«Եթե 1 կամ 2 տոկոս տնտեսական աճ գրեին, ավելի իրատեսական կլիներ». ընդդիմությունը` կառավարության ծրագրի մասին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը առանձնակի հույսեր չունի նոր կառավարության կողմից հաստատված ծրագրից:
168.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ իր թերահավատություն կապված է ոչ թե կոնկրետ այս կառավարության, այլ ընդհանրապես իշխանությունների հետ, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա խոսքով, «ոչ միայն իշխանությունների լավագույն ներկայացուցիչն է, այլև վերջին երկու համապետական ընտրություններին Հանրապետականի գլխավոր շտաբի պետը և ընտրությունների կեղծման գլխավոր կազմակերպիչը»:
Անդրադառնալով կառավարության ծրագրի այն կետին, որում կառավարությունը 2014-17 թթ. նպատակադրում է ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձը հասցնել մինչև 65 000 դրամ և աղքատությունը կրճատել 10 տոկոսով, Արմեն Մարտիրոսյանն ասաց.
«Մինչև հիմա որևէ կառավարություն չի նպատակադրել, որ տնտեսական անկում է ունենալու, մեծացնելու է աղքատությունը կամ կոռուպցիան, ավելացնելու է պետական բյուջեի թալանը, շատացնելու է մենաշնորհային ոլորտները, կեղծելու է ընտրություններ և այլն, և այլն:
Ոչ մի կառավարություն նման բան չի գրել, բայց բոլորը, ըստ էության, հենց այդ քաղաքականությունն է իրականացրել: Ինչ վերաբերում է նրան, որ ասում են, թե 5 տոկոս տնտեսական աճը իրատեսական է, ապա եթե 1 կամ 2 տոկոս գրեին, ավելի իրատեսական կլիներ: Բայց ցանկացած պարագայում Հայաստանին 5 տոկոս տնտեսական աճը ոչինչ չի տալու: Հայաստանին առնվազն 10 տոկոս տնտեսական աճ է պետք, որպեսզի մեր քաղաքացիները մի փոքր բարելավեն իրենց սոցիալական վիճակը, բայց քանի որ պարզ է, որ այս իշխանությունները (ոչ թե կառավարությունը) չեն կարող հասնել նման ցուցանիշի, ուստի որևէ դրական ակնկալիք չունեմ»:
«Ժառանգության» փոխնախագահը ավելացրեց, որ 65 000 նվազագույն աշխատավարձը շատ քիչ է` հաշվի առնելով սողացող գնաճը, առավել ևս երբ թանկացան գազի և էլեկտրաէներգիայի սակագները. «Դա այն թիվը չէ, որը կարող է լուծել երկրի անվտանգության խնդիրը` կասեցնել բնակչության արտագաղթը, ապահովել քաղաքացիների նորմալ կենսամակարդակը»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ իր կուսակցությունում կառավարության ծրագրի վերաբերյալ քննարկումներն առայժմ շարունակվում են, սակայն կա որոշակի ակնկալիք:
«Քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ հնչեցնում են տարբեր և իրարամերժ դիրքորոշումներ, օրինակ` վարչապետն իր պատասխաններով փորձում է առաջացնել փոփոխությունների հույս, բայց որոշ հանրապետականներ հայտարարում են, թե սա նախորդ կառավարության` 2013 թ. որդեգրված քաղաքական կուրսի և մարտավարության օրգանական շարունակությունն է: Սա արդեն այլ մոտեցում է առաջացնում:
Մենք այս պահի դրությամբ մասնակցում ենք քննարկումներին, ներկայացնում ենք մեր հարցադրումները, հարցապնդումները, ակնկալիքը, առաջարկները, որոնց մի մասը, ինչպես գիտեք, տեղ են գտել նաև ծաղկաձորյան համաժողովի ընդունած հայտարարությունում: Տեսնենք, թե ինչի կգանք քննարկման ավարտին: Մենք ունենք ակնկալիք, մենք դրսևորում ենք պահանջատիրություն և վերահսկողություն: Թե ինչ կստացվի, կապրենք`կտեսնենք»,- ասաց Տ. Ուրիխանյանը: