Կառավարությունը նոր առաջարկներ է ներկայացրել կուտակային կենսաթոշակների վերաբերյալ
Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակի կողմից ներկայացված առաջարկներից հետո ՀՀ կառավարությունը նոր առաջարկներ է ներկայացրել: Այս մասին զրուցեցինք ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
– Պարոն Մինասյան, ի՞նչ առաջարկներ է ներկայացրել կառավարությունը և արդյոք բավարա՞ր են դրանք:
– Ինչպես հայտնի է, 4 ուժերը կառավարությանը ներկայացրել էին առաջարկություններ ԱԺ-ում քննարկվող օրինագծի վերաբերյալ: Կառավարությունը ներկայացրեց աշխատանքային մի տարբերակ, որում փորձ են արել հաշվի առնել մեր առաջարկությունները: Մասնավորապես՝ կառավարությունն առաջարկում է, որ պարտադիր բաղադրիչից դուրս գալու համար քաղաքացին համապատասխան դիմում ներկայացնի, երկրորդ՝ պահպանվի պետական մասնակցությունն անկախ նրանից՝ քաղաքացին ցանկանո՞ւմ է մասնակցել, թե՞ ոչ, երրորդ՝ գործատուների նկատմամբ տույժ-տուգանքները չկիրառվեն և պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածի գործողությունը հետաձգել սեպտեմբերի 30-ից հետո: Կառավարությունն ընդունել էր այն գաղափարը, որ քաղաքացու կամարտահայտության հետ կապված հարաբերությունները պետք է առաջանան ապրիլի 2-ից, այլ կերպ ասած, օրենքի՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերին հետադարձ ուժ պետք է տրվի: Այս պահի դրությամբ աշխատանքային քննարկման կարգով կառավարության ներկայացրած նախագիծը որոշակի ուսումնասիրության ենթարկվել է մեր կողմից, մասնավորապես՝ քննարկել ենք մեր խմբակցությունում և մեր գործընկերների հետ: Մենք ներկայացրել ենք մի նոր լրացուցիչ առաջարկություն, որի էությունը հետևյալն է՝ այս պահին ընդունելի չէ պետական մասնակցության շարունակականությունը և, եթե քաղաքացին չի ցանկանում մասնակցել այդ ֆոնդին, ապա պետական բյուջեից համապատասխան հատկացումներ չպետք է լինեն, որովհետև նախ հանրային ընկալման մեջ այն կդիտվի որպես կառավարության պատրաստակամություն՝ շարունակելու նույն պարտադիր բաղադրիչը, ինչը մեզ համար ընդունելի չէ, և մենք գտնում ենք, որ ՍԴ-ն այն ճանաչել է հակասող և անվավեր և, հետևաբար, չի կարող պարտադիր բաղադրիչը եղած տեսքով շարունակվի: Երկրորդ պատճառն այն է, որ պետական բյուջեի միջոցների անհարկի ծախսում է տեղի ունենում, և վերջապես երրորդ՝ քանի որ նոր համակարգը մշակված չէ, պետական բյուջեից հավելյալ միջոցներ ծախսել պետք չէ: Մեր քննարկման արդյունքում մշակված մյուս առաջարկն այն է, որ քաղաքացու դիմումի ներկայացման ընթացակարգը պետք է լինի շատ հստակ, առանց երկիմաստությունների և գործատուն պետք է պարտավորված լինի այդ դիմումին ընթացք տալ: Սա նաև գործատուի պաշտպանությանն ուղղված առաջարկ է, որովհետև գաղտնիք չէ, որ շատ հաճախ մենք հանդիպում ենք դեպքերի, երբ գերատեսչական ենթակայության գործատուները ստիպված են լինում հաշվարկել և փոխանցել կուտակային վաճարները: Նման դեպքերը բացառելու համար գործատուն պարզապես չպետք է հաշվարկի և փոխանցի որևէ գումար, եթե քաղաքացին դիմելու է, որ չի ցանկանում ընդգրկվել այդ համակարգի մեջ: Մեր մյուս առաջարկությունն այն է, որ բոլոր այն գործատուները, ովքեր մինչ այժմ չեն փոխանցել գումարները, նրանք այս օրենքի ընդունմամբ պետք իրենց աշխատակիցների առաջ պարտավորությունը կատարեն, այսինքն՝ հետ վճարեն իրենց աշատակիցներից պահված գումարները: Իսկ եթե չեն էլ պահել այդ գումարները, ապա դրա օրինականացումը պետք է այս օրենքը տա, որպեսզի հետագայում որևէ արհեստական պարտավորություն չձևավորվի և չհաշվարկվի գործատուների համար: Սրանք են մեր հիմնական մոտեցումներն այս պահի դրությամբ: Բայց կառվարությունից դեռ չունենք վերջնական մոտեցում այս առաջարկությունների վերաբերյալ: Շատ կարևոր մեկ հարց էլ կա՝ կուտակային ֆոնդերում գտնվող գումարների մասով. հետվերադարձի հետ կապված մենք կարծում ենք, որ այն քննարկման և իրացման է ենթակա ՍԴ որոշման ամբողջ տրամաբանության հիմքում:
– Դա ի՞նչ է նշանակում:
– Այսինքն՝ ցանկացած նոր փաթեթ, որ կգա խորհրդարան նոր համակարգը նկարագրելու և գործադրելու առումով, դրանում պետք է ֆոնդերում եղած գումարների հետվերադարձի հարցը նախատեսվի:
– Առաջիկայում ի՞նչ է նախատեսվում, քննարկումները շարունակվելո՞ւ են:
– Այսօր կառավարության նիստում որոշվել է երկուշաբթի օրն ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ օրակարգում ընգրկելով նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը: Այլ կերպ ասած՝ ակնկալում ենք, որ եթե ոչ այսօր կամ վաղը, ապա առնվազն երկուշաբթի օրը կառավարության հստակ դիրքորոշումը մենք կունենանք՝ մեր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:
– Ի՞նչ եք կարծում, եթե մասնավոր հատվածում քաղաքացիները դիմում գրեն և չմասնակցեն պարտադիրին, պետական հատվածում ճնշումներ հնարավո՞ր են, որ աշխատակիցներին արգելեն դիմումներ գրել:
– Ամեն ինչ կարող ենք ասել հնարավոր է, բայց այս դեպքում մենք գործ ենք ունենում կազմակերպված հանցագործության հետ, ինչը, ես կարծում եմ, գոնե ողջամտության սահմաններում պետք է բացառել: Եթե նախկինում քաղաքացիների դիմումները հաշվի չէին առնվում, դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ մեկնաբանվում էր, թե չկա դրա օրենսդրական համապատասխան հիմքը: Այս դեպքում մենք տվել ենք այնպիսի ձևակերպում, որ եթե մեր առաջարկությունն ընդունվի, ապա գործատուն պարզապես իրավունք չի ունենա հաշվարկել և փոխանցել որևէ գումար, եթե քաղաքացին դիմումը տվել է: Մենք դիմում ներկայացնելու 3 հնարավոր առաջարկ ենք տվել՝ առաջինն առձեռն դիմումն է, որի դեպքում պետք է նաև գործատուի համապատասխան իրավասու անձը դիմումն ընդունելու մասին տեղեկանք տա, երկրորդը էլեկտրոնային եղանակն է, երրորդը՝ փոստային առաքումը: Այս 3-ից որևէ մեկն էլ կիրառելու դեպքում գործատուն չի կարող անօրինական վարքագիծ դրսևորել: Եթե խոսքը գնում է բռնություն գործադրելու միջոցով կամ այդպիսի սպառնալիքի միջոցով աշխատակցին պարտադիրում պահելու ցանկություն իրականացնելու կամ այդ մոտեցումով շարժվելու վրա, սա նշանակում է, որ մենք այլևս գործ ունենք հանցագործության հետ և հետամուտ ենք լինելու, որ նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկեն այն անձանց և պաշտոնյաների, որ այդպիսի քայլ կկատարեն: Դա վերաբերում է թե´ պետական, թե´ մասնավոր հատվածին: Ավելին, ես կարծում եմ, որ վարչապետի հայտարարությունից հետո, եթե օրենքն ընդունվի այն տեսքով, ինչ որ մենք գոնե այս պահին պատկերացնում ենք, ապա այդ դեպքում որևէ պետական հաստատության ղեկավար չի կարող դեմ գնալ վարչապետի հայտարարությանն ու օրենքի պահանջներին:
– Այսինքն, եթե քաղաքացին դիմում չգրի, մեխանիկորեն մնում է պարտադիրի մեջ:
– Կառավարության առաջարկը դա է:
– Էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգում կուտակայինի ինքնաշխատ հաշվարկը հանվելո՞ւ է:
– Այո, դա փոխարինվոմ է բացառապես քաղաքացու կամահայտնության սկզբունքով աշխատելու տարբերակով: Արդեն հայտնել են, որ ծրագրային ապահովումը պատրաստ է և ներդրվում է: Դրա էությունն այն է, որ ի տարբերություն նախկինի, երբ աշխատավարձը մուտքագրելիս անմիջապես ինքնաշխատ ձևով հաշվարկվում էր կուտակային վճարը, այս դեպքում մուտքագրելով աշխատավարձի չափը, համապատասխան իրավասու անձը (հաշվապահը կամ այլ) պետք է նաև այդ ծրագրի վերևի հատվածում համապատասխան վանդակում թռչնակ դնի, որի դեպքում կուտակային հաշվարկը կասեցվում է, այսինքն՝ կուտակային վճարի վանդակը զրոյացվում է: Դա նշանակում է, որ եթե քաղաքացին դիմումը տվեց, թռչնակը դրվում է և քաղաքացին դուրս է գալիս պարտադիր բաղադրիչից:
– Ըստ Ձեզ՝ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման հետագա քայլերը որո՞նք պետք է լինեն:
– Ես կարծում եմ, որ պարտադիր կուտակային համակարգի հետ կապված «Դ!ԵՄ ԵՄ»շարժումը հսկայական գործ է արել և շարունակում է անել: Սա մեր հասարակության առողջ դիմադրողական հատվածն է և, կարծում եմ, որ քանի դեռ նոր համակարգն ամբողջությամբ լուծում չի ստացել, անհրաժեշտ է, որ շարժումն իր թափը չթուլացնի, այլ նոր թափ հավաքի և, ինչու չէ, երբ քննարկումներ կգնան նոր համակարգի մասին, իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն: Ես ողջունում և շնորհակալություն եմ հայտնում «Դ!ԵՄ ԵՄ»շարժմանը: