Հայաստանն ու Թուրքիան բանակցում են միջնորդի միջոցով. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Նախորդ օրվա իրադարձությունների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստան-Թուրքիա հարթության վրա այնուամենայնիվ, իրադարձություններ տեղի են ունենում։ Ըստ ամենայնի, Հայաստանն ու Թուրքիան բանակցում են միջնորդի միջոցով։ Ավելի ճիշտ, ոչ թե իրար հետ են բանակցում, այլ միջնորդի հետ, ով ուղերձներ է փոխանակում երկու կողմերին։

Սերժ Սարգսյանի խոսնակը նախորդ շաբաթ քաղաքական  հայտարարություն խոստացավ Հայոց Ցեղասպանության թեմայով։ Քաղաքական շրջանակներում հասունացել էր սպասելիքը, որ Սարգսյանը ետ է վերցնելու Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից։

Ինչպես և պատշաճում է, Սարգսյանը նման մտադրության մասին, թերևս, տեղյակ Է պահել ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ռուսաստանին՝ ուրեմն, լուրը հասել է նաև Թուրքիա։ Էրդողանն էլ, իր հերթին տեղյակ է պահել, որ պատրաստվում է պատմության մեջ առաջին անգամ ուղերձ հղել Ապրիլի 24-ի թեմայով։

Եվ ահա, միջնորդները Սերժ Սարգսյանին համոզել են ստորագրությունը ետ կանչելու հայտարարություն չանել, քանի դեռ էրդողանը հանդես չի եկել հայտարարությամբ։

էրդողանի հայտարարությունից հետո էլ նման քայլ անելը կդիտվեր ապակառուցողական։ Ու որքան էլ հայկական կողմից քննադատական ուղերձներ լինեն Թուրքիայի վարչապետի ուղերձի կապակցությամբ ակնհայտ է, որ թե նրա և թե Սերժ Սարգսյանի ապրիլքսանչորսյան ուղերձները շփման եզրեր ունեն։

Էրդողանը աոաջի անգամ ցավակցություն է հայտնում Եղեռնի զոհերի հիշատակին և հարգանքի տուրք մատուցում զոհերին, իսկ Սերժ Սարգսյանն առաջին անգամ ընդունում է, որ եղել են թուրքեր ովքեր հայերին փրկել են կոտորածներից։ էրդողանը խոսում է ընդհանուր ապագա կառուցելու մասին. Սերժ Սարգսյանը ասում է, որ թուրք հասարակությունը մեր թշնամին չէ։

Այս նրբությունների ուշադիր հետազոտությունը ցույց է տալիս, որ երկու կողմերը բանակցային նախապատրաստություններ են անում, և առաջիկայում հայ-թուրքական բանակցությունների վերսկսումը անհավանական համարել չի կարելի։ Ռեջեփ Թայիփ էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձի տեքստից, ի դեպ, հստակ տեսանելի էր, որ էրդողանը և թուրքական էլիտան գիտակցում են, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը մի ինչ-որ պահի կարող է անխուսափելի լինել։ Նրանք, ինչ խոսք, ամեն ինչ անելու են, հնարավոր և անհնար բոլոր ջանքերը գործադրելու նման քայլից խուսափելու համար։ Բայց որ գիտակցում են նաև, որ դա կարող է անխուսափելի դառնալ՝ ակնհայտ է։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս