Ճգնաժամ խորհրդարանում
Քիչ առաջ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բոլոր խմբակցություններին և հաշվիչ հանձնաժողովի անդամներին հրավիրում է իր սենյակ՝ խորհրդակցության։ Պատճառն այն է , որ հաշվիչ հանձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Իշխան Խաչատրյանը հայտարարել է, որ բոյկոտում է հանձնաժողովի գործունեությունը և մտադիր է չմասնակցել դրա աշխատանքներին։
Նշենք, որ վաղն առավոտյան պետք է տեղի ունենա ԱԺ նախագահի ընտրությունը։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ԱԺ նախագահի ընտրությունները կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը։ Նստաշրջանի սկզբում խորհրդարանը փոփոխություն կատարեց ԱԺ կանոնակարգ-օրենքում, և հաշվիչ հանձնաժողովի կազմը 7-ի փոխարեն դարձավ 11։ Ըստ այդ փոփոխության՝ հաշվիչ հանձնաժողովում 5 ներկայացուցիչ ունի ՀՀԿ-ն, 2 ներկայացուցիչ՝ ԲՀԿ-ն, և մեկական ներկայացուցիչ՝ մյուս 4 խմբակցությունները։ Սակայն խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին հանձնաժողովի ձևավորման այդ կարգը, ինչի արդյունքում հանձնաժողովը 11-ի փոխարեն ունեցավ ընդամենը 6 անդամ (5-ը ՀՀԿ-ից, 1-ը`ՕԵԿ-ից)։ Այսօր ՕԵԿ ներկայացուցիչները ՀՀԿ-ականներին տեղեկացրել են, որ իրենց խմբակցությունը ևս հրաժարվում է մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Արդյունքում ստացվում է, որ հանձնաժողովն այս պահին ունի 5 անդամ։ Այսինքն՝ գործելու համար չունի քվորում։
Մեր տեղեկություններով՝ Շարմազանովը խմբակցությունների ներկայացուցիչներին զգուշացնելու է, որ եթե նրանք շարունակեն բոյկոտել հաշվիչ հանձնաժողովի գործունեությունը, ապա ՀՀԿ-ն պատրաստ է նոր արտահերթ նիստ գումարել և նոր փոփոխություն կատարել հանձնաժողովի ձևավորման կարգի մեջ. այնպիսի փոփոխություն, որը հնարավորություն կտա ՀՀԿ-ին միայնակ կազմակերպել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի գործունեությունը։