«Վաղ թե ուշ հստակություն պետք է լինի՝ պարտադիրը լինելո՞ւ է, թե՞ ոչ»

Երեկ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ կենսաթոշակային բարեփոխումների խնդրի վերաբերյալ ուշագրավ հայտարարությամբ: Կառավարության ղեկավարն իր վեցկետանոց հայտարարությամբ բոլոր խորհրդարանական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին, մասնավորապես` «Դ!ԵՄ ԵՄ» շարժմանը, առաջարկեց համագործակցել կառավարության հետ կենսաթոշակային բարեփոխումների նոր օրինագիծը մշակելու գործում:

Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ԱԺ-ի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Նա մի կողմից` նշեց, որ դրանով այս պահին օրենքի «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է, սակայն մյուս կողմից` ավելացրեց. «Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։

«Պարտադիր, բայց ոչ պարտադրված»»: «Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10-օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:
Այդուհանդերձ, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները չշտապեցին ոգևորվել Աբրահամյանի հայտարարությամբ:

“Dem Em” civil initiative holds a rally near Matenadaran«Ես այդ հայտարարության մեջ դեռ ուրախանալու ոչինչ չեմ տեսնում»,- մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Ակտիվիստը նշեց, որ չի ցանկանում հապճեպ գնահատականներ տալ, քանի որ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կետերը միանշանակ չեն, և նախաձեռնությունը դեռ պետք է մանրամասն քննարկի, վերլուծի և ճիշտ հասկանա ներկայացված առաջարկը: Դրանից հետո նոր «Դ!ԵՄ ԵՄ»-ը հանդես կգա հայտարարությամբ:

««Դ!ԵՄ ԵՄ»-ը դեռ չի շտապում գնահատականներ տալ, մենք չենք շտապում բացականչություններով, ուրախությամբ ընդունել այդ հայտարարությունը, որովհետև պետք է հասկանանք` ինչ է կատարվել: Ընդ որում, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, սա դեռ պարտադիրը չէ, ընդամենը մեկ հոդված է, որի կասեցումը նորույթ չէ. դրա կասեցումը հունվարին է եղել` Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, բայց, եթե հիշում եք, դրանից հետո էլ իրավիճակը, մեղմ ասած, հիանալի չէր»,- ավելացրեց նա:

Նոր վարչապետի «կառուցողականության» վերաբերյալ փորձեցինք պարզել նաև ոչ իշխանական քաղաքական ուժերի կարծիքը, որոնք «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ միասին դեմ էին հանդես գալիս կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքում պարտադիր դրույթին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում կարևորեց օրենքից պարտադիր բաղադրիչը հանելը:

«Ես չեմ գնահատելու և մեկնաբանելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որևէ քաղաքական գործչի կամ առհասարակ որևէ մարդու գնահատականներ կամ մեկնաբանություններ, որովհետև ամեն ինչ շատ պարզ է. կա մի իրավիճակ, իրավիճակը պիտի փոխվի, և կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր չպիտի լինի, և վերջ: Թե ով ինչ է կարծում այդ առթիվ, ես չեմ պատրաստվում մեկնաբանել կամ գնահատել: Պարտադիր բաղադրիչը պետք է չլինի: Եթե չլինի` լավ է, եթե լինի` վատ է»,- նշեց նա:

Իսկ ի պատասխան հարցին, թե ԲՀԿ-ն ընդունելո՞ւ է վարչապետի առաջարկը` համատեղ աշխատելու և հարցի լուծմանը համատեղ հասնելու համար, Ուրիխանյանն ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն կուսակցության կողմից համապատասխան դիրքորոշման հստակեցումից հետո:
Զրուցեցինք նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավորի` տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ:

Melkumyan– Պարոն Մելքումյան, ի՞նչ տպավորություն ունեք Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, ի՞նչ է սա նշանակում:

– Պետք է ասեմ, որ այս հայտարարությունը համապատասխանում է երեկ (ապրիլի 22-ին.- Ա.Ս.) քաղաքական ուժերի հետ մեր հանդիպման ձևաչափին: Երեկ մոտավորապես նույն հարցադրումներն էին, իհարկե, սա ավելի ամբողջական է: Վեց կետեր են, հիմնական հարցադրումները հետևյալն են` 1) կասեցվում են տույժերը, 2) Հանրապետությանն անհրաժեշտ են բարեփոխումներ: Մենք էլ ենք համաձայն, որ անհրաժեշտ են, բայց ոչ այս ձևով:

Փաստորեն, հաջորդ կետերում վարչապետն էլ է ընդունում, որ կենսաթոշակային բարեփոխումները «պարտադրված» պետք է չլինեն` «պարտադիր, բայց ոչ պարտադրված» սկզբունքով: Այսինքն` փորձ է արվում գտնել միջանկյալ լուծում: Երեկ էլ մենք այդ համատեքստում նկատեցինք, որ հիմա ժամանակ է պետք, որ կարողանա անցնցում անցկացնել գործող իրավական համակարգը, որպեսզի մի քայլ չանենք, հետո ստիպված լինենք նորից ուղղելու այդ սխալը:

Այսինքն` այստեղ սահմանափակումները պարտավորություններն են հիմնադրամների կառավարիչների առջև, քանի որ նրանց հետ արդեն պայմանագրեր կան: Հիմա վարչապետն, ըստ էության, ասում է, որ այդ տույժերը կասեցնելով` օրենքի «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվել է:

Սակայն խոսքը գնում է «դե ֆակտո»-ի մասին, այսինքն` սա ինչ-որ միջանկյալ փուլ է: Կարծում եմ, որ այդ հայտարարությամբ վարչապետը, բնականաբար, փորձում է լիցքաթափել կուտակված դժգոհությունը, որպեսզի դրանով իսկ ասի, որ մենք հարցի լուծման ճանապարհին ենք: Այսինքն` հարցը մեկ օրում կամ մեկ ժամում լուծելու խնդիր չէ: Որքան հասկանում եմ, իր կողմից կա ցանկություն` խնդիրը լուծելու, բայց և՛ իրավական, և՛ ՀՀ պարտավորությունների, և՛ բարեփոխումների ճակատագրի, և՛ ժողովրդի շատ շերտերի ցանկությունը հաշվի առնելու առումով` պետք է աշխատանք տարվի: Թե ինչ ժամկետներում կավարտվի այդ աշխատանքը, դժվար է ասել:

Վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է` ՍԴ-ի ներկայացրած ժամկետը, բայց որքան ես գիտեմ, վարչապետն ավելի շուտ է ուզում անել` մինչև հուլիսի 30-ը: Բայց եթե տույժերի կասեցման մասին օրինագիծն ապրիլի 28-ին բերվի Ազգային ժողով, այդ համատեքստում անպայման լայնածավալ քննարկումներ կլինեն նաև մոդելի ընտրության վերաբերյալ: Խնդիրն այն է, թե որ մոդելով պետք է առաջ շարժվեն կենսաթոշակային բարեփոխումները:

Ակնհայտ է մի բան, որ հասարակությունը, փաստորեն, դեմ է պարտադիր բաղադրիչին, և կառավարությունն էլ, կարծես թե, ցանկություն է հայտնում` հարցին դե ֆակտո լուծում տալու: Ես այս մոտեցումները դրական ֆոնի վրա եմ գնահատում: Բայց պետք է սպասենք հետագային: Հարցադրումները` հարցադրումներ, բայց պետք է տեսնենք կոնկրետ քայլերը:

– «Դ!ԵՄ ԵՄ»-ից կարծիք հայտնեցին, որ տույժերի կասեցումը դեռ պարտադիր բաղադրիչի կասեցում չէ:

– Բնական է, ես էլ եմ նույնն ասում: Ի՞նչ է նշանակում` տույժերի կասեցում: Նշանակում է, որ օրենքի ուժով պարտադրանք չկա, որ այդ վճարումն անես: Ստացվում է` եթե տույժ չկա, չես էլ վճարում:

– Մյուս կողմից` Հովիկ Աբրահամյանն ասում է, թե վստահ է, որ կենսաթոշակային բարեփոխումներն ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն բարեփոխումներն այնպես պիտի իրականացվեն, որ շահավետ լինի բոլորի համար: Արդյոք սա չի՞ նշանակում, որ պարտադիր բաղադրիչը, միևնույն է, հետագայում գործելու է:

– Դա, իհարկե, իրեն պետք է հարցնեք, թե ինչ նկատի ունի, բայց, իմ կարծիքով, նա ընդհանուր առմամբ փաստում է, որ պարտադիր բաղադրիչն օրենքով չի հանվում, սակայն դրան լուծում են գտնում: Ես էլ եմ կարծում, որ վաղ թե ուշ հստակություն պետք է լինի` պարտադիրը լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ուստի պետք է սպասենք հաջորդ քայլերին:

Հավանաբար, այսօր միայն այդքան է կարողանում ասել: Ես էլ եմ հասկանում, որ դա դեռևս լուծում չէ, լուծման ճանապարհի փնտրտուք է: Ինձ թվում է` մենք պետք է այդ ճանապարհն անցնենք, հետո նոր խոսենք վերջնական լուծումների մասին: Եթե ընդունենք, որ անցնելու ենք, օրինակ, 1 կմ ճանապարհ, ապա, իմ կարծիքով, սա դեռ 200-300 մետրն է: Ես հասկացա, որ իրենք քայլերով են ուզում գալ այդ լուծմանը: Իհարկե, սա շատ բարդ խնդիր է: Ինչ-որ պահի գալու է «կամ-կամ»-ի խնդիրը, «և-և» չի լինի:

– Վարչապետը նաև առաջարկել է բոլոր ուժերին և նախաձեռնություններին համատեղ աշխատել` հարցի լուծումը գտնելու համար, և ավելացրել է` ովքեր խուսափեն համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն իրեն: Հնարավո՞ր է` նեղացնեք վարչապետին:

– Չէ, դե, եթե երեկ գնացել և մասնակցել ենք այդ քննարկումներին, ապա որևէ խնդիր չկա: Գիտեք ինչ, «Բարգավաճ Հայաստանը» և անձամբ ես կարևորում ենք ցանկացած համատեղ քննարկում, չասեմ` աշխատանք, այդ թվում` օրենսդրական աշխատանքի, քաղաքական մոտեցումների կամ հանրային կարծիքի ձևավորման հարցերի շուրջ: Եթե դա օգուտ է տալիս մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, արտագաղթի կասեցմանը, մենք կողմ ենք: Իհարկե, այդ ամենը պետք է լինի մեր որդեգրած սկզբունքների և ծրագրերի շրջանակներում: «Բարգավաճ Հայաստանն» ունի ծրագիր, ծրագրային մոտեցումներ, և, բնականաբար, մենք չենք կարող շեղվել մեր մոտեցումներից և սկզբունքներից:

Styopa SafaryanԻսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրուցում` անդրադառնալով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, ասաց. «Ես կողմ եմ, որ նախկին կառավարության ներկայացրած օրինագծերին կողմ քվեարկած խորհրդարանական մեծամասնության և Ազգային ժողովի նախկին ղեկավարի հայտարարությունը մեկնաբանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը»:

Նաև ավելացրեց. «Հիշեցնում եմ, որ 2011-ի վերջին Հովիկ Աբրահամյանը և խորհրդարանական ողջ մեծամասնությունը կողմ են քվեարկել այն օրենքներին, որոնք ներկայացրել է նախկին վարչապետի կառավարությունը, և մենք ժամանակին անվանել ենք հակասահմանադրական: Հիմա ես ուզում եմ հասկանալ` ինչի՞ն է կողմ և ինչի՞ն է դեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կողմ է եղել»:

Vahagn Xachatryan-ReՏնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, թե իր համար խնդրին առնչվող ոլոր հարցերի պատասխանները վերջնական կլինեն, եթե մինչև սեպտեմբերի 30-ը հստակ փոփոխություններ լինեն:

«Երբ նայում ենք, թե ինչ է հուշում ՍԴ որոշումը, շատ վտանգավոր միտում կա: Այդ որոշման մեջ հստակ արձանագրվում են, որ խախտվել են մարդու իրավունքները և սեփականության իրավունքը, բայց հստակ հուշում կա, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ` պարտադիրը դարձնելով տուրք: Այսինքն, նոր հարկատեսակ է հանդես գալիս տուրքի ձևով, որը ոչնչով չի տարբերվի պարտադիր կուտակայինից, բայց կկոչվի տուրք, նախկին սոցիալական վճարների նման, որոնք պարտադիր կուտակայինի հետ կապված` միացվեցին եկամտային հարկին: Խնդիրը պետք է ամբողջության մեջ դիտարկել»,- նկատեց Վ. Խաչատրյանը:

Ըստ նրա` վարչապետի քայլը պայմանավորված է նրանով, որ ՍԴ որոշման մեջ հստակություն չկա, և դրա տարբեր մեկնաբանությունների արդյունքում կառավարությունը կարող է տույժ-տուգանքները կասեցնել, կարող է նաև չկասեցնել: Մեր հարցին, թե

ՀԱԿ-ը կարձագանքի՞ վարչապետի կոչին և կհամագործակցի՞ կառավարության հետ, Վ. Խաչատրյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը միանշանակ է` իրենք անձերի խնդիր չունեն և անձերով չեն պայմանավորում այսօր ՀՀ տնտեսական ու քաղաքական կյանքում փոփոխությունները, և պետք է տեղի ունենա ընդհանուր համակարգի փոփոխություն. «Այսօրվա ՀՀ տնտեսական հարցերի լուծումը տնտեսական եղանակներով չպետք է արվի, քաղաքական լուծում է անհրաժեշտ, և հարցը քաղաքական դաշտում է գտնվում: Թե կոչն ում է ուղղված, ես չգիտեմ: Այդ կոչը Հովիկ Աբրահամյանը պետք է ուղղեր այսօրվա իշխանությանը, ՀՀԿ-ին, որ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ նշանակեն: Իրականում ոչ մի հարց, բացի քաղաքականից, այսօր ՀՀ-ում չկա»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երեկ հայտարարել է, որ վարչապետի նոր նախաձեռնությունը չի բավարարում կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառումը կասեցնելու նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան դիմած ոչ իշխանական խորհրդարանական ուժերին: Նա նշել է, որ պարտադիր բաղադրիչը կասեցնելու հարցով հանդես գալու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը դեռևս օրակարգում է:

«Միայն տույժերի մասով (նախաձեռնությունը) չի բավարարում մեր մոտեցումները և չի բավարարում Սահմանադրական դատարան դիմելու մեր պահանջը»,- ասել է Հակոբյանը:

ՍԴ-ում քառյակի ներկայացուցիչ, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ կարծիք է հայտնել, որ առաջարկված օրենսդրական լուծումը թերի է:

«Առաջինը` խնդիրը միայն պատասխանատվության միջոցը կասեցնելուն չի վերաբերում, այլ նաև նրան, որ այն քաղաքացիները, ովքեր իրենց կամքից անկախ` զրկվել են իրենց սեփականությունը հանդիսացող աշխատավարձի մի մասից, պետք է արդյունավետորեն դրանք ետ ստանալու կամ վերականգնելու հնարավորություն ունենան, իսկ այս նախագիծը չի լուծում այդ հարցը: Նախագիծը, այնուամենայնիվ, թողնում է թեկուզ` ձևական, բայց պարտավորությունը պարտադիր կուտակային համակարգի մասով: Վարչապետի հայտարարությունն իր ոգով համապատասխանում է հանրության և «Դ!ԵՄ ԵՄ» շարժման, այդ թվում` մեր` քաղաքական ուժերի ցանկությանը, սակայն նախագիծն էականորեն հեռու է հայտարարությունը ամբողջությամբ ներառելու մոտեցումից»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս