Ինչպես կզարգանա էլեկտրոնային առևտուրը Հայաստանում
2008-2009 թթ-ից սկսած էլեկտրոնային առևտրի ոլորտում յուրաքանչյուր եռամսյակ նախորդի նկատմամբ 7-10% աճ է նկատվել: Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ ՀՀ-ում քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2012թ-ին 2011 թ-ի համեմատ աճել է 33%-ով և կազմել 986 մլրդ 116 մլն դրամ, իսկ քանակը գերազանցել է 18.8 մլն-ը (2013թ-ի վիճակագրությունը դեռ չկա), այդ թվում՝ վիրտուալ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 42%-ով և կազմել 18 մլրդ 422 մլն դրամ, քանակը գերազանցել է 82.5 հազարը: Այսինքն՝ արտերկրից կատարվող էլեկտրոնային գնումների պահանջարկը մեր երկրում արագտեմպերով աճում է: Սակայն հին կադրերով նորացված կառավարությունը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ մաքսային օրենսգրքում, որոնք արագացված կարգով դեռ ապրիլի 23-ին արժանացել են կառավարության հավանությանը: Այդ փոփոխություններից մեկն ուղղված է հենց միջազգային էլ.առևտրի դեմ. նախատեսվում է ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքի չկիրառման ներկայիս գործող 150 հազար դրամ շեմը նվազեցնել մինչև 50 հազար դրամ: Մաքսազերծման չափը հաշվարկվելու է հետևյալ դրույքաչափերով.
ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կգ, իսկ ձեռքբերման արժեքը չի գերազանցում 50 հազար դրամը,
բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կգ, իսկ ձեռքբերման արժեքը գերազանցում է 50 հազար դրամը, սակայն չի գերազանցում 100 հազար դրամը:
Ինտերնետ հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս գործող պրակտիկան տարածվում էր միայն էքսպրես փոստային ծառայությունների վրա՝ DHL, FedEx, TNT, որովհետև այդ ծառայությունները մաքսայինին տեղեկացնում են ծանրոցների մասին, ՊԵԿ-ը մաքսազերծում էր դրանք և հաշվառում էր վարվում. «Այն ապրանքները, որոնք գալիս էին «Հայփոստի» միջոցով, դրանք մեզ անհայտ ինչ-որ ալգորիթմով առանց ստուգվելու կամ հասցվում էին, կամ չէին հասցվում տիրոջը, չէր վարվում մաքսային հաշվառումը` eBay-ից միանգամից փոստով բերվում էր պատվիրատուի տուն և ոչ մեկը չէր գրանցում, թե ինչ արժի: ՀՀ-ում առկա մաքսատներից մեկը Արարատյանն է, մյուսը՝ փոստի փոխանակման կետում, որտեղ մաքսավորն իր ներքին համոզմունքից ելնելով կարող էր ասել՝ բաց տեսնեմ ինչ է ծանրոցում և ձևակերպել մաքսազերծելու համար: Բայց եթե փոքր ծանրոց է, մինչև 1 կգ, թողնում էին անցնում էր առանց մաքսազերծման: Այսինքն՝ ոչ մեկը հաշիվ չէր պահում, թե ինչ գնի ապրանք ես ստացել և ամեն օր կարղ էիր ծանրոց ստանալ, մինչդեռ առանց մաքսային ձևակերպման 180 օրվա մեջ միայն 1 անգամ կարելի է էլեկտրոնային առևտուր անել: Եթե դա չի փոփոխվում, ապա այս օրենքի փոփոխությունը մեզ վրա ազդեցություն չի ունենա»:
Գ.Սաղյանի խոսքով՝ մեկ այլ նրբություն կա, որ կապված է Մաքսային միություն մտնելու հետ. «ՄՄ-ում թույլատրվում է 1 ամսվա մեջ 150 եվրոյի չափով էլեկտրոնային առևտուր անել: Մայիս-հունիսին պետք է ՄՄ-ի հետ կապված փաստաթուղթը ստորագրվի և ՀՀ-ում գործեն նույն օրենքները, ինչ ՄՄ-ում: Միգուցե այս փոփոխության իմաստն այն է, որ ՀՀ-ն, որպես միացող մաս, ցույց տա, որ իր կողմից զիջումներ է կատարել, այսինքն՝ մենք զիջել ենք ինչ-որ բան և մեր օրենսդրությունը համապատասխանեցրել ՄՄ պահանջներին: Այլապես՝ օրենքի փոփոխության գործնական իմաստ չեմ տեսնում, մեկ է՝ էլ.առևտրի հաշիվը չի վարվում»:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով՝ էլ.առևտրի թույլատրվող շեմը պետք է բարձրացվեր, ոչ թե իջեցվեր և դա բացասական կազդի ոլորտի վրա:
«Էլեկտրոնային առևտրի խնդիրը մեզ մոտ անհատի առևտուրը չէր, այլ բիզնեսի առևտուրն էր: Այս փոփոխությունն, ակնհայտ է, որ ի օգուտ խոշոր օլիգարխ ներմուծողների է արվում, քանի որ էլ.առևտրի միջոցով մարդը կարողանում է իր ուզած որակի ապրանքը բերել և օգտագործել, իսկ երբ օլիգարխն է բերում, ապա բերում է անորակը ու մարդիկ ստիպված դա են գնում: Մարդիկ պետք է կարողանան որակյալ ապրանք գնել: Մենք առաջարկություն էինք արել կառավարությանը իրական էլ.առևտուրը զարգացնելու համար: Խնդիրն այն է, որ բիզնեսը կարողանա ներմուծել և արտահանել էլեկտրոնային եղանակով, այդպիսով՝ կրճատելով մաքսային բրոքերների ծառայության համար արվող ծախսերը»: