Արթուր Բաղդասարյանն ազատություն է ուզում

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր ԱԱԽ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական տալու և ՕԵԿ-ի` իշխող քաղաքական կոալիցիան լքելու և ընդդիմություն դառնալու մասին` ավելացնելով. «Որոշումների ազդեցության գործընթացում քաղաքական կոալիցիաները պետք է ունենան եթե ոչ համաչափ, ապա գոնե որոշիչ դերակատարում: Երկրի զարգացման ռազմավարական հարցերում մեզ չի հաջողվել մեր մոտեցումները դարձնել իրականություն: Երկրի` ռազմավարական ազդեցություն ունեցող պետական պաշտոններում` ԱԺ նախագահի չորս փոփոխություն և երեք անգամ` վարչապետի, մեզ հնարավորություն չի տվել նման կենսական որոշումների կայացման գործընթացին ունենալ ազդեցություն, և մենք որոշել ենք ապագայի մեր ճանապարհը: Ուզում եմ հայտարարել, որ քաղաքական դաշտում մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում, մենք առաջարկում ենք ապագայի մեր օրակարգը»:

Նա հայտարարեց, որ ՕԵԿ-ը նախկինի պես վճռական է լինելու` իր հռչակած սկզբունքներին հավատարիմ լինելու և հռչակած ծրագրերն իրագործելու հարցում: Նաև չմոռացավ շնորհակալություն հայտնել նրանց, ում հետ աշխատել է վերջին վեց տարիներին, և նաև «ԶԼՄ-ներին ու հայրենիքի ճակատագրով մտահոգ լրագրողներին` իրենց վերաբերմունքի, և´ բարի խոսքերի, և´ քննադատությունների համար»:

Արթուր Բաղդասարյանը ընգծեց` «մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք, որը մեր ժողովրդին առաջարկում է մի նոր ծրագիր»:

««Օրինաց երկիրը» 2008 թ. մտել է քաղաքական կոալիցիա ժողովրդի համար` կասեցնելով մեր երկրում զանգվածային արյունահեղությունը ու արտաքին թշնամու վտանգը, և այսօր էլ մենք կոալիցիայից դուրս ենք գալիս նորից ժողովրդի համար, ինչո՞ւ, որովհետև մենք ունենք մոտեցումներ, ծրագրեր, որոնք չենք կարողանում իրականացնել` ելնելով մեր փաստացի դերակատարումից»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկը հարցրեց` դա հասկանալու համար վեց տարի՞ էր անհրաժեշտ:

«Ես սպասում էի այդ հարցին: Գիտեք, վեց տարվա ընթացքում փոխվել է ԱԺ չորս նախագահ, երրորդ անգամ փոխվում է վարչապետը: Դրել ենք 36 օրենքի նախագիծ: Բոլորը խոսում են սուպերմարկետների վերաբերյալ օրենքի մասին, մենք վեց տարի չենք կարողանում այդ օրենքն անցկացնել: Պաշտոնական վիճակագրությամբ` միայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին հազարից ավելի մանր խանութ է փակվել… Ի՞նչ է սա նշանակում, չե՞նք քննարկել, իհարկե, քննարկել ենք, տասնյակ հայտարարություններ են եղել: Երբ առաջարկել են տարբեր լուծումներ, մենք առաջարկել ենք մեր մոտեցումը: Ինչո՞ւ անցած տարի նախագահական ընտրություններում աջակցեցի Սերժ Սարգսյանին, որովհետև մարդու հետ անցել ենք ճանապարհ և մտածել ենք` անցավ էս հինգ տարին, հիմա սկսվել է երկրորդ հինգ տարին` իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և մենք կարող ենք մեր մոտեցումները ավելի վճռական ուժով կյանքի կոչել: Բայց ես ազնիվ եմ ասում` գնահատելով կատարված աշխատանքը` մենք տեսնում ենք, որ որոշումների վրա չունենք այն ազդեցությունը, որի համար մտել ենք այս կոալիցիա… Ինձ մեկ-մեկ հարցնում են` պարոն Բաղդասարյան, վեց պատգամավորներով հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն: Իսկ ես պատասխանում եմ` բայց չէ՞ որ մենք վեցը չենք եղել, եղել ենք յոթանասունվեցը, մենք եղել ենք քաղաքական կոալիցիա: Թե՞ մտածում եք` վեցը կարելի է հաշվել այն դեպքում, երբ անհրաժեշտ է, իսկ երբ բյուջեն է քվեարկվում յոթանասուն ձայնով, իսկ երբ բազմաթիվ վիճահարույց քվեարկություններ կյանքի են կոչվում ՕԵԿ-ի քվեներով, մի՞թե մենք սա պետք է մոռանանք»,- ի պատասխան` ասաց Ա. Բաղդասարյանը:

Նա նաև ավելացրեց, որ ընդդիմադիր լինելը որևէ կերպ չի կաշկանդի իրեն` զբաղեցնելու իր նոր` ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնը:

Ա. Բաղդասարյանից նաև հետաքրքրվեցին` ՕԵԿ-ը դիմելո՞ւ է ոչ իշխանական ուժերի քառյակին` այդ ձևաչափին մասնակցելու նպատակով: Պատասխանելով նա կրկնեց իր խոսքը` չեն հավակնում զբաղեցնելու քաղաքական դաշտում որևէ մեկի տեղը:

«Մենք կաշկանդված չենք որևիցէ մեկի, որևիցէ քաղաքական ուժի հետ մեր համագործակցությամբ, և, այո´, «Օրինաց երկիրը» պատրաստակամ կլինի տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում` քառյակի հետ ցանկացած հարցի շուրջ համագործակցության… Ես կարող եմ ասել` «Օրինաց երկիրը» լինելու է մեր քաղաքական դաշտի ամենաակտիվ դերակատարներից մեկը, որքան էլ մարդիկ չարախնդան»,- նշեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը նորից վերադառնա կոալիցիա, ՕԵԿ նախագահը պատասխանեց, որ բացառում է դրա հավանականությունը, քանի որ իրենք նոր են դուրս եկել կոալիցիայից: Շարունակելով թեման` մեկ այլ լրագրող հարցրեց` հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը համագործակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ` հաշվի առնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ բարդ հարաբերությունները, ինչին ի պատասխան` ՕԵԿ նախագահն ասաց` քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան և չեն լինում:

«Երբ 2008 թ. «Օրինաց երկիրը», ես կազմեցինք քաղաքական կոալիցիա, և մենք մեր հայտարարության մեջ գրել ենք` «Օրինաց երկիրն» ունեցավ հանրային վարկանիշի էական անկում, սա փաստ է, և ես չեմ խորշում այս մասին խոսելուց… Մենք կոալիցիա ենք մտել ժողովրդի համար, էսօր էլ դուրս ենք գալիս ժողովրդի համար: Սա կարող է` ամպագորգոռ հնչի… ժողովուրդ ասելով` նկատի ունեմ ապագայի մեր տեսլականը, ինչպիսին ենք մենք ուզում… չենք ուզում, որ խանութներ փակվեն, մենք չենք ուզում, որ տեսական դասախողություններով անընդհատ փորձեն, չգիտեմ, ինչ-որ իմիտացիոն ապարանքներ կառուցել: Մենք ուզում են ռեալ արդյունքներ, արդյունքին միտված քաղաքականություն, մենք ուզում ենք պատասխանատու դիրքորոշում և, ընդհանրապես, մենք ուզում ենք ազատություն,- վերջին բառի վրա մի պահ շունչ քաշելով` իր բոցաշունչ ելույթն ավարտեց Արթուր Բաղդասարյանը` անգամ արժանանալով սենյակում ներկա տասնյակ լրագրողներից մի քանիսի ծափահարություններին:- Գիտեք ինչ կա, մարդը հասկանում է առողջության և ազատության արժեքը, երբ զգում է դրա կարիքը, ամեն մի մարդ առողջության ու ազատության կարիք ունի»:

 

Տեսանյութեր

Լրահոս