«Եթե Հայաստանը չանդամակցի Մաքսային միությանը՝ անհնարին կլինի պայքարել արդարության համար և կոռուպցիայի դեմ». Վաղարշակ Հարությունյան. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանոմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործիչները բաժանվել են ռուսամետների և արևմտամետների: Ընդհանրապես Ձեզ ընդդիմադիր դաշտի ռուսամե՞տ տիրույթում եք պատկերացնում, թե՞ իշխանական:

– Ինձ թվում է՝ ես իմ դիրքորոշումը հստակ ի սկզբանե ասել եմ: Ես ընդդիմության դաշտում չեմ: Ես համարում եմ՝ Հայաստանի համար կարևորագույն հարցը, որ կապահովի բոլոր հարցերի լուծումները՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, Հայաստանի անդամակցումն է Մաքսային միությանը: Ես կողմնակց եմ այդ գծին և ոչ միայն այսօր եմ այդ մասին ասում, այլ միշտ եմ ասել, որ Հայաստանի բոլոր հարցերի լուծումը կախված է հայ-ռուսական հարաբերություններից, և կյանքը դա ցույց է տվել. և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո բոլոր տնտեսական հարցերը լուծվել են Ռուսաստանի օգնությամբ: Տնտեսության հիմքը հանդիսացող էներգետիկական, գազային հարցերը լուծվել են Ռուսաստանի օգնությամբ: Մեր տնտեսությունը մրցունակ է՝ շնորհիվ այդ քայլերի, էլ չեմ ասում՝ ռազմաքաղաքական ոլորտում:

– Պարոն Հարությունյան, խնդրում եմ հստակեցրեք՝ աջակցում եք իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության վարած քաղաքականությանը Հայաստանում:

– Նորից եմ ասում՝ իմ դիրքորոշումն է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը, և այն, ինչ որ մեր իշխանությունն անում է այդ ուղղությամբ, ես դրան եմ աջակցում:

– Իսկ իշխանությունների վարած ներքաղաքական քաղաքականությանը և՞ս աջակցում եք:

– Ես չեմ կարող ասել այս հարցում՝ այսպես, մյուսում՝ այնպես: Ես աջակցում եմ Մաքսային միությանն անդամակցությանը: Գլխավոր խնդիրը, որ թույլ կտա լուծել բոլոր հարցերը՝ տնտեսության, արդարության, Մաքսային միությանն անդամակցումն է: Եթե մենք չանդամակցենք այդ միությանը, ապա անհնար կլինի պայքարել արդարության համար, կոռուպցիայի դեմ: Պետք է լուծվի Հայաստանի տնտեսության հարցը:

– Ձեր հարցազրույցներից մեկում կարծիք էիք հայտնել, թե՝ լավ է, որ Ռուսաստանն է զենք վաճառում Ադրբեջանին, այդպիսով հնարավոր պատերազմի դեպքում զսպող գործիք կարող է լինել: Մտավախություն չկա՞ արդյոք, որ Հայաստանին լիովին «իրենով անելուց» հետո Ռուսաստանը կձգտի նաև Ադրբեջանին դեպի իրեն քաշել:

– Քաղաքականության մեջ պետք չէ կենցաղային ձևակերպումներ անել և այդ ուղղությամբ շարժվել:

Հայաստանն ինքն է ընտրել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Մենք մինչև 92թ. վարել ենք ոչ պրոռուսական քաղաքականություն, հետո երբ տեսել ենք, որ հարցեր կան, որոնք չենք կարողանում կարգավորել, ի վիճակի չենք լուծել, բնականաբար՝ ուսումնասիրելուց հետո հանգել ենք այն եզրակացության, որ մեր դաշնակիցը պետք է լինի Ռուսաստանը: Երբ վերլուծենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունները, ապա կտեսնենք՝ մենք դրական հարաբերություններ ունենք և՛ Արևմուտքի հետ, և՛ Ռուսաստանի: Ադրբեջանն էլ սկզբում գնաց այդ ճանապարհով, բայց 98 թվականին ավարտեց իր պայքարը Ռուսաստանի դեմ՝ գիտակցելով , որ Ղարաբաղում հաղթանակը Ռուսաստանի աջակցությամբ է եղել: Վրաստանը գնաց այլ ճանապարհով, արդյունքում ի՞նչ ստացվեց:

Ինչ վերաբերում է զենքին, ապա Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մասին խոսող մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը կամ արտաքին քաղաքականությունը:

Ռազմատեխնիկական համագործակցությունն ունի իր նպատակները: Դրանցից մեկը հետևյալն է՝ բարձրացնել ազդեցությունը այն պետության վրա, որի հետ այդ համագործակցությունը կազմակերպվում է։ Իհարկե, ես դեմ կլինեի, որ զենք վաճառվեր, որովհետև զենքն, անկախ ամեն ինչից, բարձրացնում է բանակի մարտունակությունը, բայց այստեղ այլ հարց կա:

Ադրբեջանը փող ունի այսօր, այն ամենը, ինչ նա վերցնում է Ռուսաստանից, վերցնում է նաև Ուկրաինայից, Թուրքիայից և այլ պետություններից, որոնք մեզ հետ որևէ կապ չունեն և մեր անվտանգության երաշխավորը չեն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս