Եթե ինքն իրեն մոտիկից խփեր, մազերը խանձված կլինեին. Իջեւանի զորամասում մահացած Ներսեսը վերջին անգամ մոր հետ է խոսել. news.am
Իջեւանի զորամասում մայիսի 10-ին մահացած Ներսես Կարապետյանի ծնողները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել, նրանք համոզված են, որ դա եղել է սպանություն, այն էլ իրենց որդու «չգողացած բենզինի գումարը չտալու պատճառով»:
NEWS.am-ի հետ զրույցում Ներսեսի մայրը՝ տիկին Սուսաննան պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է մայիսի 9-ի երեկոյան, ժամը 20:30-ի սահմաններում:
«Զանգեց, ասաց՝ մամ ջան, պոստերում եմ, երկու հոգով ենք, մի քանի րոպե խոսեցինք, մեկ էլ, թե մամ ջան, մարդ եկավ, հետո կզանգեմ, ասաց ու արագ անջատեց, դրանից հետո իմացանք, որ մահացել է ավտոմատի կրակոցից»,- ասաց զինվորի մայրը:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 10-ի վաղ առավոտյան, մինչդեռ ծնողները համոզված են, որ հենց իրենց հեռախոսազրույցից հետո է իրենց որդին մահացել: Պատճառը ծնողները փնտրում են անհետացած բենզինի մեջ, որի համար իրենց պատմելով՝ որդուց 285 հազար դրամ են պահանջել: «Չգիտենք՝ իրականում ինչ ա եղել, բայց երեխես դժգոհում էր, որ իր ա վրա բենզին են գրել, բայց ինքը տեղյակ չի եղել, բացարձակապես տեղյակ չէր: Իմ երեխուն դրա համար շատ էին նեղում, ինքը շատ վիրավորված էր, ասում էր՝ մամ ջան, էստեղ մարդիկ ուրիշ են, ուրիշ աչքերով են նայում կյանքին»,- ավելացրեց տիկին Սուսաննան:
Դեպքից ընդամենը 10 օր առաջ Ներսեսն արձակուրդ էր եկել, ծնողների ասելով՝ «բենզինի գումարը տանելու համար»:
«Բայց երեխես մեզ բան չասաց, գիտեր, որ չենք կարող էդքան գումարը տալ, չէր ուզում մեզ նեղություն տար, հետ գնալուց անմիջապես հետո էլ փողը չբերելու համար դիրքեր են տարել, իսկ տղաս ԶԻԼ-ի շոֆեր էր, ուղղակի զինվորներին տանում էր դիրքեր ու հետ բերում, բայց փողի պատճառով միանգամից դիրքեր են բարձրացնում»,- նշեց տիկին Սուսաննան:
Ներսեսն ապրում էր Երեւանի Դավիթաշեն համայնքում, բազմանդամ ընտանիքում: Տան 5-րդ երեխան էր, փոքր եղբայրն ընդամենը 11 տարեկան է:
«9 երեխա ունեմ, երկու տղաներս գնացել, նորմալ ծառայել, հետ են եկել: Ներսեսն էլ բանակ է զորակոչվել անցած տարվա հունիսին, ուրախ-ուրախ ասում էր՝ մամ ջան, չնեղվես, կգնամ երկու տարի կծառայեմ ու հետ կգամ, ո՞ւր ա, հետ չեկավ: Բան չունեմ ասելու, ամեն երեխա մի տնից է դուրս գալիս, պետք է կարգ ու կանոն, խստություն լինի, բայց ոչ թե ըտենց բաներ»,- շարունակեց տիկին Սուսաննան:
Մանրամասներն` այստեղ