Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձը Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ձերդ Սրբություն,

Ի Քրիստոս սիրեցյալ եղբայր, գոհունակությամբ Մեր ջերմագին ողջույններն ենք բերում եմ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Նորին Սրբությանդ ներկայությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության ընտանիքի անդամներին ուղղում եմ հարգալից և սիրալիր ողջույնի խոսքս: Առանձնահատուկ երանություն է Մեզ համար հանդիպում ունենալ այս տանը, Պետրոսո Առաքյալի գերեզմանի մոտ, և կիսել եղբայրության և աղոթքի այս պահերը:

Ձեզ հետ միասին գոհություն եմ մատուցում Երկնավորին, քանի որ վերջին ժամանակներս Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա փոխհարաբերություններն ավելի են սերտացել և ջերմացել շնորհիվ Մեզ համար այնքան թանկագին իրադարձությունների: Վերստին հիշում եմ երջանկահիշատակ Հռոմի Պապի այցը Հայաստան 2001թ. և 2008 թ. Ձերդ Սրբության և Բենեդիկտոս ԺԶ Պապի պաշտոնական հանդիպումը Վատիկանում, ինչպես նաև նախորդ տարվա իմ գահակալման արարողությունը:

Կցանկանայի նաև վերհիշել 2000 թ. Մեծ Հոբելյանի շրջանակներում Ձերդ Սրբության մասնակցությամբ տեղի ունեցած, 20-րդ դարի հավատքի վկաների հիշատակման արարողությունը: Իրականում, անցյալ դարում ողբերգական դիպվածներով Քրիստոսի համար իրենց արյունը հեղած նահատակների թիվը շատ ավելի է, քան առաջին դարերում: Այս մարտիրոսության մեջ հայ ժողովրդի զավակներն ունեն իրենց պատվավոր տեղը: Ձեր ժողովրդի համար թանկագին Ս. Խաչի խորհուրդը, որ պատկերված է ձեր երկրի յուրաքանչյուր անկյունը զարդարող փառավոր խաչքարների վրա, առաջնորդել է ձեր ժողովրդին` որպես անմիջական մասնակից չարչարանքների: Նահատակների վկայությունը` ողբերգական և բարձր, չպետք է մոռացության տրվի:

Կարդացեք նաև

Ձերդ Սրբություն, սիրելի եղբայրներ, վերջին դարերում քրիստոնյաների տառապանքները առանձնահատուկ և անփոխարինելի ներդրում են ունեցել Քրիստոսի աշակերտների միավորման հարցում: Ինչպես հին ժամանակներում մարտիրոսների արյունը դարձավ սերմը Եկեղեցու, այնպես էլ մեր օրերում շատ քրիստոնյաների արյունը Եկեղեցու միասնության սերմն է հանդիսանում: Տառապանքի էկումենիզմը, նահատակության էկումենիզմը, արյան էկումենիզմը հզոր կանչ է` քայլել Եկեղեցիների միջև համերաշխության երկար ճանապարհով, և խիզախորեն ու վճռականորեն հանձնվել Սուրբ Հոգուն: Մենք պարտավոր ենք անցնել այս եղբայրական ճանապարհն ի երախտագիտություն մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի փրկչական տառապանքների, քանի որ միավորված է Քրիստոսի չարչարանքներին հետ:

Այս առիթով շնորհակակություն եմ հայտնում Նորին Սրբությանն` երկու Եկեղեցիների միջև երկխոսության զարգացմանը բերած կարևոր զորակցության համար: Մասնավորապես Կաթոլիկ Եկեղեցու եւ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համատեղ միջազգային հանձնախմբի աշխատանքներում և Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչների կատարած արդյունավետ աստվածաբանական ներդրումների գործում:

«Օրհնյալ լինի Աստված`մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հայրաբար գթում և որպես Աստված մխիթարում ու զորացնում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք Աստծուց մեր վայելած օգնությունն ու մխիթարությունը տանք նրանց (Բ Կորնթ. Ա : 3-4)»: «Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիվ վկաներով ենք շրջապատված, դեն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ պաշարում է մեզ, և համբերությամբ պայքարենք գալիք փորձությունների դեմ (Եբր. 12:1)»: «Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ դու , ով Հայր, իմ մեջ ես, և ես` քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ, որպոսղի աշխարհը հավատա, որ դու ուղարկեցիր ինձ (Հովհ. 17:20)»:

Եկեք աղոթենք միմյանց համար: Թող Սուրբ Հոգին լուսավորի և ուղղորդի մեզ դեպի այդ երանելի օրը, որ կկարողանանք միասին նստել Հաղորդության Սեղանի շուրջ:

Երանություն ենք տալիս Բարձրյալին Ս. Գրիգոր Նարեկացու խոսքերով. «Ընդունիր մեր լեզվի օրհներգության խոսքերը և հաճությամբ տուր Սիոնի և Բեթղեհեմի շնորհների պարգևներն այս եկեղեցուն, որպեսզի արժանի լինենք փրկությանը»: Թող որ Սուրբ Աստվածածինը բարեխոս լինի հայ ժողովրդին այժմ և հավիտյանս:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Տեսանյութեր

Լրահոս