Նեթանյահուն և Պուտինը քննարկել են Ուկրաինայի հարցը
Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է իսրայելական կողմը:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող այժմեական հարցեր, ինչպես նաև միջազգային օրակարգում գտնվող մի շարք հարցեր, այդ թվում նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
Նեթանյահուի խնդրանքով՝ Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայի դեպքերին: Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ճգնաժամի կտրուկ սրումը հանդիսանում է Կիևի անպատասխանատու քաղաքականության հետևանք, ով անտեսում է երկրի ռուսալեզու բնակչության օրինական իրավունքներն ու շահերը:
Պուտինն անթույլատրելի է համարել Կիևի ներկայիս վարչակարգի կողմից երկրի հարավ-արևելքի քաղաքացիական բնակչության դեմ ուժ կիրառելը՝ նրանց բողոքները ճնշելու համար: Նեթանյահուն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել իրենց կանոնավոր շփումները փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ իսրայելական մամուլը հայտնել էր, որ Նեթանյահուն չեղյալ է հայտարարել իր հունիսյան ռուսական այցը: