Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հացադուլ էր հայտարարել, երբ ԱԳՆ–ի շենքի մոտ նրա նախնական ձերբակալումից անցել էր 6 ժամ, բայց նրան ո՛չ ազատ էին արձակել, ո՛չ էլ ձերբակալման որոշում էր կայացվել։
Փաստաբանի տեղեկություններով` Հարությունյանն այս պահին առողջական խնդիր ունի, ու նա ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում։
Ռուբեն Մելիքյանի խոսքով` բացի 28 ձերբակալվածներից, երեկ ոստիկանների հսկողության տակ են հայտնվել ևս 4 անձինք, որոնք շատ տարօրինակ կերպով ազատ են արձակվել։
«Դրանք այն մարդիկ են, որոնք վնասվածքներ էին ստացել ու տեղափոխվել բժշկական կենտրոններ։ Այն ոստիկանները, որոնք հսկողություն էին իրականացնում նրանց նկատմամբ հիվանդանոցում, 6 ժամը լրանալուց հետո պարզապես հեռացել են ու չեն ներկայացրել ձերբակալումից ազատ արձակելու մասին որոշում»,– ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է արձանագրված ձերբակալություններին, ապա Մելիքյանը նշեց, որ ձերբակալված անձինք գտնվում են տարբեր ՁՊՎ–ներում, այդ թվում` մարզային, քանի որ, ըստ փաստաբանի, Երևանում այլևս տեղ չկա։
«Մեղադրանքներ չկան, կան կասկածներ, այն կարող է պահպանվել 60 ժամ, դրանից հետո եթե կալանքի միջնորդություն են ներկայացնելու, պետք է այդ միջնորդությունը ներկայացնելուց առաջ մեղադրանք առաջադրեն»,– հայտնեց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ այս թվով քրեական գործերով անցնող ձերբակալվածներ առաջին անգամ է հանդիպում։