Ինչու էր Տեր-Պետրոսյանը գնացել «Հաղթանակի» զբոսայգի

Այսօր ՀԱԿ ողջ վերնախավը՝ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այցելեց «Հաղթանակի» զբոսայգի և ծաղիկներ դրեց Մեծ Հայրենականի ժամանակ զոհվածների հուշարձանի անմար կրակին: Տեր- Պետրոսյանին ուղեցում էին ոչ միայն Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը և ՀԱԿ մյուս կարկառուն ներկայացուցիչները, այլ նաև ՀԱԿ-ի գործընկեր կուսակցությունների ղեկավարները՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ընդամենը 15 օր առաջ ՀԱԿ-ը երթ էր կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ, որին չէին մասնակցում ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ նաև ՀԱԿ վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում և՝ Գագիկ Ջանգիրյանը, և դաշնակից կուսակցությունների ղեկավարները: Ինչու ՀԱԿ վերնախավը որոշեց անտեսել Մեծ Եղեռնի զոհերի 99-ամյա տարելիցը, բայց պարտաճանաչորեն և ամբողջ կազմով մասնակցեց Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակի տոնակատարությանը:

Արդյո՞ք պատճառն այն էր, որ ապրիլի 24-ին Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն որերորդ անգամ գրիպ էր, որը, ինչպես հայտնի է, վարակիչ բնույթ ունի և կարող էր տարածվել նաև սեփական կուսակցությունում և դաշնակից կուսակցությունների ղեկավարների շրջանում, թե՞ ուղղակի Տեր-Պետրոսյանը և գործընկերները Հայրենական պատերազմի հաղթանակի տարեդարձն ավելի են կարևորում, քան Եղեռնի զոհերի տարելիցը:

Իրականում պետք է ցավալիորեն նկատել, որ Տեր-Պետրոսյանի և գործընկերների նման պահվածքն ունի զուտ քաղաքական և շահադիտական դրդապատճառներ: Ցեղասպանության տարելիցն ազգային ողբերգություն է. 1915 թ. թուրքերը կոտորել են բացառապես հայերին, հայերին կոտորել են բացառապես նրանց ազգային պատկանելության համար: Եթե Տեր-Պետրոսյանը և գործընկերները չեն մասնակցում Եղեռնի զոհերի տարելիցի միջոցառումներին, դրանից ոչինչ չի փոխվում. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար միևնույն է՝ Տեր-Պետրոսյանը կայցելի՞ Ծիծեռնակաբերդ, թե՞ գրիպով հիվանդ լինելու պատճառով չի գնա: Բայց Պուտինը չափազանց զգայուն է Հայրենական պատերազմի տոնակատարության հարցում, քանի որ այդ միջոցառման մասնակցությունն ընկալում է՝ որպես Ռուսաստանին մատուցված հարգանքի տուրք, իսկ բոյկոտը՝ որպես հակառուսական վարքի դրսևորում:

Կարդացեք նաև

Եթե 1915 թվականին զոհերի մեջ լինեին մի քանի տասնյակ ռուսներ, ապա կարելի է չկասկածել, որ ՀԱԿ վերնախավը նույն պարտաճանաչությամբ կայցելեր նաև Ծիծեռնակաբերդ: Բայց քանի որ պատմությանը նման դեպքեր հայտնի չեն, ապա չպետք է զարմանալ ՀԱԿ ղեկավարության կողմից դրսևորվող նման խտրականության առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս