
Հովիկ Աբրահամյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչյուսի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի վարչապետ,
Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ ջերմագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարման գործում՝ գալիք մարտահրավերները հաղթահարելու համար: Հավատացած եմ, որ հայ-լիտվական երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման ոգով»:
Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ Թամմամ Սալամի ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական և համագործակցային կապերը կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Շնորհավորական ուղերձ է հղել նաև Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին, ով պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ի շահ երկու երկրների: