Աշոտ Մանուչարյան. Հանրապետական կուսակցությունն իրեն հայտարարել է հայության դեպորտացիայի հիմնական գործիք

Անկախ ամեն ինչից` երկրում կողոպուտը շարունակվելու է, սա է իշխանությունների հիմնական ուղերձը ժողովրդին: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր հրավիրված ասուլիսում այսպես բնութագրեց իշխանությունների կողմից կառավարության փոփոխությունը և նոր վարչապետի` Հովիկ Աբրահամյանի նշանակումը:

Անդրադառնալով ստեղծված նոր իրավիճակին` Մանուչարյանը զուգահեռ անցկացրեց 1988 թվականին սկսված արցախյան շարժման հետ, երբ երկրում, իր մեկնաբանությամբ, ծանր իրավիճակ էր, իսկ Մոսկվայի կենտրոնական իշխանությունը հայ ժողովրդին և շարժման գործիչներին մեղադրում էր ծայրահեղականության և անջատողականության մեջ` դիմելով տարբեր ուժային գործողությունների:

Ըստ Մանուչարյանի` այդ իրավիճակում տեղի է ունեցել անսպասելի մի բան. հանրահավաքներից մեկին ուղարկվել է նամակ`  ստորագրված երկրի կրիմինալ հեղինակությունների կողմից, որ այդ պահից սկսած երկրում որևէ կողոպուտի, գողության, հանցագործության դեպք իրենց կողմից այլևս չի լինելու, և իրենք, հաշվի առնելով երկրի և ժողովրդի ծանրագույն վիճակը, կվերահսկեն, որ ընդհանրապես որևէ հանցագործություն չլինի:

«Այսօր նույնպես մենք գտնվում ենք շատ ծանր վիճակում և, փաստորեն, ստացանք երկրորդ ուղերձը` կրկին կրիմինալից, որն այսօր արդեն իշխանություն մեջ է և զբաղված է երկրի կողոպուտով: Բայց ուղերձն այս անգամ հակառակ բովանդակությունն ուներ. անկախ այլ և այլ հանգամանքներից, որ կան երկրում, կողոպուտը շարունակվելու է: Սա է ուղերձի բովանդակությունը»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Կարդացեք նաև

Նա շարունակեց` այսօր հայությունը, 1915 թ. Ցեղասպանությունից հետո, ապրում է իր պատմության երկրորդ ողբերգությունը, քանի որ 20-25 տարի շարունակ հայությունը հեռանում է իր բնօրրանից և հայրենիքին կից տարածքներից` Մերձավոր Արևելք, Կովկաս. «25 տարի մեզ քշում են մեր հայրենիքից, այսինքն` տեղի է ունենում հայրենազրկություն, բայց հայրենազրկությունը միայն հեռանալը չէ, հայերը հեռանում են բզկտված, ասենք` հեռանում են Հայաստանից, Արցախից կամ Իրաքից, Սիրիայից, որտեղից էլ հեռանում են, հեռանում են առանձին-առանձին, ցրված` իրենց մեջ տանելով մեծ դառնություն, դադարեցնելով իրենց կապը հայրենիքի և Հայաստանի հետ»:

Հայրենազրկության մյուս տեսակը, ըստ Աշոտ Մանուչարյանի, կատարվում է սփյուռքահայության շրջանում, երբ հայրենազրկումը տեղի է ունենում մարդկանց հոգիներում. չեն ուզում որևէ կապ ունենալ իրենց հայրենիքի հետ, հայրենիք անվանեն մի երկիր, որտեղ անբարոյականություն է, կողոպուտ, խայտառակ իշխանություն և անհասկանալի մի կյանք:

«Այնպես որ` հայությունy կորցնում է ինքն իրեն: Ի՞նչ է սա, պատահականությո՞ւն, իրադարձությունների զուգադիպությո՞ւն, թե՞ կազմակերպված մի գործողություն: Եվ եթե կազմակերպված  է, ապա ո՞ւմ կողմից: Այս հարցն ունի իր պատասխանը, ես դրա պատասխանն ունեմ, բայց հիմա չեմ խոսելու դրա մասին, որովհետև մեզ պետք է, որ մարդիկ մտածեն և գան ընդհանուր պատասխանի»,- նշեց քաղաքական գործիչը:

Հարցին` արդյոք ժամանակը չէ՞ խոսել կոնկրետ անուններով, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ անուններով կարող է խոսել Հայաստանի Հանրապետության համար. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են անտանելի պայմաններ, և ժողովուրդն արտաքսվում, դեպորտացվում է երկրից: Սա էմիգրացիա չէ, սա դեպորտացիա է: Հանրապետական կուսակցությունն իրեն հայտարարել է այդ դեպորտացիայի հիմնական գործիք, և այսօր որ քաղաքական կուսակցությունը ՀՀԿ-ի հետ մտնի գործարքի մեջ, մասն է կազմելու հայերի` երկրից դեպորտացիայի համակարգին: Եթե անուններով, սա կարելի է ասել»:

168.am հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ այլևս չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին, նա պատասխանեց. «Մենք պետք է մտնենք մի հարթություն, որը Հայաստանի խարդավանքների տիրույթն է: Ես միայն կասեմ, որ «ղարաբաղյան կլանը» վարչապետի ուրիշ թեկնածուներ էլ ուներ, և զրույցներ եղել են շատ քաղաքական գործիչների` այդ թվում նաև Ձեր խոնարհ ծառայի հետ, թե ով կարող է, ով չի կարող և այլն: Եվ ինձ համար զարմանալի է, որ միակ ուղերձը, որի վրա կանգ առավ Հանրապետական կուսակցությունը և «ղարաբաղյան կլանը», այն էր, ինչ ներկայացրեցի:

Այստեղ երկակի նշանակում էր. նշանակվեց ոչ միայն վարչապետի հայտնի թեկնածուն, այլև Սյունիքում ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը: Այդ երկու նշանակումները միասին ցույց են տալիս հայ ժողովրդին, թե որն է ՀՀԿ-ի և «ղարաբաղյան կլանի» որոշումը»:

Իսկ ինչո՞ւ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը:

«Այստեղ կան բազմաթիվ հարցեր և բազմաթիվ վարկածներ` սկսած նրանից, որ վաճառքի են հանված Հայաստանի կարևորագույն պաշտոնները` վերջացրած նրանից, որ արտաքին ուժերը այս կամ այն քաղաքական գիծն են անցկացնում և դրա շրջանակում կատարում են այս կամ այն քայլը: Հիմա ես չեմ ուզում մտնել այդ ոլորտը զուտ մի պատճառով` ինֆորմացիան և ապատեղեկատվությունն այս հարցում խճճված են, և ստրատեգիական առումով` սրա մեջ մեզ համար լուծումներ չեն պարունակվում:

Մտնելով այս խարդավանքներ մեջ` մենք էական ենք հայտարարում դա, մինչդեռ այն էականը, որի մասին խոսեցի, դուրս է մնում»,- մեր հարցին ի պատասխան` ասաց Աշոտ Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս