2050 թվականին Ռուսաստանի բնակչության կեսը կարող են կազմել ներգաղթյալները. զեկույց
Ռուսական Новые Известия թերթի փոխանցմամբ՝ Ազգային ռազմավարության ինստիտուտը պատրաստվում է զեկույց ներկայացնել Ռուսաստանի բնակչության ու ներգաղթյալների քանակի մասին: Փաստաթղթի նախապատրաստմանը մասնակցել են գիտական տարբեր հիմնարկների մասնագետներ:
Գիտնականները զգուշացնում են, որ ներգաղթի մակարդակը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Հետազոտողներն ընդգծում են, որ դա չի նշանակում, թե պետությունը տեղյակ չէ այդ խնդրի մասին, սակայն նրա ձեռնարկած միջոցներն ունակ են միայն վատթարացնել իրավիճակը:
Նրանք առաջարկել են այնպիսի եղանակներ, որոնք կարող են իրապես մեծացնել Ռուսաստանի բնակչության թվաքանակը և կրճատել ներգաղյթալների քանակը: Նախորդ կիրակի Սանկտ Պետերբուրգում անցկացվեց հանրահավաք, որի մասնակիցները դեմ հանդես եկան հետխորհրդային երկրներից եկածներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգի դյուրացմանը:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ «կուտակված» ներգաղթի մակարդակը մոտենում է 30 միլիոն մարդու: Նրանք ընդգծում են, որ 2000-ական թվականներին Ռուսաստան եկած ներգաղթյալների ալիքն իր էթնիկական կազմով, ավելի ցածր կրթությամբ ու որակավորմամբ, ռուսերենի թույլ իմացությամբ սկզբունքորեն տարբերվում է 1990-ական թվականներին Ռուսաստան եկած ներգաղթյալների ալիքից:
Նրանց մեծ մասն աշխատելու նպատակով Ռուսաստան են ժամանել գերազանցապես միջինասիական երկրներից: Զեկույցի հեղինակները լիովին հնարավոր են համարում, որ 2050 թվականին Ռուսաստանի բնակչության կեսը կարող են կազմել ներգաղթյալները: Ներկա դրությամբ ներգաղթյալների քանակը կազմում է 16-18 միլիոն մարդ: Մեծ թվով ներգաղթյալներ են գալիս Միջին Ասիայի երկրներից ու Չինաստանից:
Նշվում է, որ Ղրիմի միացմամբ Ռուսաստանի բնակչությունն աճեց ավելի քան 2 միլիոն մարդով, սակայն դա արմատականորեն չի ազդի ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա: Փորձագետները կարծում են, որ անհրաժեշտ են անպահաղ որոշումներ, հակառակ դեպքում Ռուսաստանին սպասվում են անկանխատեսելի հետևանքներ: