Կրակոցներից տուժած Վալերի Հովհաննիսյանի վիճակը ծանր է գնահատվում
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների արդյունքում տուժած 5 հիվանդները առաջիկա օրերին կմնան «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց համալիրի ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արթուր Առաքելյանը: Նրա խոսքով՝ վիրավորված 5 անձանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր կայուն, 2-ինը՝ բավարար: Ըստ բժշկի՝ Ալվինա Բադալյանի վճակը կայուն է. նա ձախ ծունկի փոքր ոլոքի հրազենային վնասվում, առանց տեղաշարժի կոտրվածք ունի: Արթուր Առաքելյանի խոսքով՝ կայուն է նաև Նորայր Հարությունյանի վիճակը, ով ձախ ազդրի հրազենային մի քանի վնասումներ ունի:
Ըստ բժշկի՝ տուժած 72-ամյա Մնացական Սուքիասյանն աջ սրունքի հրազենային վնասում է ունեցել: Մյասնիկ Հայրապետյանի մոտ առկա է ձախ ազդրի վզիկի բեկորային կոտրվածք և անոթի վնասում. նրա վիճակը գնահատվում է ծանր, կատարվել է վիրահատություն:
Ա. Առաքելյանի խոսքով՝ Վալերի Հովհաննիսյանի վիճակը ծանր է գնահատվում. նա ներքին օրգանների հրազենային վիրավորում է ունեցել: Լրագրողների հարցին՝ արդյոք հիվանդները հարցաքննվել են, բժիշկը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: