Արամ Մանուկյան. Այս իշխանությունները չեն գովերգում այն մարդկանց, ովքեր իրականացրել են Շուշիի հաղթանակը

«Սա մեր մեծագույն հաղթանակներից մեկն է, սա ոչ թե բարոյական, հոգեբանական, այլ իրական հաղթանակ է: 20 տարի առաջ հայ ժողովրդի արժանի զավակների շնորհիվ արձանագրվել է հայ ժողովրդի իրական հաղթանակը»,- այսօր` Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Շուշիի ազատագրման մասին` նշեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Միաժամանակ նախկին իշխանության ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունները չեն գնահատում և չեն արժևորում այդ հաղթանակը:

«Այս իշխանությունները չեն գովերգում այդ արժեքները, այն մարդկանց, ովքեր իրականացրել են այդ հաղթանակը: Եվ հազարավոր ազատամարտիկներ, հազարավոր զոհվածների հարազատներ գտնվում են շատ խեղճ վիճակում, մեծ մասն արտագաղթել է Հայաստանից, և մեր պատմության ամենալուսավոր կետերից մեկը չի գտնվում այն իրական, անհրաժեշտ բարձրության վրա, որ պետք է լիներ:

Բայց, բոլոր դեպքերում, այն սերունդը, որը կերտել է այդ հաղթանակը, որն իր զրկանքներով հասունացրել է այդ հաղթանակը, կա, և կարծում եմ` գալու է ժամանակը, երբ ըստ արժանվույն կնշվեն Շուշիի հաղթանակը, ղարաբաղյան մյուս հաղթանակները և, բնականաբար, չեմ ուզում առանձնացնել նաև Հայրենականի մեր հաղթանակը: Այս պահին մեր երկրի համար օդի ու ջրի պես պետք է այս հաղթանակի` ղարաբաղյան ազատամարտի արժևորումը:

Կարդացեք նաև

Ուզում եմ նաև շնորհավորել մեր ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր պերճացած հպարտությամբ են սիրում այս տոնը: Կա այդ սերունդը, որ սիրում է այդ հաղթանակը: Շնորհավորում եմ բոլոր այդ մարդկանց և ասում, որ հայ ժողովուրդը դեռ չի խեղճացել այնքան, որ չգնահատի իր իսկ կերտած, իր իսկ ստեղծած, իր իսկ ծնած հաղթանակը: Շնորհավոր բոլորիդ տոնը, ցանկանում եմ լավատեսություն և հաղթանակներով լեցուն ամիս: Մի´ խեղճացեք, մենք դեռ շատ ենք միասին հաղթանակներ կերտելու»,- ավելացրեց Արամ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս