
ՌԴ-ը հայց է ներկայացրել ԵՄ-ի դեմ՝ կապված Երրորդ էներգոփաթեթի հետ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմնակերպություն (ԱՀԿ)՝ կապված ԵՄ-ի կողմից այսպես կոչված Երրորդ էներգոփաթեթի կիրառման հետ:
Ռուսական կողմը կարծում է, որ փաստաթղթի դրույթները խախտում են ԱՀԿ-ում ԵՄ-ի պարտավորությունները, հակասում են շուկա ազատ մուտքի ու խտրականության արգելքի հիմնարար սկզբունքներին:
Երրորդ էներգոփաթեթի համաձայն, գազ արդյունահանող ընկերություններին արգելվում է լինել ԵՄ-ի մատակարարներ, այսինքն հանդիսանալ Եվրոպայում առկա խողովակաշարերի սեփականատերեր: Ընկերությունները պարտավոր են կա՛մ ԵՄ-ին վաճառել իրենց ակտիվները, կա՛մ էլ ԵՄ-ում գործող անկախ ընկերությունների վաճառել խողովակաշարերի օգտագործման իրավունքը:
Ռուսական կողմը հայտարարել է, որ Երրորդ էներգոփաթեթը խոչընդոտներ է ստեղծում ԵՄ-ին ռուսական գազի կայուն մատակարարումներ ապահովելու համար, ինչպես նաև սպառնալիքի տակ է դնում տրանսպորտային նոր ենթակառուցվածքների կառուցումը, ինչպիսին, օրինակ, «Հարավային հոսք» գազատարի կառուցումն է: