Երկրի նախագահ լինելը ոչ թե պարզապես աշխատանք է, այլ՝ անձնազոհություն. Լուկաշենկո
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում անցկացնել նախընտրական կամպանիա.
«Ես չեմ սկսել այն և չեմ էլ սկսելու: Այն կընթանա նույն ձևով, ինչպես և նախորդ ընտրությունները: Ժողովուրդը պետք է իր մեջ պարզի, թե արդյոք պե՞տք է Լուկաշենկոն, թե՞ ոչ: Եթե չեմ ձանձրացրել, ընտրե՛ք»: Լուկաշենկոն խոստացել է, որ չի նեղանալու, եթե մարդիկ չքվեարկեն իր օգտին:
Նա ընդգծել է, որ երկրի նախագահ լինելն այնքան էլ հեշտ չէ, որ դա ոչ թե պարզապես աշխատանք է, այլ՝ անձնազոհություն. «Եթե ինչ-որ մեկը պատրաստ է դրան, եթե ինչ-որ մեկը կհայտնվի, ապա ես միայն ուրախ կլինեմ, որովհետև ես հավերժ չեմ: Վաղ թե ուշ պետք է հեռանալ»:
Բելառուսում նախագահական հերթական ընտրությունները պետք է անցկացվեն 2015 թվականի նոյեմբերի 20-ից ոչ ուշ: