Բաժիններ՝

Փնտրվում է դատավոր, և փնտրողը ես եմ՝ Սմբատ Արունյանը

Խոսքը վերաբերում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի սահմանած ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին՝ գրականության բնագավառում, որին այս տարի մասնակցել եմ և պնդում եմ, որ իմ ներկայացված ութ օրինակ գրքերից ո՛չ մեկը չի ընթերցվել: Ո՛չ մի թերթ: Ո՛չ մի տեղեկություն չեմ ստացել մրցույթի ավարտի կամ դադարեցման մասին, և գրքերը այնտեղ էլ կփտեին, եթե նախաձեռնություն չցուցաբերեի դրանք հետ ստանալու: Բայց ստացա, ասես հենց տպագրատնից:

Հիմա բոլոր գրքերը ինձ մոտ են: Ո՛չ վաճառքի եմ հանել, և ո՛չ էլ շնորհանդես է եղել: Իսկ նրանց, ում նվիրել եմ, խնդրել եմ վերադարձնել` բացառելու հնարավոր աճպարարությունները: Ո՛չ մի կայքում և ո՛չ մի տպագրատանը էլեկտրոնային տարբերակը չկա արդեն… Բացառությամբ՝ Ազգային գրադարանի և Գրապալատի օրինակների. գո՞ւցե գողանաք այնտեղից, որպեսզի փրկեք ձեր պատիվը, մրցութային հանձնաժողովի հարգելի՛ անդամներ…

Ո՜վ մանրածախ (թե՞ մեծածախ) հանձնաժողով ու կիսակարկառո~ւն գրականագետներ, գիտեցե՛ք, որ սա ի՛մ հողն է, և ստեղծագործությունս իմ նվիրումն է ազգին, հարցնելու իրավունքն էլ իմն է: Եվ ես հարցնում եմ: Ի՞նչ թեմա, ի՞նչ նյութ է արծածում իմ գիրքը…

Ո՞վ է կարդացել… Ի՞նչ հանձնաժողով… ՀՀ նախագահի անվան ի՞նչ… Ձեզանից մեկը տղամարդկություն ունենալո՞ւ է ներողություն խնդրելու… հարգու՞մ է իր անձը… կարո՞ղ է հրապարակավ ապացուցել հայոց լեզվի իր իմացությունը, վերլուծելու ունակությունն ու ոչ բաժակաճառային վերաբերմունքը արվեստին և վերջինիս հետ հարաբերվելու իր ոչ պատահական գոյությունը…
Տեղին է մեջբերել մի հատված վերոհիշյալ մրցանակին ներկայացված իմ գրքից, որը դուք չեք կարդացել.

Կարդացեք նաև

«…Բայց դու մի՛ տխրիր, դու մի՛ վշտանա, որովհետև զարմանազան տաղավարներում իրենց ցուցանող, իրենց եղած ու չեղած կուսությունն ու կայսրությունն աճուրդի հանած, երջանիկ ապագա, ձև ու ապահովություն փայփայող ու գտած շամիրամների անկուշտ ու տրտում էգը հար ու անդադար որոնելու է քեզ, քեզ գտնելու և քո ոտքերի տակ փռելու է ոչ միայն իր տեղեկացված տղամարդու ու նրա հերոս անցյալի զոհողությունների գնով կառուցած ամրոցներն ու թագավորությունը, այլև մի գիշեր քո որձ հոտի ու արյունռուշտ կրքի մեջ խարկվելու անդիմակայությունից` նզովվելով երկրպագելու է նրան, ով քե՛զ է ստեղծել, որպես Արա…

Դու մի՛ տխրիր ու մի՛ վշտանա և խառնի՛ր քո հղկված արյունը նրանց անապատային սովին ու կշտացրո՛ւ նրանց կարոտաբաղձ մարմաջը, և նրանց կատվային, անհագուրդ ու գրգռիչ ձայներգումի մեջ մորթի՛ր տիեզերքի վերարտադրությունը. տրվի՛ր նրանց փաղաքշանքներին, հանձնվի՛ր նրանց խոնարհ ու հեզագեղ նայվածքների տակ թաքնված` իրենց դժբախտ իգության վրեժին, որ իրենց երեխաներին, այդ երեխաներին հորից առավել սիրող կնոջ դեմ է. քո կնոջ ու մոր դեմ…

Թող խլխլեն քեզ հանուն նրանց, թող որ նրանք մատյան գնդեր ծնեն ու շարժեն անմահ տեգերը քո Նաիրյան հոգու վրա, և թող ենիչերիների պես պղծեն ու տրորեն իրենց պապերի սրբությունները, և թող խնդան քո արնաշաղախ մարմնի վրա, որովհետև սա՛ է քո հողը: Եվ եթե դեռ դո՛ւ չես Կատարյալ Գազանի զարմը, արյունակիրն ու ստեղծը, գոնե սուզվիր քո մենության հունցերում, փակիր դռներն ու կոծկիր դարպասները և կրծիր քո արյունատար երակները և մի տուր ոչ ոքի այն, ինչը ի վերուստ քո՛նն է. որովհետև սա քո՛ հողն է…»:

Սմբատ Արունյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս