Արծվիկ Մինասյանը՝ Արթուր Ջավադյանին. Աղաչանքս է, այս ամբիոնից պարտադիր կուտակայինի մասին մի՛ խոսեք
«Ամբիոնից հնչեցվեց պնդում, որ պարտադիր կուտակայինը շարունակվելու է: Ես ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ այս հարցին ու մեկընդմիշտ վերջ դնենք»,- այսօր ԱԺ նիստում իր ելույթում հայտարարեց ՀՅԴ Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանի խոսքին, թե պարտադիր կուտակայինը շարունակվում է:
Ա. Մինասյանը հիշեցրեց, որ ՍԴ որոշմամբ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ու անվավեր է ճանարչվել և ամբիոնից պնդել, որ այն շարունակվում է՝ հանցագործություն է: Պատգամավորը նշեց, որ եթե փորձ արվի նմանօրինակ փաթեթ կրկին անցկացնել, բողոքի ալիքն ավելի մեծ կլինի:
Ա.Մինասյանի խոսքով՝ ԿԲ-ն չի կարող գների կայունացման ֆունկցիան կատարել և գործառույթային հիմքով հակասություն կա. «Մենք ստիպել ենք, որ ԿԲ-ն լինի մի հրեշ կառույց, որի լիազորությունները երբեք չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսավարում: Ինչքան էլ լավ տնտեսագետ լինեն Արթուր Ջավադյանն ու ԿԲ մասնագետները, ֆունկցիոնալ մակարդակում հակասությունը դրված է»:
Ա. Մինասյանը նշեց, որ այդ խնդրի լուծումից հետո հնարավոր կլինի ճշտել, թե դրամավարկային քաղաքականության շրջանակներում ԿԲ-ն ի՞նչ կոորդիանցիայով, ի?նչ մեխանիզմներով պետք է աշխատի կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հետ միասին:
«Աղաչանքս է, այս ամբիոնից պարտադիր կուտակայինի մասին մի՛ խոսեք, քանի դեռ նոր համակարգը չի մշակվել»,- Ա. Ջավադյանին հորդորեց Արծվիկ Մինասյանը: