«Իշխանությունը միայն մի ուժից է վախենում»
Քանդակագործ, Դանթեի անվան քանդակի միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Գարեգին Դավթյանը մեր քաղաքում մի քանի արձանների հեղինակ է (Ֆրիտյոֆ Նանսեն, Իսաբեկյան, Ալեքսանդր Հարությունյան, «Վազող Հերմեսը»): Դասավանդում է Երևանի Գեղարվեստի ակադեմիայում, ունի երիտասարդ քանդակագործ-ուսանողներ, որոնց հետ մեծ հույսեր է կապում և վստահ է, որ նրանք իրենց խոսքն ասելու են քանդակագործության մեջ: Իսկ այսօր Գարեգին Դավթյանն իր տեսակետներն է հայտնում Երևանի արձանների և այլ թեմաների շուրջ:
– Պարոն Դավթյան, ի վերջո, ի՞նչ խնդիր են լուծում արձանները քաղաքում:
– Քաղաքում դրված արձանը, քանդակը շատ ավելի հեռահար նպատակ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից: Շատերին թվում է, թե արձանը միայն շրջապատը գեղեցկացնելու կամ մարդու հիշատակը հավերժացնելու համար է, բայց՝ ոչ: Քանդակը տարածք է կազմակերպում, այն «տարածք հավաքող» նշանակություն ունի: Չորս հատ չոր ու ցամաք շենքի մեջտեղում մի քանդակ կամ արձան ես դնում, այդ չորս կառույցին հավաքում է մի տեղ, նշանակություն է տալիս:
– Մեր քաղաքի արձաններն այդ առումով տարածք կազմակերպո՞ղ են:
– Կա՛ն այդպիսի արձաններ, այո: Կան նաև ջերմություն հաղորդող, տաք արձաններ, որոնց կողքով անտարբեր չեն անցնում, օրինակ` Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի արձանները: Բայց կան նաև անհաղորդ արձաններ, որոնց մասին ես նախընտրում եմ չխոսել:
– Երևանը հարո՞ւստ է արձաններով:
– Ոչ այնքան: Պակաս բաներ շատ կան մեր արձանային միջավայրում: Շատ բան կարելի է անել և՛ ժամանակակից, և՛ դասական ժանրերի մեջ: Մեր քաղաքում պակասում են մանր արձանները, որոնք նորարարություն ու թարմ շունչ կբերեն քաղաքին: Եվրոպական քաղաքներում ընդունված են նման արձաններ՝ շենքի միջից, գետնի տակից դուրս եկող կերպարներ, վազող կամ այլ հետաքրքիր մանրաքանդակներ: Երևանն այնպիսի քաղաք է, ուր ամեն ոճի քանդակ էլ կարելի է դնել, եթե դա արվում է ճաշակով և նպատակային: Ես, օրինակ, կողմ եմ Գաֆէսճյան պուրակի արձանախմբին, որ հայտնի քանդակագործների արժեքավոր գործեր են՝ տարբեր ոճերի մեջ:
– Դուք ո՞ւմ արձանը կդնեիք Երևանում:
– Հայոց մեծերի արձանները հիմնականում կան, ես կդնեի Դրոյի, Լորռիս-Մելիքովի արձանները: Ինքս հիմա աշխատում եմ մի մեծ հայի արձանի վրա, որը մեծ գործ է արել հայ ազգի համար, պատրաստ լինելուց հետո կասեմ այդ մասին:
– Շուտով Երևանն ունենալու է ևս մեկ արձան՝ Անաստաս Միկոյանի արձանը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
– Այս օրերին հաճախ են նրա դրական հատկանիշները թվարկում՝ Կարիբյան ճգնաժամն է մեղմել, հմուտ կազմակերպիչ է եղել, պաղպաղակն ու արևմտյան համով ուտելիքներ է ներմուծել և այլն, բայց արժե՞ դրա համար մեր քաղաքում դնել մեկի արձանը, որ միաժամանակ շատ բացասական կողմեր է ունեցել: Միայն այն, որ նա ստալինյան բանդայի անդամ էր, արդեն բավական է, որ նրա կերպարին չմոտենանք:
Իսկ Ստալինը, ինչպես գիտեք, իր շուրջը գտնվող բոլոր մարդկանց ներշնչում էր մարդակերության գաղափարը, և երբ տեսնում էր, որ նպատակին հասավ, միայն այդ դեպքում էր վստահում նրանց: Մյուս կողմից էլ՝ մեր ինչի՞ն է պետք հենց այս պահին փչացնել մեր հարաբերությունները լեհերի հետ` իմանալով, թե լեհերն ինչքան բացասական են վերաբերվում Միկոյանի կերպարին՝ կապված Կատինի սպայական կազմի ոչնչացման հրամանի հետ, որի ստորագրողն է եղել: Ուրիշ խնդիր մենք չունե՞նք, այս պահին հայ-լեհական հարաբերությունը փչացնելու խիստ կարի՞ք կար: Չգիտեմ՝ ինչո՞ւ են ուզում դնել:
– Միակ պատճառաբանությունն այն է, որ նրա հարազատներն են ցանկացել:
– Նրա հարազատները փող ունեն՝ ցանկացել են, բայց մեր իշխանությունները մի քիչ ավելի հեռահար պիտի մտածեն, այսքան կարճատես չլինեն: Խոհեմ է պետք լինել այս հարցում, ոչ թե առաջնորդվել հենց այս պահի շահերով, միշտ մի քանի քայլ առաջ պիտի տեսնել: Եթե այդպես չեղավ, մենք ապագա չենք ունենա: Իսկ հարցեր կան, որոնց որոշողն էլ միայն քաղաքապետն ու ճարտարապետը պիտի չլինեն:
– Ինչո՞ւ արձանի համար մրցույթ չհայտարարվեց, ինչպես լինում է սովորաբար, այլ պատճենվեց նրա՝ արդեն գոյություն ունեցող մահարձանը:
– Դե, նրա հարազատները հարկ չեն համարել նույնիսկ դա անել, մտածել են, որ պատճենելու գումարն էլ հերիք է հայերին, ուղարկենք, այնտեղ լիքը մարդ կա, կանի: Եթե մրցույթ հայտարարվեր, աղմուկ կբարձրանար, և այն չէր կայանա: Մրցույթները միշտ չէ, որ տեղի են ունենում, Կարեն Դեմիրճանի արձանի մրցույթը, օրինակ, կարծես կամաց-կամաց տապալվում է:
– Իսկ Կարեն Դեմիրճյանի արձանի դեպքում ի՞նչն է պատճառը:
– Տարբեր են պատճառները: Հիմնականն այն է, որ արձանի տեղադրման վայրի հետ կապած անհամաձայնություն կա հանձնաժողովի և հարազատների միջև: Հանձնաժողովն ընտրել է Մարզահամերգային համալիրի դիմացը, որ, իմ կարծիքով, հրաշալի վայր է արձանի տեղադրման համար, այնտեղ գեղեցիկ ֆոներ կան, ուր արձանը կարող է նայվել, սակայն մյուս կողմն այլ վայր է ուզում:
– Միկոյանի արձան հետ կապված՝ արդյո՞ք այդ ստանդարտ մահարձանը լավագույն տարբերակն է քաղաքի կենտրոնում դնելու համար:
– Դա գավառամտության օրինակ է: Մտածել են, որ, եթե Մոսկվայից եկած մի բան է, ուրեմն լավ է, մերոնք այդպես են առաջնորդվում, իսկ եթե այ, Փարիզից լիներ, շատ ավելի լավ կլիներ, իսկ եթե Նյու Յորքից է՝ պարզապես հրաշք է: Մեր հասարակության երկու հիմնական ախտերն են՝ գավառամտությունը ու մեկ էլ՝ տեղայնամոլությունը, երբ տարբեր հարցերի ժամանակ մարդուն ընտրում են` ըստ իր ծնված, բնակված վայրի: Այսօր տարբեր բնակավայրերի հայերի միջև հակասություններ կան՝ զեյթունցին դուրս է գալիս կոմիտասցու դեմ, երևանցին՝ մեկ ուրիշի դեմ, գյումրեցու դեմ մեկ ուրիշն էգ Այս երկու արատավոր երևույթը չի թողնում, որ մեր հասարակությունը զարգանա:
– Արվեստագետները պայքարելո՞ւ են, որ արձանը չդրվի:
– Արվեստագետները պայքարել չգիտեն: Շատերին թվում է, թե արվեստագետները մի խումբ են, բայց այդպես չէ, արվեստագետներից յուրաքանչյուրը եսասեր, ամեն մեկն իր էմոցիաներն ու ամբիցիաներն ունեցող, ինքնամփոփ անհատներ են, նրանք չեն կարող համախմբվել, չեն էլ կարող պայքարել: Նույնիսկ հօգուտ իրենց ոչ մի հարց չեն կարող լուծել: Ես իմ ուսանողներին այսօրվանից ներշնչում եմ, որ հանկարծ այդպիսին չլինեն, ունենան սեփական ձայն, պայքարելու կամք, հասարակությանն առաջ տանելու ձգտում: Իշխանությունը միշտ վախենում է միայն մի ուժից՝ իր ձայնն ունեցող, ուժեղ և ճշմարտությունն ասող մտավորականությունից: Ամբոխից չի վախենում, որովհետև ամբոխին նա կարող է ուժով ճնշել, իսկ մտավորականի ձայնը չի կարող լռեցնել:
– Մտավորականին էլ կարող է կաշառել, շքանշաններ տալ…
– Իսկական մտավորականն անկաշառ է, նա պետք է միշտ ընդդիմադիր լինի, երբ նրա ընդդիմության չափը թուլանում է, իշխանությունը կարծում է, որ ինքն ու իր պաշտոնը հավերժ են: Ամեն դեպքում հույս ունեմ, որ մեր հասարակության մեջ գաղափարախոսություն կրող մի փոքրիկ հատված կա, որն այնքան համարձակ կլինի, որ դեմ կկանգնի գերեզմանից հանված, բերված այդ արձանը դնելուն: Եթե այդ արձանը դրվի, և երեխան հոր հետ անցնելուց հարցնի՝ ո՞ւմ արձանն է, հայրն ի՞նչ է պատասխանելու: Արձանները մահացածների համար չեն, այլ՝ ողջերի: Նրանք իրենց մեջ ուղերձներ ու պատգամներ են պարունակում, գաղափարներ հռչակող, դաստիարակող դեր ու նշանակություն ունեն, իսկ այդ դերը միանգամից չի զգացվում, այլ՝ դանդաղ, ժամանակի մեջ…