
Թուրքական նավատորմը համալրվել է ծովային պարեկության 5 ինքնաթիռով

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է «Մելթեմ – 2» նախագծի իրագործումը, որն առնչվում է Թուրքիայի ռազմածովային ուժերին պարեկային ինքնաթռիներով ապահովելուն: Ծրագրի մեկնարկը տրվել է 10 տարի առաջ:
Դրա շրջանակներում Թուրքիայի ռազմածովային ուժերը ստացել են C235 տիպի 5 ծովային պարեկային ինքնաթիռ: Պլանավորված է, որ նրանք վերջին 6-րդ ինքնաթիռը կստանան հունիսին: Այդ ինքնաթիռներն ունակ են ծովում հետևել 200 նավի: Բացի այդ, ինքնաթիռները կարող են գործածվել հակառակորդի սուզանավերը հայտնաբերելու ու ոչնչացնելու համար:
Երեք կողմից ծովերով շրջապատված Թուրքիան շարունակ իրագործում է նոր նախագծեր՝ ադ ծովերում իր անվտանգությունն ու ազդեցությունը մեծացնելու համար:
Թեև «Մելթեմ – 2» նախագիծն իրենից ենթադրում է պատրաստի տեխնիկայի գնում, այնուամենայնիվ դրանում թուրքական մասնաբաժինը հասնում է 35 տոկոսի: Նախագծի իրագործմանը մասնակցել են թուրքական Havelsan, Aselsan և TUSAŞ ընկերությունները, որոնք մշակել և պատրաստել են կարևոր պահեստամասեր: