Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք»

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է նախաձեռնության անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի և «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մոտ երեք տասնյակ մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։

«Աշոտ Հարությունյանը նախ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, ապա 6 ժամը լրանալուց ժամեր անց ձերբակալվել։ Ակնհայտ է, որ Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից։

«Նոր պրոյեկտ.տնտեսական ալիք» նախաձեռնությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Աշոտ Հարությունյանին և հորդորում իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում։

Միևնույն ժամանակ, միջազգային գործընկերներին, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Աշոտ Հարությունյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, որն ուղղակիորեն ոտնահարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները:

Ի վերջո, կոչ ենք անում ժողովրդավարության ջատագով միջազգային կառույցներին հանդես գալ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները դատապարտող հայտարարությամբ»,- ասվում է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս