայտարարում է, որ չի գնում Եվրամիություն, այլ գնում է Մաքսային միություն: Եվս մի շատ ծանր, զզվելի նախադեպ: Եվս պատիժ պետք է լինի»:

Ս. Գիմիշյանի կարծիքով՝ Եվրոպան դատարկ մի բառ է անընդհատ օգտագործում` ազատություն. «Դուք ազատ եք որոշել, որտեղ եք ուզում լինել, բայց պետք է որոշեք, որ Եվրամիություն եք գնում: Եթե ոչ, ապա՝ եղբայրասպանություն, արյունահեղություն»:

Կարդացեք նաև

Բանախոսի հավաստմամբ` 20 տարի Միացյալն Նահանգները «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած» ասում էր՝ տարածքային ամբողջականություն` մոռանալով ինքնորոշումը. «Ի՞նչ պատահեց, որ երկու օրում գալիս է, ասում՝ պատրաստ ենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Մի 7, 8 նահանգ է ԱՄՆ-ում ճանաչում Ղարաբաղի անկախությունը, դրանք պատահական պրոցեսներ չեն կարող լինել: Ակնհայտ է, որ պրովոկացիոն մոտեցում է, սա սրում է իրավիճակը, սա կրակի վրա յուղ լցնելու նախաձեռնություն է և ես մեծ մտահոգություններ ունեմ»:

Ս.Գիմիշյանի կարծիքով` Հայաստանում հիմա 3 տիպի ուժեր կան. «Մի խումբ ուժեր, որոնք զուտ Արևմուտքի շահերն են ապահովում, մի խումբ ուժեր, որոնք զուտ ռուսական շահերն են ապահովում, և կա մի շատ փոքր հատված, որը հայկական շահերն է հետապնդում: Ես կարծում եմ, որ այս հատվածը պետք է մեծանա, պետք է ընկալում լինի, որ սրանք հենց այնպես քաղաքական խաղեր չեն, այլ պատմական խնդիրներ են մեր առջև կանգնած, որը շատ ծանր հետևանքների կարող է բերել: Այստեղ մեր մոտեցումը պետք է լինի այսպես. Ոչ մի խաղի չմասնակցել, եթե դա արտաքին ազդակներից է գալիս, արտաքին շահեր է հետապնդում: Մենք իրավունք չունենք մեր երկիրը դնել երկու հսկաների մեջտեղը և փորձենք այդ աշխարհակարգի փոփոխության պրոցեսում այստեղ դեստաբիլիզացնենք և հարվածի տակ դնենք: Դա կլինի հանցագործություն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս