Էրդողանի կուսակցության 70 պատգամավոր չի կարող առաջադրվել հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` երեկ տեղի է ունեցել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավար խորհրդի նիստը, որը նախագահել է ԱԶԿ-ի նախագահ և երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Նիստը տևել է մոտ 4.5 ժամ: Նիստից հետո ԱԶԿ-ի փոխնախագահ և կուսակցության խոսնակ Հուսեին Չելիքը հայտարարել է, որ նիստի արդյունքներով որոշվել է չփոխել կուսակցության կանոնադրությունը, ըստ որի` կուսակցության ներկայացուցիչներն իրավունք չունեն երեք անգամից ավելի ընտրվել պատգամավոր:
Դա նշանակում է, որ ԱԶԿ-ի 70 ներկայիս պատգամավորներ, այդ թվում նաև մի շարք նախարարներ, չեն կարողանա մասնակցել (առաջադրվել) հաջորդ տարվա ամռանը Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Դա, մասնավորապես, վերաբերում է նույն Հուսեին Չելիքին, փոխվարչապետներ Բյուլենթ Արընչին, Բեշիր Աթալային ու Ալի Բաբաջանին, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզըին, Եվրամիության հարցերով պետնախարար ու գլխավոր բանագնաց Մևլյութ Չավուշօղլուին, առևտրի նախարար Հայաթի Յազըջըին, զբաղվածության նախարար Ֆաուրք Չելիքին, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին, տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմին և մյուսներին, ինչպես նաև ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանին:
Հիշեցնենք, որ ԱԶԿ-ը հաղթել է 2002 թվականի նոյեմբերի 3-ի (10.808.229 քվե, 34.28 տոկոս, 363 պատգամավորական մանդատ), 2007 թվականի հուլիսի 22-ի վաղաժամ (16.327.291 քվե, 46.58 տոկոս, 341 պատգամավորական մանդատ) և 2011 թվականի հունիսի 12-ի (21.399.082 քվե, 49.83 տոկոս, 327 պատգամավորական մանդատ) խորհրդարանական ընտրություններում:
Ի դեպ, Էրդողանն ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել է (վերջին անգամ ընտրվել է) 2012 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ԱԶԿ-ի մեծ համագումարում, որին ներկա 1489 մասնակիցներից քվեարկությանը մասնակցել էր 1424-ը: Այդ 1424 անձանցից 1421-ն իր քվեն տվել էր Էրդողանի օգտին: Մնացյալ երեք ձայնն անվավեր էր ճանաչվել: