Բաժիններ՝

Մտավորականի բողոքը եկեղեցում տիրող անարդարությունների դեմ

Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, ապրիլի 28-ին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ, Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ «կարգալույծ է հռչակվել Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար»: Այս առիթով հասարակական լայն հնչեղություն ստացած ապօրինի կարգալուծությունների թեման գնալով ընդարձակվում է, և բացահայտվում են անհիմն «կարգալուծությունների» իրական պատճառներն ու այլ մանրամասներ: Համատարած բողոքի ու ընդվզումի ալիքին միացել է նաև Մեսրոպ Մաշտոցի Մատենադարանի գիտաշխատող, կրոնագիտական և աստվածաբանական գրքերի հեղինակ Արամ դպիր Դիլանյանը, ով ակտիվ քննարկումներ է ծավալում իր ֆեյսբուքյան էջում:

Տեր Մարտիրոսի հետ պատահած դեպքերի վերաբերյալ նա մասնավորապես գրում է. «Այս կարգալուծությունը անպատվություն չէ հոգևորականի համար, քանի որ հոգևորականի պատիվը որոշվում է իր հոտի և հավատացյալների վերաբերմունքով: Զանազան աղոթքների խմբեր կան, եկեղեցական միություններ, համայնքներ, կենտրոններ և այլն, վերջապես այդ ամենը ծառայելո՞ւ են իրենց նպատակին, թե՞ ձևի համար են: Ահա կարգալույծ են արել անարծաթ քահանայի, միշտ բողոքել եք, որ քահանան փող է վերցնում, ահա քահանա, որ փող չի վերցրել, և նրան կարգալույծ են արել, շարունակելո՞ւ եք ձեր կառույցներում նիստեր անել, թե՞ վերջապես բարձրացնելու եք ձեր ձայնը: Եթե լռելու եք, լռեք հավիտյան, և այլևս չխոսեք. ես ձեզ չեմ վստահում: Ուղղակի շնորհակալություն հայտնենք տեր հորը, որ կատարեց իր պարտքը, իր կարողության չափով և դեռ ավելին, և հուսանք, որ մեր Եկեղեցու համար էլ մի օր լույս կբացվի: Իսկ բոլոր նրանք, ովքեր գերադասում են լռել կամ վերադասի աչքին լավ երևալ, ասեմ, որ վերադասը երբեք էլ ձեզ չի գնահատի: Այն, որ տեր հայրը ծառայության համար դրամ չի վերցրել, դա արդեն նշանակում է, որ նա բացախոս է եղել մինչև կարգալույծ լինելը: Ուրիշ ի՞նչ կերպ պետք է արտահայտվեր նրա բացախոսությունը. մի՞թե պետք է խայտառակեր Եկեղեցին, որպեսզի բացախոս երեւար: Մարդը ծառայել է` իր հնարավորություններից ավելին անելով: Փորձե՛ք դուք ձեր հիմնական աշխատանքից հետո գնալ տարբեր տեղեր և զանազան ծառայություններ մատուցել: Տեր Մարտիրոսը կամա թե ակամա մի հարց է բարձրացրել Հայ Եկեղեցու հոգևոր դասի և աշխարհականների առջև, թե ինչպե՞ս պետք է քահանան հոգ տանի իր ընտանիքի համար:

Հայտնի է, որ հայ քահանան աշխատավարձ չի ստանում և թողնված է համայնքի հույսին: Տեղեր կան, որտեղ իրական հոգևոր համայնքներ չկան, ասեմ ավելին՝ ժողովուրդը ուղղակի կապ չունի Եկեղեցու հետ. վխտում են աղանդավորները, գերիշխող է աթեիստական հայացքները, իսկ հոգևոր խորհուրդները՝ մկրտություն, թաղում և այն, դիտարկվում են որպես ազգային սովորություններ: Այդպիսի համայքում հայտնված քահանան կա՛մ սովի պետք է մատնի իր ընտանիքը, կա՛մ պետք է այս ու այն կողմ գնա և ինչ-որ բան հայթայթի: Ճիշտ կլինի, եթե աշխատավարձ սահմանեն քահանային, խելամիտ սահմաններում, որպեսզի քահանան զբաղվի միայն հոգևոր ծառայությամբ: Եթե ծանր է այսօր ֆինանսական իրավիճակը, ապա կարելի է այլ բաներ մտածել, օրինակ.

1. Որևէ հարուստ համայնք իր վրա վերցնի Հայաստանի հեռավոր գյուղերում ծառայության անցած հոգևորականի հոգսերը և ամսական մի գումար փոխանցի ուղղակի այդ քահանային, ԱՌԱՆՑ միջնորդի:

2. Երևանում ծառայող քահանաները իրենց հասույթից մաս հատկացնեն նման քահանաների համար:

3. Փորձառու քահանաները, որոնց ընտանեական հոգսերը նվազել են, և իրենք բավարարվում են միայն մի կտոր հացով, թող մեկնեն հեռավոր գյուղեր՝ հոգեւոր առաքելությամբ:

4. Բացել խմբակներ, որտեղ ծանր վիճակում հայտնված քահանաները կկարողանան ներկայացնել իրենց խնդիրները և ստանալ համապատասխան օժանդակություն:

Հիշեցնում եմ, որ քահանաները չունեն հրեշտակային բնություն, այսինքն՝ մարդ են և ուտել է պետք, չնայած որ ունեն հրեշտակային առաքելություն. այն է՝ քարոզել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Ավետարանը: Տեր Մարտիրոսը ընտրել է անարծաթ քահանայության ճանապարհը, և ես անձամբ ողջունում եմ այդ քայլը: Ուրախ կլինեմ, եթե նրա օրինակին հետևեն մյուս քահանաները ևս, ովքեր կարող են, քանի որ այսօր միայն այդ ճանապարհով է հնարավոր քարոզել մեր Տիրոջ Ավետարանը հայ ժողովրդի մեջ:

Որոշել էի չգրել, որովհետեւ մարդկանց չի հետաքրքրում Եկեղեցում կատարվածները, ինչպես մի ռաբիզ երգում է ասվում. «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իր դարդին»: Բայց մինչև ե՞րբ: Մարդիկ իրենց ճամպրուկներն են պատրաստում, որ լքեն երկիրը, ի՞նչ Եկեղեցի, ի՞նչ կարգալույծ, որևէ մեկին չի հետաքրքրում»:

Իսկ ահա ավելի վաղ իր ֆեյսբուքյան գրառումներում Մատենադարանի գիտաշխատողը նոյնպիսի մի բողոք էր հայտնել նաև կաթողիկոսի և իր շրջապատի հերթական զոհերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Եղիա աբեղա Խաչատրյանի առնչությամբ. «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի` դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ «կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար», տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը: Կարո՞ղ եք վկայել, պարոնայք «լրատվական ծառայության» պատասխանատուներ, թե ինչո՞ւմ է կայանում հայր սուրբի «եկեղեցականին անհարիր ընթացք»-ը և «ուխտազանցությունը»: Ես շատ ցավում եմ ձեզ համար, որովհետեւ դուք ոչինչ ասել չեք կարող, բացի կրկնելուց այն, ինձ ձեզ հանձնարարված է ասել: Տեսնես, թե ի՞նչ եք ասելու Դատաստանի օրը, երբ ամբողջ աշխարհը ձեզ նայի:

Բոլորս էլ մեղավոր ենք, բայց դուք նաև ուրիշի մեղքերն եք վերցնում ձեզ վրա: Ցավում եմ ձեզ համար, և բոլոր նրանց համար, ում ուրախացրել է այս լուրը, նաև նրանց համար, ովքեր չեն կարող ազատ արտահայտվել, ընդվզել, բողոքել, որովհետեւ վախենում են կարգալույծ լինելուց: Շարունակե՛ք վախենալ. դա այն է, ինչ կարող եք անել այսօր: Եթե հայր Եղիան իրապես մեղավոր է, ապա պետք է կարգապահական տույժի ենթարկել նաեւ վանքի վանահորը, նրա խոստովանահորը, ձեռնադրող եպիսկոպոսին, ինչպես նաև մի շարք միաբանների, ովքեր իմանալով հանդերձ նրա մեղքերը՝ մինչ այսօր լռել են: Ինչպես նաև հոգևոր խորհուրդ պետք է գումարվի այս հարցով և այլն: Շատ դժվար է անմիջապես տեսնել սեփական բացթողումները:

Կարծում եմ, որ մեր այս բազմախոսությունն էլ իր հետևանքները կունենա, և որոշ մարդիկ, ինչպես նաև ես, կանենք լուրջ եզրակացություններ: Երբ ես աշխատում էի ինժեներ, մեզ տրված էր սխալվելու իրավունք, և իմ սխալների համար պատասխան էր տալիս իմ անմիջական ղեկավարը: Կարծում եմ, որ հոգևորականի և հոտի կյանքն ու փրկությունը շատ ավելի թանկ են, քան այն սարքերը, որոնք ես կարող էի այրել իմ տգիտության պատճառով: Այդ իսկ պատճառով, երիտասարդ հոգևորականների սխալներին ևս պետք է ներողամտությամբ մոտենալ, եթե կան, իսկ հոգևոր վերնախավը, այսինքն՝ մեր եպիսկոպոսները, պետք է սուգ անեն կատարվածի համար:

Ես մի քանի հարցեր ունեմ հայր Եղիայի կարգալուծության որոշումը պաշտոնապես հայտարարելու առնչությամբ.

1. Եթե կարգալույծի որոշումը կայացվել է դեկտեմբերի 12-ին, ապա ինչո՞ւ է հաղորդագրությունը 4 օր ուշացումով հրապարակվում: Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ է կատարվել այդ 4 օրերի ընթացքում: Կարող եմ ասել, որ դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, հայր սուրբը եղել է Մատենադարանում, մենք մոտ 3 ժամ զրուցել ենք աստվածաբանական և քրիստոսաբանական հարցերի շուրջ, հանդիպել ենք որոշ մարդկանց, և այդ օր նա իր կարգալույծի մասին տեղյակ չի եղել: Մատենադարանում նրան շատերն են տեսել, և կարծում եմ, բոլորն էլ կարող են վկայել, որ կարգալույծ արվածի տեսք չուներ:

2. Եթե չեմ սխալվում, հայր սուրբը իր բաց նամակը գրել էր օգոստոս ամսին, համենայն դեպս, եպիսկոպոսական ժողովից շատ առաջ, իսկ նրան կարգազուրկ են անում դեկտեմբերի 12-ն: Ի՞նչ է, նամակը նո՞ր կարդացին: (Հիշյալ վճիռը տեղի ունեցավ Արսեն արք. Բերբերյանի մահվան յոթնօրեքի կարգը կատարելուց հետո, քանի որ նա, որպես Կարգապահական հանձնախմբի ատենապետ, հայր Եղիայի միակ պաշտպանն էր Մայր Աթոռում):

3. Հայտնի է նաև, որ հայր սուրբը գտնվել է պատժաշրջանում. Որևէ մեկը զեկույց ներկայացրե՞լ է, թե ինչպես է անցել պատժաշրջանը:
4. Կարո՞ղ ենք արդյոք տեսնել «կարգապահական հանձնախմբի» կազմած արձանագրությունները` աբեղայի կարգալույծի հարցի կապակցությամբ: Որեւէ մեկը կարո՞ղ է այն հրատարակել: Հետաքրքիր է նաև հանձնախմբի կազմը և նրանց օրակարգը:

Հարկ է տեսնել նաև նիստի արձանագրությունները և կայացած որոշման փաստաթուղթը, ինչպես նաև կաթողիկոսի հրամանը` ստորագրությամբ հանդերձ: Հակառակ դեպքում տեղեկատվական բաժնի հայտարարությունը մնում է օդի մեջ: Այսինքն՝ քանի դեռ այդ փաստաթղթերը հրապարակված չեն, կարգալույծը ուժի մեջ չէ: Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 2-ին կայացած նիստի արձանագրություններին: Իսկ եթե կաթողիկոսը այդ օրը եղել է Փարիզում, ապա ե՞րբ է ստորագրել հրամանը: Եթե դեկտեմբերի 12-ին կաթողիկոսը եղել է Փարիզում, ապա այդ օր նա չէր կարող ստորագրել հրամանագիրը: Ստացվում է` հրամանագիրը ստորագրել է մեկ ուրիշ օր, ետին թվահամարով (այսինքն` հայր Եղիայի վերջին` դեկտեմբեր 15-ի թվակիր նամակի հաջորդ օրը` դեկտեմբեր 16-ին): Այսինքն՝ հրամանը անվավեր է:

Եթե մենք ապրեինք Արեւմուտքում, ապա այսպիսի «կարգալույծը» դատարանը անվավեր կհամարեր, քանի որ հայր սուրբին չեն տվել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որը պետք է անեին նույն օրը: Ի վերջո, եթե նիստերի արձանագրությունների և սղագրությունների հարցերը կարգավորվի, ապա այդքան էլ հեշտ չի լինի կարգալույծ անել: Ես համոզված եմ, որ սա վերջին կարգալույծը չէ, և սրանով մենք պետք է կանխենք առաջիկա կարգալույծները, թե չէ մի օր քահանա չենք ունենա, որ Պատարագ մատուցի:

Մեք ունենք քահանաներ, որ չունեն քարոզելու շնորհ, իսկ հայր սուրբը ունի նաև գործուն միտք: Ես նրա համար չեմ անհանգստանում, այլ՝ ձեզ համար, որ ինքներդ չեք կարողանում, սակայն արգելում եք նրան, ով կարողանում է: Ֆեյսբուքում շատ հոգևորականներ կան, նաև եկեղեցական միության անդամներ, բայց երբ բանը հասնում է լուրջ արտահայտվելուն, բոլորը լռում են: Մեր հոգեւորականների մի մասը միայն իրենց նկարներն են դնում Ֆեյսբուքում և ակնկալում են «հավանումներ» (like) ստանալ:

Ես ձեզանից ոչ մեկին էլ չեմ տալու իմ «հավանումները», ինձանից հույս չունենաք: Իրավիճակը կարելի կլինի փոխել, եթե միաբանները հավաքվեն և բողոքեն, կամ էլ եպիսկոպոսները արտահայտեն իրենց անհամաձայնությունը, բայց չեն ուզում իրենց գլուխը դնել ցավի տակ: Մի՞թե Ֆրանսիա մեկնելը ինչ-որ արտառոց բան է, որի համար պետք է բերանդ փակ ման գաս: Իսկ Մայր Աթոռի փողերը ո՞ւմ փողերն են, մի՞թե ազգից չեն հավաքվել: Իսկ եթե դուք գիտեք, թե ինչ է կատարվում Մայր Աթոռում, ինչո՞ւ եք լռում, լուսավորե՛ք մեզ:

Ինձ Կանադայից գրեցին, որ իմ խոսքերից այնպիսի տպավորություն է ստացվում, որ ես չեմ սիրում մեր կաթողիկոսին: Եթե ասեմ. «Ո՛չ, սիրում եմ», ապա կեղծավորություն կլինի: Բայց ինձ թվում է, թե ես ինչ-որ օգուտ տալիս եմ նրան՝ առարկելով որոշ հարցերում: Եթե այսքան մեծ չափերի են հասել կարգալույծերը, ապա կարելի է վերլուծություն անել, թե ո՞րն է նման երևույթի պատճառը, ինչո՞ւ են մեր հոգևորականները այդքան վատացել, որ հայրապետը ստիպված դիմում է ամենածայրահեղ միջոցին: Այո՛, իրապես, ամեն ինչ չէ, որ պետք է ասվի, քանի որ Հայ Եկեղեցու հեղինակության հարցն է դրված, սակայն երիտասարդ ու անփորձ հոգևորականին ևս չի կարելի ջարդել: Բարի հովիվը մոլորված գառնուկին վերադարձնում է հոտ, և ոչ թե մոռթում է և ուտում: Այս լուրը ինձ այնպես ցնցեց, որ հազիվ եմ ինձ զսպում, որ չասեմ այն ամենը, ինչ պետք էր վաղուց ասել»:

Ռուզաննա Մանգասարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս