Գիրգորյանը, առողջականից բացի, խնդիրներ է ունել Ծառուկյանի հետ
Մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, ով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր: Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելը բացատրել էր առողջական պատճառներով: Այն, որ Գրիգոր Գրիգորյանը իսկապես առղջական խնդիրներ ունի՝ կապված թոքերի հետ, հայտնի է շատերին. նա տևական բուժում է ստացել և՛ Հայաստանում, և արտասահմանյան առողջարաններում: Բայց արդյո՞ք առողջական խնդիրներն էին մանդատից հրաժարվելու իրական պատճառը:
Հայտնի է, որ ԱԺ պատգամավորների մեջ բազմաթիվ են առողջական խնդիրներ ունեցողները, կան պատգամավորներ, որոնց առողջական խնդիրներն անհամեմատ ավելի լուրջ են, քան Գրիգոր Գրիգորյանինը, բայց նրանց մտքով անգամ չի անցնում հրաժարվել մանդատից: Պատգամավորի մանդատը որևէ կերպ չի խանգարում պատգամավորին` հոգ տանել իր առողջության մասին, քանի որ պատգամավորը կարող է շաբաթներով և նույնիսկ ամիսներով չլինել խորհրդարանում, և դրա լավագույն օրինակը հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է:
Իրականում Գրիգոր Գրիգորյանը մեծ հաճույքով մինչև ներկա խորհրդարանի լիազորությունների ավարտը կմնար պատգամավոր, եթե դա թույլ տար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մեր տեղեկություններով` հենց նա է պարտադրել Գրիգորյանին մանդատից հրաժարվելու դիմում գրել:
Ծառուկյանի և Գրիգորյանի հարաբերությունները լարված են եղել նրա պատգամավոր դառնալուց անմիջապես հետո: Ըստ արարատցիների (Գրիգոր Գրիգորյանը ծնունդով Արարատի Վանաշեն գյուղից է), Ծառուկյանը միշտ էլ դժգոհ է եղել Արարատում Գրիգորյանի կուսակցական գործունեությունից: Ավելին՝ հայտնի են դեպքեր, երբ Ծառուկյանն այցելել է մարզ, սակայն Գրիգորյանը նրան չի դիմավորել, ինչը համարվում է վատ վարքի դրսևորում:
Ըստ ավանդույթի, եթե կուսակցության ղեկավարն այցելում է որևէ քաղաք, այդ քաղաքի հետ կապ ունեցող կուսակցականները պետք է այնպես անեն, որ կուսակցության առաջնորդի դիմավորման արարողությունը հնարավորինս տպավորիչ և բազմամարդ լինի: Իսկ Գրիգորյանը ոչ միայն մարդաքանակ չի ապահովել, այլև նույնիսկ ինքը չի ներկայացել Ծառուկյանի մասնակցությամբ հանդիպումներին: Գրիգորյանին ճանաչողներն ասում են, որ նա իր էությամբ այնպիսի մարդ է, որ ոչ մի կերպ չէր կարող համակերպվել այն մտքին, որ որևէ օլիգարխ կարող է իր ղեկավարը լինել։
Գրիգորյանը գեներալ-լեյտենանտի կոչում ունի և Ոստիկանության զորքերի հրամատար լինելով` սովոր էր, որ օլիգարխները պետք է իրեն ծառայեն և ոչ թե` հակառակը:
Ծառուկյանի և Գրիգորյանի հարաբերությունների ճգնաժամը գագաթնակետին է հասել 2013թ. նոյեմբերի 10-ին՝ Արարատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որտեղ հիմնական թեկնածուները ՀՀԿ-ական Հայկ Հայկյանն ու ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանն էին: Այդ ընտրությունները ԲՀԿ նախագահի համար շատ կարևոր նշանակություն ունեին, և ԲՀԿ-ն փորձում էր ցույց տալ, որ ավելի լայն հանրային աջակցություն ունի, քան ՀՀԿ-ն: Ընտրություններում հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուն, ԲՀԿ-ական թեկնածուն ստացել էր նրանից ընդամենը 330-ով պակաս քվե:
ԲՀԿ-ի համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ ընտրություններին Գրիգոր Գրիգորյանը որևէ մասնակցություն չէր ունեցել:
Ավելին, ԲՀԿ-ականներն ասում են, որ ոչ նա, ոչ նրա ընտանիքի անդամները, ովքեր բնակվում են Արարատ քաղաքում և ընտրելու իրավունք ունեին, անգամ չեն մտել ԲՀԿ-ական թեկնածուի շտաբ: Գրիգորյանն այդ օրերին հայտարարել է, որ ինքն առողջական խնդիրներ ունի և պետք է Հայաստանից մեկնի՝ բուժման նպատակով:
ԲՀԿ-ականները պնդում են՝ իրենք պարզել են, որ Գրիգորյանի բուժման ծախսերը հոգացել են ՀՀԿ-ականները, որպեսզի նա չխանգարի իրենց: ԲՀԿ-ականները նույնիսկ կասկածներ են ունեցել, որ Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները քվեարկել են ՀՀԿ-ական թեկնածուի օգտին:
Այդ ընտրություններից անիմիջապես հետո Ծառուկյանը ցանկացել է մանդատից զրկել Գրիգորյանին, սակայն նա դիմել է որոշ ազդեցիկ մարդկանց միջնորդությանը, որպեսզի իրեն գոնե որոշ ժամանակ տրվի անձնական գործերը կարգավորելու համար: Թերևս, Ծառուկյանն էլ համաձայնել է 6 ամիս ժամանակ տալ Գրիգորյանին, և այդ 6 ամիսը լրացել է:
Կա նաև այլ խնդիր. ԲՀԿ-ական պատգամավորների մոտ հասունանում է դժգոհություն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Նրանց մի մասն իր ընտրատարածքում բավական լուրջ գումար է ծախսել, որպեսզի հետագայում վերադարձնի: Մինչև վերջերս Ծառուկյանն ասում էր, որ խնդիրը Տիգրան Սարգսյանն է, որի վարչապետ լինելու հանգամանքը ԲՀԿ-ականներին թույլ չի տալիս լինել իշխանության մեջ և հետ բերել ներդրված գումարները: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ԲՀԿ գործարար խավը հույս ուներ, որ ԲՀԿ-ն կհայտնվի կառավարությունում և իրենց առաջ կբացվեն իշխանության դռները:
Սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխանություն ունենալու համար պետք է անցնել Մելիք-Ադամյանով: Ծառուկյանը ստիպված էր հայտարարել, որ հաջորդ իշխանությունը ՀՀԿ-ական չի լինելու, և պետք է առնվազն երեք տարի ևս սպասել: ԲՀԿ-ականների համբերությունը սպառվել է, ու դժվար է ասել, թե նրանք ում կհավատան` Շարմազանովի՞ն, թե՞ Ծառուկյանին: Գրիգոր Գրիգորյանին հեռացնելով խմբակցությունից և զրկելով նրան պատգամավորական մանդատից` Ծառուկյանը ցույց է տալիս, որ խիստ է լինելու բոլոր դժգոհողների և պայծառ ապագայի նկատմամբ թերահավատ գտնվողների նկատմամբ: