Ինչու ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից. պարզաբանում է Արթուր Բաղդասարյանը

«Որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և ՕԵԿ նախագահ՝ ես այսօր, հիմք ընդունելով ՕԵԿ քաղաքական որոշումը, հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»,- այսօր ԱԱԽ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ այս հրաժարականը իսկապես վերլուծված և փաստարկված որոշում է՝ ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակից և այն զարգացումներից, որի ծիրում կանգնած է Հայաստանը:

Մինչ այդ նա խոսեց ԱԱԽ վեցամյա գործունեության մասին՝ նշելով, որ իրենց հաջողվել է կայացնել ԱԱԽ-ն: Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԽ նախագահին, ԱԱԽ անդամներին և իր գործընկերներին:

Անդրադառնալով կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ ՕԵԿ որոշմանը՝ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը դառնում է ընդդիմադիր քաղաքական ուժ: Նա ՕԵԿ այս որոշման համար 5 դրդապատճառներ նշեց, որոնցից առաջինը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր առ այն, որ նա այլևս չի հավակնում ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի պաշտոնին, և ավելին՝ որպես քաղաքական գերակայություն  է հռչակում իշխող կուսակցության հետագա որոշիչ դերակատարման ապահովումը գալիք ընտրություններում:

Կարդացեք նաև

«Կլինեն հարցեր` իսկ ի՞նչ է, դուք ենթադրում էիք, որ նախագահը երրորդ անգամ կարող է առաջադրվել: Ուզում եմ միանգամից պատասխանել` Բելառուսի և Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ, այո, Սահմանադրություն փոխելով` առաջնորդները երկարացրել են իրենց գործունեության ժամկետները: Բայց լավագույն ավանդույթը դրվեց Լեռնային Ղարաբաղում, երբ Արկադի Ղուկասյանը,լինելով ԼՂՀ նախագահ, ի տարբերություն Իլհամ Ալիևի, ոչ միայն չերկարաձգեց, այլ նաև մարդը հայտարարեց, որ երկու անգամից ավելի չի լինի նախագահ: Դրան հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի համանման մոտեցումը և ահա հաջորդեց Սերժ Սարգսյանի մոտեցումը, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր է մեր երկրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքերով` երկրորդ դրդապատճառը նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստն է, երրորդը` Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ, չորրորդը կառավարության հրաժարականն է, և հինգերորդը` նոր վարչապետի նշանակումը և նոր կառավարության ձևավորումը. «Որպես 17 տարվա կուսակցության ղեկավար` ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու,որ այս 5 գործոններն իսկապես նոր իրավիճակ բերեցին Հայաստանի քաղաքական դաշտում: Եվ այդ նոր իրավիճակով պայմանավորված` ՕԵԿ-ն ընդունեց քաղաքական որոշում` այլևս մաս չկազմելու քաղաքական կոալիցիային»: Բաղդասարյանը սրան ավելացրեց, որ իր կարծիքով` մեր երկրում կուտակվել են բազմաթիվ լրջագույն խնդիրներ, որոնց մասին իրենք բազում անգամներ բարձրաձայնել են, սակայն ՕԵԿ-ի ներկայացրած 36 օրինագծերը 6 տարիների ընթացքում այդպես էլ հավանության չեն արժանացել Հանրապետական կուսակցության և կառավարության կողմից և չեն դարձել օրենք, և ՕԵԿ-ին չի հաջողվել ունենալ վճռորոշ քաղաքական դերակատարություն, ինչը ևս կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս