
3 բնակարան, 2 մեքենա. Մի քանի աղմկահարույց գործերով մեղադրող դատախազ Արման Նշանյանի հայտարարագիրը

Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, նախկին իշխանություններին վերաբերող մի քանի հնչեղ գործերով մեղադրող դատախազ Արման Նշանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը:
Արման Նշանյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից մեկը ձեռք է բերել 2005 թվականին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, մյուսը՝ 2015 թվականին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում և դարձյալ 2018 թվականի նոյեմբերին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Արման Նշանյանը բոլոր բնակարանները տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով: Սակայն հայտարարագրում մատնանշված չէ անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը:
2023 թվականը բարեբեր է եղել մեղադրող դատախազի համար. 2019 թվականին նրա ձեռք բերած 2009 թվականի արտադրության HYUNDAI մեքենային ավելացել է նաև 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան: Գնումը կատարվել է 2023 թվականի նոյեմբերին: Մեքենան գնվել է «Էլեկտրական մեքենաների էվոլուցիոն ընկերություն» ՍՊԸ-ից՝ 9 միլիոն դրամով:
Դրամական միջոցների մասին տեղեկությունը
Արման Նշանյանը հայտարարագրել է բանկային հաշիվների մնացորդներ երկու բանկում, որոնք տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 370,570 դրամ և 1,139,357 դրամ, տարեվերջին բանկային հաշվի մնացորդները կազմել են 882, 548 դրամ:
2023 թվականի վերջում կանխիկ դրամը կազմել է 8 միլիոն դրամ:
Հաշվետու տարվա եկամուտները դատախազը ստացել է Կոնվերս բանկից՝ 8,500,000 դրամ՝ փոխառության տեսքով, այլ եկամուտներ՝ ՊԵԿ-ից, որոնք կազմել են 1,128,000 դրամ, ապահովագրական հատուցում Նաիրի Ինշուրանսից՝ 835,000 դրամի չափով, աշխատանքի վարձատրություն Դատախազությունից՝ 12,165,537 դրամ: