«Մենք բողոքի ակցիաներ պիտի կազմակերպենք գործող վարչակարգի առաջ, ոչ թե ԱՄՆ, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի գործիչների» (տեսանյութ)
Հայաստանը և Ադրբեջանը չեն հերքում այն, ինչ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ի իր «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» ելույթում. նրա ասածի մեջ ոչ մի նոր բան չկա: «Հայաստանն արտաքին քաղաքական նոր շրջափուլում» թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման կարծիք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը: Քննարկման մյուս բանախոսն էր «Հայազն» կուսակցության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը:
«Մադրիդյան սկզբունքներում նույնպես նախատեսվում էր յոթ շրջաններիի հանձնում, սակայն այնտեղ առկա էր փուլային մոտեցում, ինչը բացակայում է Ուորլիքի խոսքերում», – ընգծում է Աղայանը՝ մատնանշելով 2007թ. -ին մշակված Մադրիդյան սկզբունքները:
Ուորլիքն իր ելույթում ներկայացրել էր այն վեց կետերը, որոնք կյանքի կոչելու դեպքում, ըստ ամերիկացի համանախագահի՝ կարելի կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. մասնավորապես նշված է ԼՂՀ-ին հարակից յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին, ինչը դժգոհությունների առիթ դարձավ և տարածաշրջանային այցով Ղարաբաղում գտնվող Ուորլիքին դիմավորեցին բողոքի միջոցառումներով:
«Մենք բողոքի ակցիաներ պիտի կազմակերպենք գործող վարչակարգի առաջ, ոչ թե ԱՄՆ, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի գործիչների», – համոզված է Արսեն Խառատյանը:
Ջեյմս Ուորլիքի ելույթին հաջորդեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը՝ պարզաբանելով՝ ինչո՞ւ է ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացնում կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները, իսկ մայիսի 19-ին այս թեմային էր անդրադարձել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ասելով, որ «հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:
«ԼՂՀ խնդրի ակտիվացման համար մի քանի դրդապատճառներ կան. ԱՊՀ տարածաշրջանի զարգացումներ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրում, Հայաստանի իշխանությունների անհասկանալի և փոփոխական դիրքորոշում», – ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը:
Անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցին՝ Արսեն Խառատյանն ընդգծեց, որ ԼՂՀ-ում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին դեսպանի հայտարարությունն ուղղված էր Ռուսաստանին, ինչը վկայում է այն մասին, որ ամերիկյան կողմը փորձում է ԼՂ հարցը բերել աշխարհաքաղաքական դաշտ: «Մենք պետք է հետևողական լինենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չշահարկվի»,- հորդորեց բանախոսը:
Ամերիկացի դիվանագետի հարցազրույցը ուշագրավ էր մեկ այլ տեսանկյունից ևս․ Ռիչարդ Մորնինգսթարը թերևս առաջին արևմտյան դիվանագետն է, ով բացահայտորեն հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետ:
Համեմատելով Ղրիմում անցկացված հանրաքվեն Ղարաբաղի՝ 1991թ.-ի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի հետ՝ Արմեն Աղայանը նշեց. «Ղրիմի դեպքը միայն արտաքուստ է նման Ղարաբաղի հիմնահարցին, քանի որ Ղրիմում երբեք չէր լինի հանրաքվե նման արդյունքով առանց ռուսական զինուժի ներկայության, բացի այդ Ղրիմի ժողովուրդը նույնքան վճռական չէր, ինչքան Արցախի ժողովուրդը, որը պատերազմով հասավ իր նպատակին: Այսպես մենք արժեզրկում ենք մեր ինքնորոշումը»:
Արսեն Խառատյանը կոչ արեց անել առավելագույնը ՀՀ ինքնիշխանության պահպանման համար:
«Մեր արտաքին քաղաքականության գխավոր թերությունն այն է, որ մենք մեր անվտանգության հարցը տարել ենք արտաքին քաղաքականություն»,- հավելեց Արմեն Աղայանը: