Այսօրվա ԵՄ-ն ոնց որ 2003 թվի ԵԿՄ-ն լինի. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «2003-04 թվականների քաղաքական լարված իրավիճակում, երբ Սահմանադրական դատարանը կեղծված նախագահական ընտրություններից հետո որոշում էր կայացրել վստահության հանրաքվե անցկացնելու մասին, և քոչարյանական ռեժիմը շարունակում էր ռեպրեսիաները ընդդիմադիրների նկատմամբ, օդում հարց էր կախված, իսկ ի՞նչ են այս ամենի մասին մտածում Երկրապահները, ինչպես են նրանք թույլ տալիս, որ սեփական ժողովրդի հետ այսպես վարվեն։

Հետո մամուլում լուրեր հայտնվեցին, թե առաջիկա օրերին ԵԿՄ-ն հուժկու հայտարարություն է ընդունելու։ Հայտնի էր հայտարարությունն ընդունելու օրը, տեղը ժամը։ Նախատեսված օրը ԵԿՄ վարչության նիստը հրավիրվեց, քննարկվեց, լրագրողները լարված սպասում էին, բայց վերջում պարզվեց, որ հայտարարության ընդունումը հետաձգվել է մի քանի օրով։ Հետո, այդ լարված մի քանի օրերը անցան, բայց պարզվեց, որ ԵԿՄ հայտարարության ընդունումը էլի հետաձգվում է, հետո այդ մի քանի օրն էլ անցավ, ու պարզվեց էլի է հետաձգվում։

Ու այդպես ԵԿՄ հայտարարության ընդունումը այնքան հետաձգվեց, մինչև դա դարձել էր քաղաքական և ոչ միայն քաղաքական անեկդոտների ամենասիրված թեման. ԵԿՄ-ն հայտարարություն է ընդունելու։ Թյուրիմացություններից խուսափելու համար ասենք, որ այդ հայտարարությունը մինչև օրս չի ընդունվել, չնայած այս թեմայով անեկդոտներ այլևս չեն շրջանառվում։

Որքան էլ տարօրինակ հնչի, այս պատմությունը հիշեցինք Ուկրաինական վերջին դեպքերի առիթով։ Արդեն բավական Երկար ժամանակ Ռուսաստանը Ուկրաինայում կոնկրետ գործողություններ է անում, և ամեն անգամ այս կապակցությամբ միջազգային լրատվական կայքերը բացելիս կարդում ես. ԵՄ նախարարները հավաքվում են արտակարգ ժողովի՝ Ռուսաստանի գործողությունների դեմ հակազդեցության միջոցները քննարկելու։

Դիվանագիտական աղբյուրները արտահոսք են թողնում, թե հեսա-հեսա Ռուսաստանի դեմ հուժկու պատժամիջոցներ են կիրառվելու։ Լրագրողները ժամերով թառում են ԵՄ հավաքների դոների տակ և արտակարգ ասուլիսում տեղեկանում, որ հուժկու պատժամիջոցները կիրառվել են. Պսկովի նահանգային խորհրդի սպիկերի տեղակալի ընկերոջ ե վրա շրջագայությունների վրա արգելներ են դրված։ Իսկ ավելի հուժկու պատժամիջոցների կիրառումը մնում է ԵՄ նախարարների կամ ղեկավարների հաջորդ հուժկու հանդիպմանը։

Իսկ հուժկուից հուժկու ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը Ուկրաինայում անում է կոնկրետ գործողություններ, հասնում է կոնկրետ արդյունքների, որոնցից հետո ԵՄ նախարարները կրկին հավաքում են հերթական հուժկու հավաքը և կրկին հուժկու կերպով արգելք դնում այս անգամ արդեն Մագադանի նահանգային խորհրդի սպիկերի ընկերոջ հորոխպոր տղայի վրա։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հեռախոսի վրա է նստած, զանգում ՌԴ նախագահ Պուտինի հետ մի երկու ժամ խոսում է, որից իրավիճակը չի փոխվում։

Անհասկանալի է, թե ինչ է ուզում Արևմուտքը հետխորհրդային տարածքում, եթե ուզում է գոնե հասկանո՞ւմ է, թե ինչի հետ գործ ունի։ Ուկրաինական իրադարձությունների ֆոնին էսօրվա ԵՄ-ն ոնց որ 2003 թվի ԵԿՄ-ն լինի։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս