Օգտակար խորհուրդներ
Քթի պլաստիկ վիրահատությունը փոխում է մարդու ձայնը
Քթի վիրահատությունը կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների: Երբեմն վիրահատվողների մոտ փոխվում է ձայնը, միաժամանակ` խոսքի որակը չի տուժում:
Գիտնականները վերլուծել են 27 մարդու (24 տարեկան 22 կնոջ և 5 տղամարդու) ձայնի փոփոխությունները: Նրանց 22 տոկոսն ուղղակի իմաստով աշխատել են ձայնով, ուստի դա նրանց համար շատ կարևոր է եղել: Մասնագետներն առանձին հավաքել են «լսողների» խումբ` հետազոտության մասնակիցների ձայները վերլուծելու նպատակով:
Ռինոպլաստիկայից հետո հիվանդները հարցաթերթիկ են լրացրել, որտեղ գնահատել են այն խնդիրները, որոնց բախվել են վիրահատությունից հետո: Բացի այդ, ձայնագրվել է նրանց ձայնը վիրահատությունից առաջ և հետո: Հարցաթերթիկների լրացման արդյունքում հիվանդները նշել են որոշ խնդիրների մասին, այդ թվում` իրենց ձայնի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը և իրենց զգացմունքային ռեակցիան դրան, հաղորդում է Meddaily-ին` վկայակոչելով Health India-ն:
Իր հերթին, հատուկ հավաքված «լսողների» խումբը հաստատել է ձայնի փոփոխության փաստը: Մասնավորապես, վիրահատությունից հետո մարդիկ սկսել են ավելի շատ «քթի մեջ» խոսել:
Բուժում ենք կրունկների ճաքերը
Հատկապես ամռանը շատերի մոտ հաճախ կրունկների ճաքեր են առաջանում: Ինչպե՞ս խուսափել դրանից: Քնելուց առաջ դրանց վրա 15-30 րոպեով կարող եք դնել եփած կարտոֆիլից պատրաստված շիլա: Նույնը պետք է կրկնել ամեն օր` մեկ ամիս շարունակ: Կարտոֆիլը մանր կտրատեք, քիչ քանակությամբ կաթի մեջ եփեք, որպեսզի միատարր շիլա դառնա: Հաստ շերտով քսեք կրունկների ճաքերին և ոտքերը ծածկեք անձեռոցիկով կամ կտորով:
Նաև կարող եք քնելուց առաջ ճաքերի վրա մեղր քսել` փաթաթելով կտորով, իսկ առավոտյան լվանալ գոլ ջրով:
Ինչպե՞ս պահպանել կարագը և յուղը
Կարագը պետք է պահել ցածր ջերմաստիճանում`պաշտպանելով հատկապես խոնավ օդից: Օդի երկարատև ազդեցությունից կարագն օքսիդանում է և ձեռք է բերում կծված տհաճ համ: Եթե ձեռքի տակ չկան համապատասխան պայմաններ` սառնարան, ապա կարագը պետք է դնել ամանի մեջ և վրան սառը ջուր ավելացնել և ամեն օր ջուրը փոխել: Կարագը պետք է պաշտպանել լույսից:
Լույսի ազդեցության տակ կարագը (նաև մարգարինը) փչանում է, ուստի պետք է պահել ոչ թափանցիկ ամանի մեջ: Եթե կարագը մի քիչ կծվել է, ապա այն պետք է դնել ջրով լի կաթսայի մեջ և լավ եռացնել, այնուհետև ջուրր թափել, պնդացած յուղը սառը ջրով լվանալ և աղ անել: Կարելի է և այլ կերպ վարվել: Սկզբում կծված կարագը լվանալ սոդայի ջրով (մեկ թեյի գդալ սոդա, 2 բաժակ սառը ջուր), այնուհետև լվանալ մաքուր սառը ջրով և լավ աղ անել:
Ճաղատ տղամարդկանց մոտ առավել մեծ է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Նոր հետազոտության համաձայն` ճաղատ տղամարդիկ առավել մեծ հակում ունեն շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու: «Daily Mail»-ը գրում է, որ գիտնականները պարզել են, որ տղամարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են շագանակագեղձի բիոպսիայի, առավել հավանական է քաղցկեղի ախտորոշումը, եթե արդեն ճաղատության հետ կապված խնդիրներ ունեն: Պատճառները դեռևս հայտնի չեն, բայց հետազոտողները կարծում են, որ դա կապված է քաղցկեղային բջիջների ավելացման հետ:
Սննդամթերք` տղամարդկանց համար
woman.delfi.ua կայքը ներկայացրել է սննդամթերքի ցանկը տղամարդկանց հորմոնի` տեստոստերոնի մակարդակը կարգավորելու համար.
Սննդամթերք, որը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը.
1. Ձուկ (մանր ծովախեցգետին, իշխան, անչոուսներ և այլն), բնական միս (առանց աճի հորմոնի օգտագործման):
2. Թարմ անմշակ մրգեղեն (դեղձ, սեխ, գազար, խաղող, լիմոն, նարինջ, պապայա, ծիրան, տանձ, արքայախնձոր, դդում, բատատ, արմավ):
3. Բանջարեղեն (բրյուսելյան կաղամբ, բրոկկոլի, նեխուր, պոմիդոր, դեղին պղպեղ, դդմիկ, սմբուկ);
4. Թարմ կանաչի (համեմ, մաղադանոս, մանանեխ):
5. Հատապտուղներ (բալ, մորի, ձմերուկ, ելակ, սև հաղարջ, նուռ, սև սալոր, սալոր):
6. Չրեր (չամիչ, խուրմա, սև սալոր, դեղձի չիր, թզի չիր):
7. Ընկույզ (հունական ընկույզ, պնդուկ, պիստակ):
8. Հացահատիկեղեն:
9. Ծովամթերք:
10. Համեմունքներ (կարմիր պղպեղ, սոխ, սխտոր, քրքում):
11. Բուսայուղեր (ձիթայուղ, քունջութի, ընկույզի):
12. Մեղր:
13. Ժենշեն, ոսկե արմատ:
14. Ցինկ պարունակող մթերք:
Մթերք, որն իջեցնում է տեստոստերոնի մակարդակը.
1. Աղ:
2. Շաքար:
3. Կոֆեին:
4. Միս, որը ստացվել է աճի հորմոնով:
5. Խոլեստերին:
6. Սոյա:
7. Գազավորված ըմպելիք:
8. Սպիտակ հաց:
9. Ֆասթ-ֆուդ:
10. Յուղոտ կաթ:
11. Մայոնեզ:
12. Ապխտած սննդամթերք:
13. Ալկոհոլ, հատկապես` գարեջուր:
Գիտնականները պարզել են տղամարդկանց ավելորդ քաշ հավաքելու պատճառը
Ամերիկյան գիտնականներն ապացուցել են, որ ուշադրության բացակայության համախտանիշով տղաներն ավելի հաճախ են հասուն տարիքում տառապում ճարպակալումից:
Ըստ «Daily Mail»-ի, գիտափորձին մասնակցել է 40-ամյա տղամարդկանց 2 խումբ: Պարզվել է, որ նման սինդրոմով տղամարդիկ 8.6 կգ ավելի ծանր են մյուսներից: Ուշադրության բացակայության համախտանիշ ունեցող խումբը կշռել է միջինը 96.6 կգ: 41%-ը տառապել է ճարպակալումից: Իսկ ահա երկրորդ խմբի միջին քաշը եղել է 88 կգ:
Գիտնականները ենթադրում են, որ հոգեբանական խանգարման և ճարպակալման միջև կապ կա: Նման սինդրոմով երիտասարդները կարող են ավելի ակտիվ լինել սնվելու հարցում և ավելի երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջև: Փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր հետևել գերակտիվ և ուշադրության բացակայության համախտանիշ ունեցող երեխաների քաշին:
Գարեջուրը` տղամարդկանց թշնամի
Ալկոհոլը փոքր չափաբաժիններով նույնիսկ օգտակար է, բայց նրա չարաշահումը, բացի հարբածությունից, կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Մարդիկ սովոր են ասել, որ ամենամեծ խնդիրներն ամենաշատ ալկոհոլ պարունակող խմիչքներն են առաջացնում: Սակայն դա միշտ չէ, որ ճիշտ է: Քիչ չեն նաև թույլ ալկոհոլային խմիչքի վնասները: Հատկապես տղամարդկանց համար թշնամի է ԳԱՐԵՋՈՒՐԸ:
Գարեջուրն իր մեջ պարունակում է ֆիտոէստրոգեն: Այս նյութը նվազեցնում է արական սեռական հորմոններից տեստոստերոնի մակարդակը, որի հետևանքով օրգանիզմում ղեկավարում է իգական սեռական հորմոն էստրոգենը, որը եղել է օրգանիզմում, սակայն երկրորդային դեր է ունեցել:
Այժմ այն խնդիրների մասին, որոնք կառաջանան գարեջրի մեծ քանակի օգտագործման հետևանքով.
Խոլեստերինի քանակի ավելացում: Նույնիսկ աննշան էստրոգենի ավելացումը տղամարդկանց մոտ հանգեցնում է խոլեստերինի մակարդակի բարձրացման: Բացի դրանից, էստրոգենը հանդիսանում է մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների և ինֆարկտի պատճառ: Միևնույն ժամանակ` էստրոգենը կանխում է «լավ խոլեստերինի» արտադրությունը, որն ավելի ճկուն է դարձնում արյունատար անոթները:
Ճարպակալում: Էստրոգենը նպաստում է, որ առաջանան առանձին ճարպային հավելվածներ, որոնք կուտակվում են կոնքի շրջակայքում: Ճարպային բջիջներն իրենց հերթին` արտադրում են էնզիմ, որը տեստոստերոնը վերածում է էստրոգենի: Դրա հետևանքով մարդու մոտ ի հայտ են գալիս ճարպային հավելվածներ, հոգնածություն, ինտիմ բնույթի խնդիրներ, դիաբետի առաջացման ռիսկի բարձրացում:
Վաղ թե ուշ էստրոգենի ավելցուկը կամ պակասը հանգեցնում է սեռական համակարգի հետ կապված խնդիրների, օրինակ` պրոստատիտի: Էստրոգենի մեծ քանակը հանգեցնում է շագանակագեղձի գերֆունկցիայի: Գեղձը սկսում է աճել և ճնշել միզուկն ու միզուղիները:
Հորմոնալ խնդիրներ: Հորմոնալ խնդիրների մասին առաջինը վկայում է տղամարդու կրծքերի չափը: Բալանսի խախտման հետևանքով կրծքերն ավելի մեծ չափեր են ընդունում: Այս դեպքում տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի փոխարեն` իշխում է էստրոգենը:
Գնալով տղամարդու օրգանիզմը սկսում է թուլանալ: Դրա հետ միասին, թուլանում է նաև սիրտը: Էստրոգենի մեծ քանակը, որը կրում է մշտական բնույթ, հանգեցնում է վաղ տարիքում տղամարդկանց մահվան: Էստրոգենի մեծ քանակն առաջացնում է նաև թրոմբներ, որն էլ հանգեցնում է ինֆարկտի:
Կոֆեինը հաճախամիզություն է առաջացնում
Կոֆեինի որոշակի քանակությունը, երկու գավաթ սուրճին համարժեք, կարող է սպառնալ տղամարդկանց առողջությանը` առաջացնելով հաճախամիզություն, նման եզրահանգման են եկել Ալաբամայի և Բիրմինգհեմի համալսարանների աշխատակիցները:
Հետազոտության արդյունքում, որն անցկացվել է 4 հազար տղամարդու շրջանում, պարզվել է, որ միջինում տղամարդիկ օգտագործում են օրական 169 մգ կոֆեին, ինչը մի փոքր ավելին է, քան պարունակում է մեկ գավաթը (125 մգ): Տղամարդկանց 13%-ը հայտնել է, որ չի կարողանում պահել մեզը, սակայն միայն 4,5%-ն է դա լուրջ խնդիր համարել:
Կամավորները, ովքեր օրական ավելի քան 392 մգ կոֆեին են ընդունել, երկու անգամ ավելի հաճախ են բախվել այդ խնդրի հետ, հաղորդում է ՀըԽ-ն: Ըստ գիտնակաների` կոֆեինը գրգռիչ ազդեցություն է թողնում միզապարկի վրա:
Գազավորված ըմպելիքն ու մակարոնեղենը վտանգավոր են տղամարդու առողջության համար
Սննդակարգում բրնձի, մակարոնեղենի և գազավորված ըմպելիքների ակտիվ առկայությունը բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Առավել մեծ վտանգ է ներկայացնում հատկապես գազավորված ըմպելիքը, եթե այն օգտագործվում է ամեն օր` մեկ տարայից ավելի:
Հետազոտության շրջանում, որն անցկացրել են Լունդայի համալսարանի շվեդ գիտնականները, ուսումնասիրվել են 45-73 տարեկան 8000 տղամարդկանց տվյալները:
Տվյալները դիտարկվել են 15 տարվա ընթացքում, կամավորները նրանց են տրամադրել իրենց օրագրերը, որտեղ ֆիքսված է եղել ամենօրյա սննդակարգը: Ըստ այդմ` նրանք պարբերաբար ենթարկվել են ուսումնասիրությունների: Այս մասին հաղորդում է «The Local» շվեդական պաբերականը:
Նրանք, ում սննդակարգում գերակշռել են բրինձն ու մակարոնեղենը, 31 տոկոսով ավելի հաճախ են տառապել շագանակագեղձի թեթև տեսակի քաղցկեղով: Նշված մթերքները չարաշահողների մոտ ռիսկը կազմել է 38 տոկոս: Օրական 330 մլ (մեկ տարա) գազավորված ըմպելիքի օգտագործումը մեծացնում է հիվանդանալու ռիսկը 40 տոկոսով, ընդ որում` խոսքը հիվանդության չարորակ տեսակի մասին է:
Պատրաստեց՝ «168 Ժամ»-ը