Վերջին օրով, վերջին ժամին ժամ չեն փոխում, ԿԳՄՍ փոխնախարար, դու պետք է ներողություն խնդրես. Սրբազան

Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նշենք, որ այս պահին ավտոերթով Գյումրի են գնում «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները` Բագրատ սրբազանի գլխավորությամբ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ այս համերգին պետք է ներկա լիներ նաև ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը։

Տավուշի թեմի «Տալույս» երգչախմբի (նրանք պետք է մասնակցեին համերգին) ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համերգը նախատեսված էր սկսել ժամը 14։00–ին։ Առավոտից եղել է հնչունային փորձ, որը անցել է հարթ, սակայն ժամը 12։45 ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգել է ու հրահանգել համերգը սկսել 13։00–ին։

«Հարցիս, թե որն է պատճառը, Դանիել Դանիելյանը պատասխան չտվեց։ Մենք պրոդյուսերի` Թովմաս Առաքելյանի միջնորդությամբ բացատրեցինք, որ պետք է 14։00–ին համերգ տանք, բացատրեցինք, որ տեխնիկական հարցեր կան, որ երեխաները դեռ պատրաստ չեն։ Եվ հետո հրապարակը դատարկ էր, ունկնդիր չկար, ո՞ւմ համար այդքան շուտ համերգ տայինք»,– ասաց նա։

Այս խոսակցությունից հետո րոպեների ընթացքում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրված բեմը ապամոնտաժվել է։

Տեսանյութեր

Լրահոս