«Հիմա ձեզ միանգամի՞ց սպանենք, թե՞ ցանկանում եք տանջվել՝ նոր»

ԱԺ երեկվա նիստը հիշեցնում էր «Անապատի սպիտակ արևը» ֆիլմից հենց այս միտքը՝ ուղղված ընկեր Սուխովին: Հիմա ՀՀԿ-ն մեծահոգաբար նույն հարցը մեզ է տալիս՝ ՀՀ քաղաքացիներիս՝ միանգամի՞ց սպանենք ձեզ (կառավարության ողջ կազմը միանգամի՞ց հրապարակենք, Գալուստ Սահակյանին էլ՝ վրադիր), թե՞ նախարարներին ներկայացնենք երեք առ երեք, Գալուստ Սահակյանի նշանակումն էլ ձգձգենք (այսինքն՝ տանջենք՝ նոր):

Մի օր փոքրիկս մսուրից տուն եկավ՝ գրպանում մի թուղթ. հրավեր էր` մասնակցելու «Միսս Մալաթիա» նրբագեղության մրցույթին: Տանը սրամտեցինք, ուրախացանք, թուղթն էլ, բնականաբար, նետեցինք աղբարկղ:

Սակայն գավառական մակարդակի նման մրցույթները կրկնում են այն, ինչ տեղի է ունենում պետության մասշտաբով. ԱԺ նախագահի, դրանից առաջ՝ վարչապետի, դրանից առաջ՝ ՀՀ նախագահի պաշտոններում առաջադրվում են թեկնածուներ, որոնք գուցե Մալաթիայի (այն Մալաթիայի, որը Բանգլադեշի հարևանությամբ է) մասշտաբով կարող են փոքրիկ մի համատիրություն ղեկավարել, սակայն հանդգնում են առաջին երեք պաշտոններին:

Աստվածաշունչը, ճիշտ է, երկար, առանց գունավոր նկարների մի գիրք է, շատերս ենք ծուլանում ընթերցել, սակայն այնտեղ կա մի շատ կարևոր միտք: Հնչում է այսպես. «Ծանի՛ր զքեզ», այսինքն՝ ճանաչի՛ր քեզ: Այլ կերպ ասած՝ իմացիր հնարավորություններդ:

Գալուստ Սահակյանին կամ Հովիկ Աբրահամյանին կարող են առաջարկել հանդես գալ Լա Սկալայում՝ որպես անգերազանցելի բարիտոններ: Նրանք, բնականաբար, կծիծաղեն և չեն համաձայնի (թեև արդեն սա էլ դժվար է պնդել):
Լրիվ նույն տրամաբանությամբ՝ նրանք պիտի ծիծաղեին ու հրաժարվեին իրենց առաջարկված պաշտոններից, քանի որգ դե՛, չեն ձգում այդ պաշտոններին և ոչ մի կերպ:

Գալուստ Սահակյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելուց հետո, ուղղակի տխուր տպավորություն թողեց ԱԺ նախագահի պաշտոնում ինքնառաջադրված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթը: Պարոն Բագրատյանի հիմնավորումները՝ վարժ տիրապետում է հինգ լեզվի, տնտեսագիտության դոկտոր է, չափազանց հուսահատ փորձ էր՝ համոզել ներկաներին: Մարդը կարծում է, որ պաշտոն ունենալու համար պրոֆեսիոնալիզմ, լեզուների իմացություն է անհրաժեշտ:

Պատկերացնում եմ, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը որքան է ծիծաղել (իհարկե, բարեկամաբա՛ր) Բագրատյանի ելույթի ընթացքում:
Այդպես ժամանակին մի երիտասարդ քիմիկոս կար, որն իր ուսուցչի մոտ հպարտացավ, թե մի այնպիսի նյութ է ստեղծելու, որն ամեն ինչ լուծի իր մեջ: «Իսկ ինչի՞ մեջ ես պահելու այդ նյութը»,- հետաքրքրվեց ուսուցիչն, ու հարցը փակվեց: Հիմա՝ որտե՞ղ է կիրառելու իր գիտեցած հինգ լեզուները պարոն Բագրատյանը:

Տնտեսագիտական իր գիտելիքներն էլ միայն դասախոսությունների ընթացքում և կառավարությանը հարցեր ուղղելիս են պետք գալիս: Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյան պետք է գիտենա, լավագույն դեպքում, մեկ լեզու և այդ լեզվով պետք է լեզու գտնի բոլորի հետ: Հենց նման արժանիքի համար է, թերևս, երկրի նախագահն առաջարկում Գալուստ Սահակյանի թեկնածությունը. բրեժնևյան ոճի մեկին, որին թվում է, թե իրենից անվերջ սրախոսություններ ու հումոր են ակնկալում: Ինչն էլ, ուժերի մեծ լարումով, ապահովում է:

Բնականաբար, Սերժ Սարգսյանի կուսակիցները կքվեարկեն ոչ թե աշխարհի հետ նույն լեզվով խոսող, դինամիկ, գուցե հախուռն Բագրատյանի, այլ հենց Սահակյանի օգտին: Թեև կուլիսներում բոլորն են ապշած թե՛ վարչապետի, թե՛ ԱԺ նախագահի թեկնածություններից: Դրանից վատ ուղղակի հնարավոր չէր: Գուցե միայնգՉէ՛, ո՛չ մի դեպքում հնարավոր չէր: Իշխող կուսակցությունը՝ կադրային իր քաղաքականությամբ, հիշեցնում է զարթուցիչ քանդած տղային: Զնգացող, կտկտացող զարթուցիչը քանդում է և փորձում նորից հավաքել:

Եվ, այ քեզ զարմանք, պարզվում է, որ ամեն առավոտ զնգացող այդ սարքը բազմաթիվ ավելորդ մասեր ունի, որոնք այլևս չեն տեղավորվում պատյանի մեջ: Եվ այդ ավելորդ մասերին, ահա, ՀՀԿ առաջնորդը վստահում է երկրի համար առանցքային նշանակության պաշտոններ:

Ինչ խոսք՝ նույնքան տարակուսելի են հասարակության կողմից մերժված կառավարության արդեն հայտնի գրեթե բոլոր անդամները…
Կան մարդիկ, որոնց դեմքին ամեն ինչ գրված է:

Ի դեպ, ճիշտ է ասված՝ երեսունից հետո յուրաքանչյուրը պատասխանատու է իր դեմքի համար: Խնդիրը ամենևին էլ կանոնավոր դիմագծերը չեն, ոչ էլ ներկայանալի, մտավորականի արտաքինը: Օրինակ՝ Տիգրան Մանսուրյանն էլ գեղեցիկ չէ (թեև չեմ վիճի հակառակը պնդողների հետ), սակայն նրա դեմքի արտահայտությունն ասում է, անգամ պնդում է, որ այդ մարդը կյանքում կաշառք չի վերցրել: Որ նա չափազանց ազնիվ մարդ է: Կառավարության նորանշանակ անդամների, ԱԺ նախագահի թեկնածուի և, անգամ, վարչապետի դեմքին նման ինֆորմացիա չկա:

Ամենևին քաղքենիություն կամ մեր ազգային գենոտիպը ստորադասելու ցանկություն չկա, սակայն, ենթագիտակցաբար, այնպես՝ իմիջիայլոց, սկսում ես համեմատել Մեծ Բրիտանիայի վարչապետին, Ֆրանսիայի վարչապետին, անգամ Վրաստանի, Թուրքիայի վարչապետին, խորհրդարանների ղեկավարներին… Իսկ եթե մի օր նրանք հանդիպեն իրենց հայ կոլեգաների հե՞տ:

Դա հնարավոր կլինի, թերևս, մի դեպքում. եթե վերջիններս ընդունեն հայկական կողմի հրավերը՝ ներկա գտնվել «Միսս Մալաթիա» գեղեցկության և նրբագեղության մրցույթին՝ առնվազն՝ իբրև հանդիսատես:

Տեսանյութեր

Լրահոս