Հովհաննես Իգիթյան. Ուորլիքի ծրագիրն իրականացնելու դեպքում Ռուսաստանը երկու ելք ունի

Հարցազրույց միջազգայնագետ, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության
վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անտոն Ազարովի հայտարարությունն այն մասին, թե Մաքսային/Եվրասիական միությանը ԼՂՀ անդամակցության հարցը չի էլ քննարկվում, և Հայաստանի անդամակցումից հետո այդ միության սահմաններն անցնելու են Հայաստանի Հանրապետության` ներկայումս ճանաչված սահմաններով:

– Ազարովի հայտարարությանն ամեն դեպքում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պետք է պատասխանեն, և, կարծես թե, փորձում են պատասխանել, բայց ես մտավախություն ունեմ, որ Ազարովը չի լսում իրենց: Եվ ընդհանրապես, ո՛չ Ազարովին, ո՛չ այդ հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին, ո՛չ Ռուսաստանին չի հետաքրքրում Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կամ նույնիսկ երկրի վարչապետի կարծիքը: Այսինքն` Ռուսաստանը ստեղծել է մի մոդել, Հայաստանին տեղադրել է այդ մոդելի մեջ և առաջ է շարժվում:

Մի կողմից, իհարկե, լավ է, որ Ազարովը Ղարաբաղի մասին լսել է, այսինքն` գոնե այդ բառը գիտի, բայց Ազարովը մի բան չգիտի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական սահման չեն ունեցել վերջին 100 տարվա ընթացքում, նույնիսկ` խորհրդային ժամանակաշրջանում, և հիմա Ազարովի խոսքերով կամ ձեռքերով անհնար է պատ կառուցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև:

Կարդացեք նաև

Բայց վերադառնանք մինչև սեպտեմբերի 3-ն ընկած շրջանին: Այն ժամանակ նույնիսկ Հանրապետական կուսակցության` տնտեսությունից հասկացող մարդիկ ասում էին, որ Մաքսային միությանն, անդամակցության հարցում խնդիրը տնտեսական չէ, այստեղ մենք լուծում ենք Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, և երբ ես կամ այլ փորձագետներ փորձում էինք ներկայացնել տնտեսական բացասական կարծիք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ, նրանք ասում էին` այո, համաձայն ենք, բայց Լեռնային Ղարաբաղը վտանգի տակ է: Հիմա ստացվում է, որ խոսում ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի քաղաքական ու ռազմական, այլ նույնիսկ տնտեսական անվտանգության մասին: Սրա մասին պետք է այժմ բարձրաձայնեն Հայաստանի պատասխանատու պաշտոնյաները:

Նշեմ ևս մի հանգամանք, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Ազարովի հետ: Հայաստանը խնդիրներ ունի` կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ, և բարձրաձայնել է այդ խնդիրների մասին: Դրանք վերաբերում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլ այն մոտ 900 ապրանքատեսակներին, որոնց Մաքսային միությանն անդամակցելուց հետո բարձր մաքսատուրքեր նշանակելու դեպքում մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր կացության մեջ կհայտնվի, քանի որ չի դիմանա սոցիալապես անապահով խավը, և Հայաստանի ընդհանուր մոդելը նույնիսկ կարող է կործանվել:

Ուստի Հայաստանն ասելիք և բանակցելու տեղ ունի Մաքսային միության երկրների ներկայացուցիչների հետ: Բայց արի ու տես, որ Հայաստանը չի հրավիրվում նույնիսկ Մաքսային միության այն նիստերին, որոնց օրակարգում Հայաստանի անդամակցության հարցն է, և Մաքսային միության բարձր մակարդակով և անգամ տեխնիկական ժողովները քննարկում են Հայաստանի հարցերը, սակայն` առանց Հայաստանի ներկայացուցիչների: Եվ չգիտեմ, թե ով պետք է այնտեղ նստած լիներ Հայաստանից, երբ քննարկվում է, օրինակ, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև սահման գծելու հարցը:

– Կարելի՞ է ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի անդամակցության գործընթացում ինչ-որ մի բան փոխվել է:

– Որոշ բաներ, իհարկե, փոխվել են` այն իմաստով, որ թե՛ նախագահ Նազարբաևը, թե՛ նախագահ Լուկաշենկոն այս կամ այն ձևով իրենց պայմանները կամ անհամաձայնություններն են հայտնել Հայաստանի անդամակցության հետ կապված: Բայց մի բան չի փոխվել. Ռուսաստանը, ինչպես և սկզբում` սեպտեմբերի լույս 3-ի գիշերը, հաշվի չառավ Հայաստանի կարծիքը, այլ ուղղակի ստիպեց, որ` Հայաստան, դու պետք է դառնաս Մաքսային միության անդամ, այնպես էլ հիմա Ռուսաստանի արհամարհանքը Հայաստանի հանդեպ, նրա կողմից Հայաստանի շահերը որևէ ձևով հաշվի չառնելը և այս մթնոլորտը շարունակվում է:

Եվ Ազարովի հայտարարությունը լրիվ տեղավորվում է այս ընդհանուր արհամարհանքի մթնոլորտի մեջ: Դա անգամ հիմա է երևում, երբ Հայաստանը դեռ անդամ չէ, և, կարծես թե, մի քիչ էլ պետք է սիրաշահեն, լավ պայմաններ առաջարկեն Հայաստանին, որ միանա: Իսկ վաղը, երբ Հայաստանն արդեն անդամ կլինի, երբ կխզի իր բոլոր միջազգային կապերը, միջազգային պայմանագրերը, ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հնարավորությունները, ո՞վ հաշվի կառնի Հայաստանի կարծիքը: Չէ՞ որ հիմա Հայաստանի վրա պարտավորություն են դրել, որ Հայաստանը վերանայի այլ երկրների հետ առևտրային պարտավորությունները: Մի խոսքով, երբեք էլ ուշ չէ, Հայաստանը պետք է գտնի մոդելը` այս պրոցեսից անվնաս կերպով դուրս գալու համար:

Եթե Հայաստանի իշխանությունները կարծում են, որ ամեն ինչ արվում է ԼՂՀ-ի անվտանգությունն ապահովելու համար, ապա պետք է նորից քննարկեն` արդյո՞ք այդ քայլն ապահովում է նրա անվտանգությունը: Ես արդեն մի քանի ամիս շարունակ ասում եմ` համաձայն եմ, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովված լինի, բայց ցույց տվեք որևէ փաստաթուղթ, որևէ հայտարարություն կամ երաշխիք, որը կապահովի ԼՂՀ-ի անվտանգությունը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից հետո: Ի՞նչ է տեղի ունեցել վերջին 6 ամիսների ընթացքում, Ռուսաստանը վտանգավոր զինատեսակների ևս մի քանակություն է տրամադրել Ադրբեջանին, ռուսական պաշտոնյաները, այս կամ այն ձևով Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս, նորից Հայաստանի համար անբարենպաստ հայտարարություններ են արել:

Եվ, ի վերջո, պետք է հաշվի առնենք մի հանգամանք, որ Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի դիրքի և համբավի անկումից հետո Հայաստանն ավելի վատ վիճակում հայտնվեց: Չէ՞ որ ամեն անգամ Ռուսաստանի կողքին կանգնելով, Ռուսաստանին միջազգային ատյաններում քաղաքականապես աջակցելով` Հայաստանը նույնպես կորցնում է իր միջազգային հեղինակությունը, սրանով նաև նվազեցնում է Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունը: Վերցրեք, թեկուզ, ԱՄՆ-ի հայտարարությունն Ուորլիքի շուրթերով:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարություն արեց, բայց ասաց, թե դա ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է, այնուհետև հայտարարությամբ հանդես եկան Մինսկի խմբի համանախագահները, տարածաշրջան այցելեց Ֆրանսիայի նախագահ Օլանդը և նույնպես խոսեց ԼՂ հիմնախնդրի լուծման անհրաժեշտության մասին: ԼՂ հարցի շուրջ միջազգային այս ակտիվությունն արդյո՞ք ցույց է տալիս, որ խորքային մակարդակում ինչ-որ գործընթացներ կան:

– Նախ` եկեք մի քիչ տարանջատենք Ուորլիքի ասածները և Մինսկի խմբի հայտարարությունը` զինադադարի 20-ամյակի վերաբերյալ: Ճիշտ նշեցիք, որ Ուորլիքը հատուկ շեշտեց, որ նա իր հայտարարությունն անում է ոչ թե` որպես Մինսկի խմբի համանախագահ, այլ ներկայացնում է ԱՄՆ-ի պետական տեսակետը: Ա՛յս ձևով համանախագահները երբեք չեն խոսել, այսինքն` առաջին անգամ է, որ երեք համանախագահներից մեկը քողարկված ձևով թե՛ հակամարտության մասնակիցներին, թե՛ մյուս համանախագահներին ասում է, թե` ինչպես էլ մտածեք, ինչ էլ անեք, սա է իմ տեսակետը: Եվ Ուորլիքի իմպերատիվ տոնայնությունը նշանակում է, որ ես` ԱՄՆ-ը, կիրականացնեմ դա` անկախ նրանից, թե դուք` հակամարտության մասնակիցներդ, ինչ եք մտածում: Սա վտանգավոր է այն իմաստով, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ կա Ուորլիքի ասածների մեջ, դա կարող է ջարդել, կոտրել հակամարտության լուծման մոդելը, որովհետև մինչ այս պահը հակամարտության կարգավորման հիմքում դրված էր ռազմական լայնածավալ գործողությունները չվերսկսելը:

Սա էր իմաստը, սրանով էր պայմանավորվում այն հանգամանքը, որ Մինսկի խումբը թվում էր, թե դանդաղ է աշխատում: Բայց դանդաղկոտությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ, ի վերջո, պետք է լիներ որոշում, որը, մի կողմից` կբավարարեր հակամարտության, այսպես ասած, բոլոր մասնակից երկրներին (չեմ ուզում ասել` շահերը, կբավարարեր կարծիքը): Ցանկացած իմպերատիվ միջամտություն կարող է ջարդել այս փխրուն խաղաղությունը և բերել նոր պատերազմի: Պատահական չէ, որ նույն Ուորլիքն իր հայտարարության մեջ խոսում է խաղաղարար ուժերի մասին: Տեսեք, մինչև այս պահը` 20 տարիների ընթացքում, անկախ փոքր միջադեպերից` այդ խաղաղությունը պահելու համար խաղաղարար ուժերի անհրաժեշտություն չի եղել:

– Իմիջիայլոց, ուշագրավ է, որ Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե Բաքուն դեմ չէ խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

– Եկեք նայենք բոլոր այլ հակամարտություններին: Չկա որևէ հիմնախնդիր, որը լուծվել է զուտ խաղաղարար ուժերի միջոցով: Սկզբից եղել է քաղաքական որոշումը, իսկ հետո` խաղաղապահ գործունեությունը, և նույնիսկ այդ դեպքում խաղաղարար ուժերի տեղակայումը չի կարելի դրական գնահատել: Հիշենք Բալկանյան կամ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունները, երբ արյուն թափվելու ժամանակ խաղաղարար ուժերը ուզենային` ոչինչ չէին կարող անել, և խաղաղություն է հաստատվել` առանց խաղաղարար ուժերի: Այսինքն` դա երկրորդական է: Խաղաղարար ուժերը հատկապես այսօր` այս բևեռացված աշխարհում, կարող են ավելի շատ քաղաքական դեր տանել, այլ ոչ թե խաղաղարար` հաշվի առնելով նույն Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ վատթարացումը:

– Կա տեսակետ, որ Արևմուտքի գլխավոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում Ղրիմի սցենարը թույլ չտալն էր, և հենց դա էր Ուորլիքի հայտարարության գլխավոր պատճառը: Որքանո՞վ է իրատեսական այս տեսակետը:

– Ես մի փոքր այլ ձևով կդիտարկեի Ուորլիքի հայտարարությունը: Հակառակը, հենց Ղրիմի և, ընդհանրապես, Ուկրաինայի իրադարձություններն են ստիպում ԱՄՆ-ին քայլեր անել այն տարածաշրջանում` Կովկասում, որը համարվում է Ռուսաստանի մենաշնորհը: Ես չեմ ուզում ասել, որ դա նաև եղել է հետևանք Հայաստանից հնչած այն հայտարարությունների, թե շատ լավ է, որ Ղրիմն այդպես եղավ, դա թույլ կտա շուտափույթ լուծել ԼՂ-ի հարցը: Իրականում դրանք տարբեր կոնֆլիկտներ են, բայց տեսեք` ինչ է անում ԱՄՆ-ը այդ դեպքում: Այս 20 տարիների ընթացքում ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում ձեռնտու էր Ռուսաստանին, որպես փաստարկ` կարող ենք ասել` եթե ձեռնտու չլիներ, ապա Ռուսաստանը միշտ էլ կարող էր անել իր ուզածը, այսինքն` Լեռնային Ղարաբաղը «կտար» Հայաստանին կամ Ադրբեջանին:

Եթե չի արել, ուրեմն Ռուսաստանին ձեռնտու է ստատուս-քվոն, այս անորոշությունը, որը Ռուսաստանը տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով օգտագործում էր թե՛ Հայաստանի համար, թե՛ Հայաստանի դեմ, թե՛ Ադրբեջանի համար, թե՛ Ադրբեջանի դեմ: Եվ սա է այսօր Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական հենարանը: Վրաստանն արդեն չկա, կա ԼՂ հակամարտությունը, որը թույլ է տալիս Ռուսաստանին խաղալ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Պատկերացրեք, որ այս կոնֆլիկտը չկա` լուծվել է այս կամ այն ձևով: Այդ դեպքում Ռուսաստանը միանգամից կորցնում է առնվազն Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ երկուսին էլ: Եվ Ուորլիքի ծրագիրն իրականացնելու դեպքում Ռուսաստանը երկու ելք ունի` կա՛մ օգտագործել իր բանակն այստեղ, կա՛մ չօգտագործել: Օգտագործելու դեպքում կողմերից որևէ մեկը, ում դեմ այդ բանակը կօգտագործվի, դժգոհ կլինի, չօգտագործվելու դեպքում երկու կողմն էլ դժգոհ կլինեն, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի միջամտում: Այսինքն, փաստորեն, ԱՄՆ-ը այս քայլով, մի կողմից, ջլատում է Ռուսաստանի ուժերը և հնարավորություններն Ուկրաինայում, մյուս կողմից` ըստ էության, կարող է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից:

– Ուրեմն լուծման ո՞ր տարբերակի դեպքում է Ռուսաստանը կորցնում ազդեցությունը Հարավային Կովկասում:

– Բոլոր դեպքերում` ստատուս-քվոն փոխելու դեպքում: Այսինքն, եթե մենք համարում ենք, որ այս ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղը պահում է մի վիճակում, որը ձեռնտու չէ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերին, որովհետև Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղն անվերապահորեն պետք է լինի իր տարածքում, և հայերն այնտեղից պետք է հեռանան, իսկ հայկական կողմն ասում է, որ դա ինքնուրույն Հանրապետություն է և որևէ կապ չունի Ադրբեջանի հետ, և եթե հաշվի առնենք, որ այս անորոշությունը Ռուսաստանն է պահում և օգտագործում, ապա ստատուս-քվոն դեպի այս կամ այն կողմ փոխելուց հետո Ռուսաստանը կորցնելու է երկուսին էլ: Այսինքն` այս երկու երկրները` Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանի կարիքն արդեն չեն ունենա:

– Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր ռուսական ուժերի մուտքը Լեռնային Ղարաբաղ:

– Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը` որպես Հայաստանի տարածք, չի ընդունում և այնտեղ գործողություններին չի մասնակցելու, իսկ եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, Ռուսաստանը կնայի, թե ինչպես պետք է խոսել: Այսինքն` պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը միշտ հայտարարում է` որքան Հայաստանն է Ռուսաստանի բարեկամը, այնքան էլ` Ադրբեջանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս:

 

Տեսանյութեր

Լրահոս