Ինչու Գագիկ Ծառուկյանը ստիպեց լուծարել ԱՆՄ-ն

Երկու-երկուսուկես ամիս առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, նախկինում ԵԿՄ վարչության անդամներ Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը ստեղծում են Ղարաբաղյան պատերազմի վետերաններին միավորող նոր կազմակերպություն` «Ազատամարտի նվիրյալների միավորում» անունով: Նրանք քաղաքից քաղաք էին գնում, գյուղից գյուղ անցնում, հանդիպում էին պատերազմի նախկին մասնակիցների հետ, սրտաճմլիկ խոսակցություններ ունենում ազատամարտիկների սոցիալական վիճակի անընդունելիության, Ղարաբաղյան պատերազմի պատմությունը կեղծելու և սոցիալական անարդարության մասին:

Նրանք խոստանում էին, որ իրենք կազմակերպություն են ստեղծում, որպեսզի պաշտպանեն իրենց մարտական ընկերներին, որպեսզի ազատամարտիկն այնքան խեղճ չլինի, որ ստիպված լինի մի կտոր հացի համար օլիգարխի մոտ ճորտություն անել, կամ թույլ չեն տալու, որ պատմություն կեղծվի, և ազատամարտի հետ կապ չունեցող, պատերազմ ու Ղարաբաղ չտեսած մարդիկ նոր պատմություն ստեղծեն, իրենց գրեն պատերազմի մասնակից ու հերոս, իսկ կռված ու հայրենիք պաշտպանած տղերքը դուրս մնան պատմությունից, ասես չեն էլ եղել:

Այս կազմակերպությունը կարող էր շարքայինը լինել այն մյուս, մի քանի կազմակերպությունների նման, որոնք ստեղծվել են այս տարիների ընթացքում և ունեցել են նույնանման խնդիրներ, եթե չլիներ մի կարևոր հանգամանք` այս կազմակերպության հետևում կանգնած էր Հայաստանի խոշորագույն կուսակցություններից մեկը` ԲՀԿ-ն, և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իհարկե, Գասպարյանը և Գևորգյանը հայտարարում էին, որ Ծառուկյանը ոչ մի կապ չունի իրենց հասարակական կազմակերպության հետ, որ նա չի ստեղծում այդ կազմակերպությունը, բայց նրանց հայտարարությունները որևէ մեկին չէին համոզում, քանի որ Գասպարյանի և Գևորգյանի այս նախաձեռնության հետևում տեսնում էին Ծառուկյանի ցանկությունը` ԲՀԿ-ի թիկունքում ունենալու ազատամարտիկների միավորում, որն ավելի կմեծացներ իր ղեկավարած կուսակցության հեղինակությունը: Մյուս կողմից` սոցիալական խնդիրներ ունեցող ազատամարտիկները համոզված էին, որ հենց օլիգարխ ու մեծահարուստ Ծառուկյանը կարող է լուծել իրենց խնդիրները, և այդ պատճառով մեծ էր հավանականությունը, որ այս միավորումը կարող է լինել ամենաբազմամարդը և ամենահաջողվածը մյուս նմանատիպ պրոյեկտներից:

Բայց մի քանի օր առաջ հայտարարվեց, որ կազմակերպությունը լուծարվել է: Ամենամեծ զավեշտն այն է, որ կազմակերպության հիմնադիրները հայտարարում էին, որ անգամ իրենք չգիտեն, թե ով է լուծարել իրենց կազմակերպությունը: Մասնավորապես, Ռուստամ Գասպարյանն իր հարցազրույցում խոսելով իր ստեղծած կազմակերպության լուծարման մասին` ասել է. «Անունով չէ, որ կառույց է ստեղծվում, այս անունը որոշներին ձեռ չտվեց, դրեցին լուծարեցին, ինչ արեցին, էդպես էլ չիմացանք, թե ճակատագիրը ով որոշեց և ոնց որոշեց»:

Կարդացեք նաև

Պատկերացնո՞ւմ եք՝ կազմակերպության հիմնադիրներից մեկն ասում է, որ ինքը չգիտի թե ով է լուծարել իր կազմակերպությունը, կամ ով է որոշում կայացրել կազմակերպությունը լուծարելու մասին:

Իրականում միակ բանը, որ Ռուստամ Գասպարյանը ճիշտ է ասում, այն է, որ Արդարադատության նախարարությունում գրանցված և նույնիսկ կնիք ունեցող «Ազատամարտի նվիրյալների միավորում» հասարակական կազմակերպությունը իրենք`կազմակերպության հիմնադիրները չեն լուծարել: Մեր տեղեկություններով, երբ կազմակերպության հիմնադիրներին առաջարկել են լուծարել հասարակական կազմակերպությունը, իրենք ասել են, որ դա անձամբ չեն անի, և որոշվել է, որ այդ գործը կանեն իրավաբանները, որոնց իրենք լիազորագիր կտան` հանդես գալու հիմնադիրների անունից: Սա արվել է` որպես փոխզիջում, որպեսզի ազատամարտիկ պատգամավորները «չկոտրվեն» և կարողանան ասել, որ կազմակերպությունն իրենք չեն լուծարել:

Իսկ ԱՆՄ-ն լուծարելու որոշումը, ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ, կայացրել է ոչ այլ ոք, քան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հենց նա է Ռուստամ Գասպարյանին և Ռուբեն Գևորգյանին հանձնարարել լուծարել ԱՆՄ-ն, և նրանք էլ չեն կարողացել մերժել կուսակցության նախագահին` հասկանալով, որ այդ կոնֆլիկտը կարող է ճակատագրական լինել իրենց համար:

Ծառուկյանը հասարակական կազմակերպությունը լուծարելու պահանջը բացատրել է տարածվող այն խոսակցություններով, որ կազմակերպությունը կապում են իր անվան հետ, որ ինքն իբրև թե ռազմականացված խմբավորում է ստեղծում, և ինքը չի ցանկանում, որ այդ խոսակցությունները տարածվեն: Բացի այդ, Ծառուկյանն ասել է, որ իր համար անընդունելի է, որ իրեն մեղադրեն ԵԿՄ-ի պառակտելու մեջ, ինքն իր էությամբ ոչ թե պառակտող է, այլ միավորող, որ ինքը կողմնակից է, որ պատերազմի մասնակիցները միասնական լինեն և ոչ թե` պայքարեն իրար դեմ: Թե ինչու է ԲՀԿ նախագահն ինչ-որ պահի որոշել, որ իրեն նման կազմակերպություն պետք չէ, կամ ով է նրան այդ գաղափարը հուշել, տարբեր բացատրություններ կան, բայց փաստն այն է, որ Ծառուկյանը հընթացս փոխել է իր դիրքորոշումը` ծանր վիճակի մեջ դնելով կուսակիցներին:

Որ այդպիսի խոսակցություններ և մեկնաբանություններ լինելու էին, Ծառուկյանը կարող էր իմանալ այն ժամանակ, երբ Գասպարյանը և Գևորգյանը նման կառույց էին ստեղծում, երբ գյուղեգյուղ էին շրջում և մարդկանց լավ կյանքի հույս էին տալիս: Հիմա ԲՀԿ-ական պատգամավորները հայտնվել են բավական ծանր վիճակում, մի կողմից` ավելի խորը թշնամություն են ձեռք բերել ԵԿՄ ղեկավարության հետ, ով չարախնդում է նրանց վրա այդ նախաձեռնությունը տապալելու համար, մյուս կողմից` իրենք շարքային ազատամարտիներին ինչ-որ խոստումներ են տվել, որոնք չեն կարողանալու իրականացնել: Չեն կարող, չէ՞, ասել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իրենց «քաշեց»`ստիպեց փակել իրենց իսկ ստեղծած կազմակերպությունը, դրա համար որոշել են նման անորոշ ձևակերպումներ տալ, որ իբրև թե չգիտեն, թե ով է լուծարել կազմակերպությունը:

Բացի այդ, եթե ասեն, որ Ծառուկյանն է լուծարել, կհակասեն իրենք իրենց. ժամանակին ասել են, որ Ծառուկյանն այս կազմակերպության հետ կապ չունի. կապ չունեցողն ինչպե՞ս կարող է կազմակերպությունը լուծարել:
Այս պատմությունն այնքան էլ անհետևանք չի մնա ԲՀԿ հեղինակության համար:

Շրջաններում տասնյակ և հարյուրավոր մարդիկ հասկանում են, որ ԲՀԿ-ի և ԲՀԿ-ականների խոսքին չի կարելի հավատալ ու վստահել: Որքան էլ Գասպարյանը և Գևորգյանն իրենց մարտական ընկերների մոտ արդարանան, որ իրենք մեղավոր չեն այս պատմության մեջ, որ իրենք էլ են հայտնվել շատ վատ վիճակում, միևնույն է, դրանից վիճակն ամենևին էլ չի փոխվում: Մարդիկ ասում են, որ եկան` մեծ-մեծ խոսեցին, մեծ-մեծ խոստումներ ու հույս տվեցին և հուսախաբ արեցին: Իսկ մեկ անգամ խաբողին երկրորդ անգամ չեն հավատում:

 

Տեսանյութեր

Լրահոս