Արմատականության մրցակցություն ԱԺ-ում
Այսօր խորհրդարանում քվեարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես և սպասվում էր՝ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեցին, իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»՝ դեմ: ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներն ասում են, որ, թեև նախագիծը չի լուծում բոլոր առաջադրված խնդիրները, բայց այն կես քայլ առաջ է: Եթե այս փոփոխությունը ներկայացրած լիներ ոչ թե Հովիկ Աբրահամյանի, այլ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը, կարելի է կասկած չունենալ, որ թե՛ ԲՀԿ-ն և թե՛ ՀՅԴ-ն դեմ էին քվեարկելու և շատ հանգիստ հայտարարելու էին, որ կառավարությունը փորձում է շփոթության մեջ գցել քաղաքացիներին. ֆորմալ առումով օրենքից հանելով «պարտադիր» բառը, իսկ իրականում՝ ամբողջ թափով շարունակելով նույն քաղաքականությունը:
Պարզ է, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այսուհետ դժվար թե դեմ քվեարկեն կառավարության որևէ նախաձեռնության. լավագույն դեպքում նրանք կամ ձեռնպահ կլինեն, կամ չեն քվեարկի: Նույնը կլինի կառավարության ծրագրի դեպքում:
Կառավարության նախագծին դեմ էր քվեարկել 11 պատգամավոր: Նրանցից 6-ը ՀԱԿ խմբակցության անդամներն էին, բացի Հրանտ Բագրատյանից, ով հայտարարեց, որ իր ձեռնպահ քվեարկությամբ ցանկանում է օգնել կառավարությանը: ՀԱԿ խմբակցությունը որոշել է արմատական կեցվածք դրսևորել և այսուհետ բոլոր սկզբունքային հարցերում պետք է ցույց տա, որ ինքն արմատական ընդդիմություն է: Ինչպես արդեն գրել ենք, ՀԱԿ-ում որոշակի բացասական վերաբերմունք էր ձևավորվել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նկատմամբ, որին մեղադրում էին ԲՀԿ կցորդը դառնալու մեջ: Հիմա այդ խմբակցությունը փորձելու է ցույց տալ, որ այդ մեղադրանքներն անհիմն են, և դրա համար ՀԱԿ պատգամավորները շատ դեպքերում ԲՀԿ-ից տարբերվող դիրքորոշում են արտահայտելու. ԲՀԿ-ի հետ համաձայնեցված, բնականաբար:
«Ժառանգությունը» չի կարող թույլ տալ, որ ՀԱԿ-ը լինի միակ արմատական ընդդիմությունը, ու նաև այդ տրամաբանությամբ է բացատրվում, որ «Ժառանգության» երեք պատգամավորներն էլ դեմ քվեարկեցին կառավարության ներկայացրած նախագծին:
Հետաքրքիր է մյուս երկու դեմ քվեարկողների պարագան. նրանցից մեկը ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն է: Արսենյանը մեկ ամսվա ընթացքում այս էլ երկրորդ անգամ խմբակցությունից տարբերվող դիրքորոշում է արտահայտում: Նախորդ նստաշրջանի ժամանակ էլ Արսենյանը հանդես էր գալիս հօգուտ «շքեղության հարկը» հանելու նախաձեռնության և հրապարակայնորեն բացատրում էր այդ հարկի գոյության վտանգավորությունը՝ այն դեպքում, երբ ԲՀԿ խմբակցությունը համարում էր, որ այդ հարկը պետք է մնա, և այդ պատճառով բոյկոտեց քվեարկությունը:
Իհարկե, ԲՀԿ-ականների մեծամասնությունն ի սրտե կողմ էր այդ հարկը հանելուն, բայց եթե նրանք կողմ քվեարկեին այդ փոփոխությանը, ապա դա կմեկնաբանվեր այնպես, որ Ծառուկյանը չի ցանկանում իր և իր շրջապատի համար ներմուծվող շքեղ մեքենաների համար հավելյալ 20 տոկոս ակցիզային հարկ վճարել: Ի վերջո, հարկը հանվեց, բայց առանց ԲՀԿ-ի կողմ քվեարկության: Մինչդեռ Արսենյանը բացահայտ և առանց ԲՀԿ-ի իմիջի մասին մտածելու՝ կողմ էր արտահայտվում այդ հարկը հանելու գաղափարին:
Հիմա էլ նա դեմ է քվեարկում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությանը, այն դեպքում, երբ ԲՀԿ ամբողջ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել: Արսենյանը, իհարկե, կարող էր ընդհանրապես չքվեարկել, բայց նա ակնհայտորեն ցանկանում է ցույց տալ, որ ինքը ԲՀԿ խմբակցությունում որոշակի ինքնուրույնություն ունի: Մենք փորձեցինք այս հարցով զրուցել պարոն Արսենյանի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Արսենյանի՝ խմբակցությունից տարբերվող քվեարկությունը, ասաց. «Խորհրդարանի նիստից առաջ տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ պարոն Արսենյանը մեզ տեղեկացրել է, որ իր ղեկավարած կուսակցությունն այս հարցում ունի սկզբունքային դիրքորոշում`իրենք դեմ են այս նախաձեռնությանը, և ինքը՝ որպես ՄԱԿ կուսակցության նախագահ, դեմ է քվեարկելու օրենքի նախագծին»:
11-րդ պատգամավորը, ով դեմ է քվեարկել կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն է: Քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ խմբակցությունը որոշել է ձեռնպահ քվեարկել, ինչը և արեցին խմբակցության մյուս անդամները: Բայց խմբակցության ղեկավարը որոշեց ցույց տալ, որ ՕԵԿ-ում ևս կան արմատական ընդդիմադիրներ, և ինքը ոչնչով պակաս չէ նրանցից: