«Մեղավոր եմ, զղջում եմ արարքիս համար». Նորածնային բաժանմունքի բուժքույրը մեղավոր ճանաչվեց

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Երևանի հիվանդանոցներից մեկի նորածնային բաժանմունքի բուժքույրը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 100 հազար դրամ տուգանքի: Նրան մեղադրանք էր առաջադրվել մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար, որի հետևաքնով տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:

Ըստ բուժքրոջն առաջադրված մեղադրանքի՝ տուժող Տաթևիկ Սիմոյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին հիվանդանոցում ծննդաբերել է և ունեցել տղա երեխա:

Ծննդաբերությունից հետո տուժողը հետծննդյան շրջանն անցկացրել է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: Ըստ մեղադրանքի՝ այդ ընթացքում տուժող մոտ ջերմություն է նկատվել, կատարվել են հետազոտություններ, բուժում. ներարկման համար նշանակվել է դեղորայք, որը պետք է կատարեր նորածնային բաժանմունքի բուժքույրը: Վերջինս, ըստ մեղադրանքի, ներարկումը կատարել է տեխնիկապես ոչ ճիշտ, ինչի հետևանքով տուժողի մոտ բարդություններ են առաջացել. տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:

Դատական նիստին այսօր չէր ներկայացել տուժողը, ով դատարանին դիմում էր գրել և հայտնել, որ երեխայի վատառողջ լինելու պատճառով արդեն քսան օր է՝ գտնվում է հիվանդանոցում և այդ պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին:

Կարդացեք նաև

Տուժողը խնդրել էր հիմք ընդունել նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները՝ հայտնելով, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի, չի առարկում դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու դեմ:

Դատական նիստի ընթացքում նործնային բաժանմունքի բուժքույրը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտնեց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում առաջարված մեղադրանքում, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ:

Դատախազը չառարկեց դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ: Դատարանը որոշում կայացրեց արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին: Դատարանը բուժքրոջ պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չարձանագրեց, պատասխանատվությունը ու պատիժը մեղմացնող, ինչպես նաև նրա անձը բնութագրող հանգամանքներ դիտվեցին այն, որ բուժքույրը երիտասարդ է, նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, զղջացել է արարքի համար:

Գործով մեղադրողը միջնորդեց բուժքրոջը մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 100 հազար դրամ տուգանքի: Բուժքրոջ պաշտպանն էլ ասաց, որ արատն անզգուշությամբ է կատարվել, դիտավորություն չի եղել: Նա խնդրեց պաշտպանյալի համար «ամենամեղմ» պատիժը սահմանել: Նորածնային բաժանմունքի բուժքույրն իր հերթին ասաց. «Մեղավոր եմ, զղջում եմ արարքիս համար»:

Դատարանը նորածային բաժանմունքի բուժքրոջը մեղավոր ճանաչեց, նրան դատապարտեց 100 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան:

Տեսանյութեր

Լրահոս