
Ուկրաինան և «Արևելյան գործընկերության» մյուս անդամները կարող են ԵՄ-ին անդամակցելու հայտեր ներկայացնել. Եվրախորհրդարան

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու «Արևելյան գործընկերության» մյուս անդամներն ունեն եվրոպական հեռանկար և կարող են ԵՄ-ին անդամակցելու հայտեր ներկայացնել՝ նրա ժողովրդավարական սկզբունքները պահպանելու դեպքում:
Այս մասին նշված է այսօր Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար նիստի արդյունքներով ընդունված «Արևելյան գործընկերության երկրների վրա Ռուսաստանի ճնշումն ու Ուկրաինայի արևելքի անկայունացումը» խորագրով բանաձևում.
«(Եվրախորհրդարանը) ընդգծում է, որ Ուկրաինայի և «Արևելյան գործընկերության» մյուս երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը չի հանդիսանում ԵՄ-ի հետ հարաբերություններում վերջնական կետ և ընդգծում է, որ ԵՄ-ի հետ պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, ինչպես և եվրոպական յուրաքանչյուր այլ երկիր, ունեն եվրոպական հեռանկար և կարող են ԵՄ-ին անդամակցելու հայտեր ներկայացնել՝ ժողովրդավարության սկզբունքների պահպանման, հիմնական ազատությունների ու մարդու իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների հանդեպ հարգանք դրսևորելու և օրենքի գերակայություն երաշխավորելու դեպքում»: