Վադիմ Դուբնով. Մոսկվան Քոչարյանին չի դիտարկում որպես Սերժ Սարգսյանին իրական այլընտրանք. 1in.am

1in.am-ը զրուցել է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, փորձագետ, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ

– Պարոն Դուբնով, հայաստանյան ներքաղաքական կյանքը բավականին կտրուկ փոփոխությունների փուլում է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, վարչապետի պաշտոնում նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Ավելի վաղ ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանները պնդում էին, որ նախկին վարչապետը չունի Կրեմլի համակրանքը, իսկ ի՞նչ կասեք Հովիկ Աբրահամյանի մասին:

– Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ  նա ունի որոշակի կապեր Մոսկվայի հետ, Կրեմլն ամեն դեպքում չունի առարկություններ նրա անձի հետ կապված, և ես  կարծում եմ, որ նա փոխընդունելի թեկնածու էր, այդ որոշման մեջ Ռուսաստանը ևս իր մասնակցությունն ունեցել է:

– Դուք Ձեր հարցազրույցներից մեկում պնդեցիք, որ Կրեմլը երկարաժամկետ ծրագրեր չի գծում Հայաստանում, չի նայում առաջ ավելի, քան երկու տարի: Ձեզ համար արդեն տեսանելի՞ են հայաստանյան ներքաղաքական կյանքի և ՀՀ-ում հաջորդ ընտրական փուլի վերաբերյալ ռուսական ծրագրերը: Այդ ծրագրերում ի՞նչ տեղ կարող է ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով շարունակում է իր ակտիվությունը հարցազրույցների և քննադատությունների տեսքով:

– Բավականին բարդ է գնահատել այն, թե Կրեմլը կաջակցի՞ ապագայում Քոչարյանին, թե՞ ոչ: Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում դեռ որևէ մեկը չգիտի, թե Քոչարյանի հետ կապված ինչ ծրագրեր կան, և ինքը Քոչարյանն ինչ ծրագրեր ունի: Նա, իմ համոզմամբ, ակտիվություն  ցուցաբերում է նրա համար, որպեսզի մենք բոլորս քննարկենք այդ հնարավորությունը: Բայց, կարծում եմ, դրա ետևում սրանից ավել ոչինչ չկա: Ես այդքան էլ չեմ հավատում նրան, որ Մոսկվան Քոչարյանին դիտարկում է որպես Սարգսյանին իրական այլընտրանք: Ես ընդհանրապես չեմ կարծում, թե Մոսկվան լրջորեն  մտածում է Սարգսյանին փոխելու մասին: Սա այն ժամանակը չէ, երբ  կարելի է փոխել ֆիգուր, ում հետ կառուցվել են հարաբերություններ, հատկապես Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության և ՄՄ-ի կայացման նախապատրաստական աշխատանքների փուլում: Այս գործին Սարգսյանը բավականին ամուր է կառչած: Բայց ես կարծում եմ, որ Մոսկվան հաշվի է առնում Քոչարյանի գործոնը բոլոր դեպքերում, քանի որ ցանկացած խաղացող պետք է դիտարկի այլընտրանքներ, անսպասելի իրավիճակներ: Ուստի, իմ կարծիքով, նա հաշվիներից դուրս չէ, բայց  դեռ ոչ ավելին:

– Հայաստանյան քաղաքական դաշտն արդեն նախապատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին, որին Սերժ Սարգսյանն այլևս չի կարող մասնակցել: Ռուսաստանն ունի՞ ընդունելի ծրագիր կամ քաղաքական դասավորություն:

– Մեկ տարուց ավելի է անցել ՀՀ-ում կայացած ընտրություններից, դրանք համարյա թե նոր են եղել:  Սարգսյանի պաշտոնավարման փուլը դեռ առջևում է: Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին այլևս պետք է դիտարկել որպես կաղացող բադի: Առջևում երեք տարիներ են, և այդ ընթացքում  շատ բան կարող է փոխվել բոլոր հարաբերություններում` հատկապես  հաշվի առնելով ուկրաինական կոնտեքստը, Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերությունները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս